Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Պետրակով․ «Տղաները պայքարեցին, չհաշտվեցին ոչ-ոքի հաշվի հետ եւ կարողացան հաղթանակը կորզել»

Հունիս 20,2023 00:30

Եվրո 2024-ի որակավորման փուլի շրջանակներում Հայաստան-Լատվիա հանդիպման հետխաղային մամուլի ասուլիսում Լատվիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դայնիս Կազակեւիչն ասաց, որ պարտվելու պատճառներից են շոգ եղանակը եւ այն հանգամանքը, որ Հայաստանի հավաքականը մեծ ճնշում էր գործադրում։

«Իսկ ինչ վերաբերում է վերջին րոպեներին գոլ բաց թողնելուն, նշեմ, որ բավականին երիտասարդ թիմ ունենք եւ փորձում ենք երիտասարդներին էլ խաղալու հնարավորություն տալ։ Եվ  հավանաբար այդ երիտասարդ ֆուտբոլիստները այնքան էլ չեն դիմանում այդ ճնշմանը»,-մեկնաբանեց նա։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը խորին երախտագիտություն հայտնեց մարզադաշտի տրիբունաները հեղեղած ֆուտբոլասերներին եւ նշեց, որ հենց նրանք հանդիպման վերջնամասում ջերմ աջակցությամբ առաջ մղեցին տղաներին։

Անդրադառնալով ֆուտբոլիստներին, նա ընդգծեց, որ տղաները պայքարեցին, չհանձնվեցին, չհաշտվեցին ոչ-ոքի հաշվի հետ եւ կարողացան հաղթանակը կորզել, թեեւ դա շատ դժվար էր թե եղանակի տեսանկյունից, թե ֆունկցիոնալ առումով։ «Մրցակիցը շատ ինտենսիվ ֆուտբոլ էր առաջարկել եւ հիմա տղաներից ոմանք անգամ դժվարանում են քայլել»,- ասաց նա։

Aravot.am-ի դիտարկմանը, թե այս երկու հաղթանակներից հետո ֆուտբոլասերների պահանջը մարզչից ամենայն հավանականությամբ կտրուկ կբարձրանա, նա պատրա՞ստ է դրան, Ալեքսանդր Պետրակովը պատասխանեց․ «Ես մարզիչ եմ եւ այդպիսի պահանջների սովոր եմ։ Եթե ֆուտբոլասերներին դուր չգամ, իրերս կհավաքեմ ու կհեռանամ»։

Անդրադառնալով մեր հավաքականի՝ վերջին երկու խաղերում ցույց տված խաղի որակին, Պետրակովն ասաց, որ տղաները որակյալ խաղ ցույց տվեցին եւ ինքը գովել է իր ֆուտբոլիստներին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930