Լրահոս
Օրվա լրահոսը

Ծակծկոց, թմրածություն, ցավ․ դաստակային թունելի համախտանիշը՝ «համակարգչային դարաշրջանի» խնդիր

Մայիս 30,2023 09:30

Նախաբազկից դաստակով դեպի ձեռքի ափն անցնող փոքրիկ ճեղքաձև տարածությունը կոչվում է կարպալ (դաստակային) թունել։ Երբ մարդը շատ ժամանակ է անցկացնում՝ աշխատելով, օրինակ, համակարգչային մկնիկով, կամ այլ կրկնվող գործողություններ է իրականացնում, որոնք անընդհատ լարում են դաստակը, ապա կարող է այտուց կամ գրգռվածություն առաջանալ այդ թունելում՝ միջնակ նյարդի ճնշման հետևանքով՝ առաջացնելով այնպիսի վիճակ, որը հայտնի է որպես կարպալ թունելի համախտանիշ։ Այս խնդիրը, ինչպես կարելի է ենթադրել, բավականին տարածված է մեր օրերում։

Որո՞նք են կարպալ թունելի համախտանիշի վաղ ախտանշանները

Սովորաբար դրանք դանդաղ են զարգանում՝ սկզբում դրսևորվելով այրոցի, թմրածության, քորի, ծակծկոցի կամ ցավի տեսքով։ Այդ զգացողությունները կարող են առաջանալ բոլոր մատներում՝ ճկույթից բացի, քանի որ միջնակ նյարդը պատասխանատու չէ ճկույթի հետ կապված ազդակների համար։ Տարօրինակ զգացողությունները կարող են բարձրանալ մինչև նախաբազուկ՝ երբեմն հասնելով մինչև ուսերը։


Հաճախ ախտանշանները սկսվում են գիշերը, քանի որ մարդկանց մեծամասնությունը քնում է ծալված դաստակներով, ինչը ճնշում է առաջացնում միջնակ նյարդի վրա։ Մարդիկ կարող են արթնանալ ձեռքերը շարժելու ցանկությամբ՝ նկատելով թմրածություն ձեռքերում և ծակծկոցի զգացողություն, որը տարածվում է դեպի ուսերը։

Համախտանիշի զարգացմանը զուգահեռ ախտանշանները սկսում են ի հայտ գալ նաև օրվա ընթացքում, հատկապես երբ մարդն այնպիսի գործ է կատարում, որը պահանջում է դաստակի ծալված դիրք, օրինակ՝ մեքենա է վարում։
Սկզբնական շրջանում ախտանշանները հայտնվում և անհետանում են, բայց ժամանակի ընթացքում սկսում են ավելի շատ անհանգստացնել և սրանալ։

Կարող են լինել նաև այսպիսի ախտանշաններ՝

  • Մատներն այտուցված են թվում, անգամ եթե արտաքինից այդպես չէ,
  • ցավն ու ծակծկոցը տարածվում է նախաբազկից դեպի ուս,
  • «շոկային» զգացողություններ են անցնում բութ մատով և ցուցամատով,
  • ժամանակի ընթացքում դաստակային թունելի համախտանիշը կարող է ազդել բռնելու, կսմթելու ունակության վրա։

Կարպալ թունելի համախտանիշն առաջացնում է մի շարք դժվարություններ՝

  • Իրերը հաճախ են վայր ընկնում մարդու ձեռքից (ձեռքերի թմրածության և մկանների թուլացման պատճառով),
  • առաջանում են դժվարություններ մանր իրերի հետ աշխատելիս, օրինակ՝ վերնաշապիկի կոճակները կոճկելիս,
  • բռունցքը սեղմելն ավելի դժվար է դառնում, քան նախկինում,
  • ծանր դեպքերում մարդը կարող է կորցնել բութ մատի հիմքում գտնվող մկանները կամ հպման միջոցով սառը տաքից տարբերելու ունակությունը։

Ե՞րբ է պետք դիմել բժշկին

Ցանկացած ժամանակ, երբ նկատում եք, որ կանոնավոր կերպով ունենում եք հիշյալ ախտանշանները, պետք է դիմել բժշկին։ Եթե բժշկական օգնության եք դիմում նախնական փուլում, ապա կկարողանաք խուսափել բուժման ավելի լուրջ մեթոդների կիրառման անհրաժեշտությունից, ինչպիսին վիրահատությունն է։

Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշի առաջացման պատճառները

Այս համախտանիշի առաջացումը կարող է կապված լինել դաստակի անընդհատ կրկնվող գործողությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, ստեղնաշարի վրա տեքստի հավաքումը, համակարգչի հետ կապված աշխատանքը և այլն։ Հատկապես վտանգավոր է, երբ դաստակները մշտապես ծալված դիրքում են։

Այս համախտանիշի զարգացմանը նպաստող ռիսկի գործոններն են՝

  • Սեռը․ կանաք 3 անգամ ավելի շատ են ենթարկվում այս համախտանիշի զարգացման վտանգին։ Դա կարող է կապված լինել այն փաստի հետ, որ կանանց մոտ դաստակային թունելն ավելի փոքր է։
  • Ընտանիքում կան այլ անդամներ, որոնց մոտ նույնպես դաստակային թունելը փոքր է։
  • Աշխատանքը, որը պահանջում է նորից ու նորից իրականացնել միօրինակ գործողություններ ձեռքերի օգնությամբ, օրինակ՝ ասեղնագործություն անելը, ստեղնաշարի, համակարգչային մկնիկի հետ աշխատելը, վարսավիրի, երաժշտի մասնագիտությունը։
  • Դաստակի կոտրվածքները կամ հոդախախտը։

Դաստակային թունելի համախտանիշի ախտորոշումը

Համախտանիշն ախտորոշվում է պացիենտի գանգատները լսելու, ֆիզիկական զննման, ինչպես նաև որոշ թեստերի օգնությամբ՝ ներառյալ նյարդի հաղորդականության արագության որոշման թեստը, տեսողական ախտորոշման մեթոդները (ռենտգեն, ՈւՁՀ, ՄՌՏ), կարող է իրականացվել էլեկտրական խթանմամբ հետազոտություն և այլն։

Կարպալ թունելի համախտանիշի բուժումը

Բուժումը կախված է ախտանշաններից և վիճակի բարդությունից․ այն կարող է ներառել՝

Կենսակերպի փոփոխությունը․ Եթե կրկնվող գործողություններն են առաջացնում այդ ախտանշանները, ապա փորձեք ավելի հաճախ անել ընդմիջումներ կամ կրճատեք այն գործողությունները, որոնց ցավեր են առաջացնում ձեռքի շրջանում։

Վարժություններ․ Մասնագետի հետ համաձայնեցրեք այն վարժությունների կատարումը, որոնք կնպաստեն մկանների ամրացմանն ու կբարելավեն նյարդի շարժը թունելում։

Անշարժացում․ Բժիշկը կարող է խորհուրդ տալ բեկակալ (շինա) կրել, որպեսզի դաստակը չշարժվի և նվազեցվի նյարդի վրա ճնշումը։ Այն կարելի է կրել նաև գիշերը՝ թմրածության ու ծակծկոցի զգացողությունից ազատվելու, ինչպես նաև միջնակ նյարդին հանգստանալու հնարավորություն տալու համար։

Դեղորայք․ Բժիշկը կարող է հակաբորբոքային դեղամիջոցներ նշանակել կամ ստերոիդների ներարկումներ՝ այտուցը նվազեցնելու համար։

Վիրահատություն․ Եթե բուժման վերոհիշյալ մեթոդները չեն աշխատում, կարող է վիրահատության անհրաժեշտություն առաջանալ, ինչը թույլ կտա մեծացնել թունելի չափսն ու նվազեցնել նյարդի վրա ճնշումը։

Ինչպես կանխարգելել համախտանիշի զարգացումը

  • Աշխատելիս հետևել ձեռքերի ու դաստակի ճիշտ դիրքին՝ դաստակը ուղիղ պահելով,
  • բեկակալ կամ բանդաժ օգտագործել՝ դաստակն ուղիղ պահելու համար,
  • խուսափել դաստակն անընդմեջ ծալելուց,
  • հնարավորինս շատ ընդմիջումներ կատարել։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝1, 2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031