Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է․ ես վստահ եմ, որ ադրբեջանցիները մի օր հետ են գնալու»․ Գեղարքունիքի մարզպետ

Հունիս 06,2023 14:06

Սոթքի հանքավայրի բաց հատվածում անվտանգային խնդիրներից ելնելով՝ աշխատանքները դադարեցվել են, հանքավայրը մասնակի աշխատում է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Մեզ մոտ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված, իրենց բնականոն կյանքով ապրում են։ Կրակոցների ինտենսիվությունն իրականում նվազել է։ Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն առաջիկա ամիսներին պետք է դադարեցվեին, բայց այս վերջերս անվտանգային խնդիրներից ելնելով՝ աշխատանքները դադարեցվել են։ Բայց փակ հանքում շարունակվում են աշխատանքները»,- ասաց նա։ Մարզպետը նշեց, որ հարկադիր պարապուրդի գնացած աշխատակիցներ կան, նրանց թիվը դեռ հստակ չգիտի։ Քննարկումներ են ընթանում, այդ մարդկանց աշխատանքի տեղավորման հարցերը լուծելու են, առաջիկայում կհանդիպեն նրանց հետ։

Կարեն Սարգսյան

Ըստ մարզպետի՝ մոնիտորինգ չեն իրականացնել՝ պարզելու մարզից արտագաղթ կա, թե՞ ոչ։ «Բայց շատ քիչ հավանական է, որ այդ խնդիրների պատճառով դուրս են գնացել։ Մենք ունենք ընտանիքներ, որ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո դուրս են եկել իրենց բնակավայրերից, մի քանի ընտանիքներ հետ չեն վերադարձել, բայց հիմնական հատվածը հետ են վերադարձել եւ ապրում են իրենց բնակավայրերում»,- ասաց նա։

Կարեն Սարգսյանը հավելեց, որ 2022 թվականի ագրեսիայի հետեւանքով վնասներ կրած բնակիչներին փոխհատուցում է տրամադրվել։ Վերականգնման ոչ ենթակա տների վերականգնման համար ֆինանսական հատկացումներ կլինեն։ Անասունները կորցրած բնակիչներին եւս գրեթե ամբողջությամբ փոխհատուցվել են կրած վնասները։

«Ի ուրախություն բոլորիս՝ մեր Զինված ուժերը կարողացել են շատ պատշաճ հակահարված տալ: Ես վստահ եմ, որ ադրբեջանցիները մի օր հետ են գնալու՝ անկախ իրենց ինժեներական ու ամրաշինական աշխատանքներ իրականացնելուց։ Չեմ կարող ասել, թե երբ է լինելու այդ օրը, բայց վստահաբար Հայաստանն իր սահմաններով լինելու է անառիկ»,- ասաց նա։

Անդրադառնալով բնակիչներին զենք բաժանելու անհրաժեշտության հարցին՝ Կարեն Սարգսյանն ասաց․ «Մարզում առաջիկայում ծրագիր կիրականացնենք, բնակավայրերում կստեղծվեն այնպիսի միջավայրեր, որտեղ բնակիչները կկարողանան ինքնապաշտպանություն իրականացնել, չտա Աստված, որ դրա անհրաժեշտությունը լինի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930