386 մլն դրամ է ուղղվել 44-օրյա պատերազմի ժամանակ, դրանից հետո տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի, այդ թվում՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով Սյունիքի որոշ բնակավայրերի բնակիչների վնասների փոխհատուցման համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Նա ասաց, որ փոխհատուցումը տրամադրվել է ինչպես անասնագլխաքանակի կորուստ ունեցող անձանց, այնպես էլ սեպտեմբերյան ագրեսիայից վնասված շենքերի սեփականատերերին, Ներքին Հանդի բնակիչներին։ Ըստ մարզպետի, 125 շահառու որպես փոխհատուցում է ստացել 7500 ոչխար, 230 խոշոր անասուններ։
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց Եվրոմիության աջակցությունից՝ պայմանավորվածություն է եղել մոտ 56 մլն դոլարի աջակցություն տրամադրել Սյունիքի մարզին, ո՞ր ուղղությամբ են դրանք ծախսվելու:
Մարզպետը պարզաբանեց, որ անցած տարի «Միասին Սյունիքի համար» նախաձեռնության համաժողովին հաջորդել է «Team Euro» նախաձեռնությունը եւ անցած տարի հաստատվել էր 55 մլն դոլար՝ ուղղված մարզի դիմադրողականության բարձրացմանը․ «Այն ներառում է ենթակառուցվածքային, սոցիալ-տնտեսական, բնապահապանական եւ այլ ծրագրեր։ Եվրոպական միության երկրների տասը դեսպաններ են ներկա եղել, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը հաստատված թիվ հրապարակեց՝ 116 մլն եվրոն ուղղվելու է Սյունիքի դիմադրողականության բարձրացմանը, եւ առնչվելու է գրեթե բոլոր ոլորտներին։ Ծրագիրն առաջիկա հինգ տարիների համար է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































