Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակամարտության լուծմամբ զբաղվող միջնորդ կողմերը առարկայական քայլեր չեն ձեռնարկում, որը կզսպի Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը»․ Արթուր Հարությունյան

Հունիս 28,2023 13:08

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները․ կիրառելով ԱԹՍ-ներ եւ ականանետեր՝ գիշերը Մարտունու ու Մարտակերտի դիրքերի ուղղությամբ իրականացրել է ահաբեկչական գործողություններ, որի հետևանքով ունեցել ենք անդառնալի մարդկային կորուստներ։ Այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի այսօրվա նիստում  ասաց «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը (լուսանկարում)։

«Լիակատար շրջափակումը, ուժի սպառնալիքի միջոցով Արցախն առանց հայերի թողնելու Բաքվի իշխանությունների հետեւողական քաղաքականությունը եւ ժամանակ առ ժամանակ ուժի կիրառումն ապացուցում են Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու վերջնանպատակի գոյությունը։ Ամերիկյան միջնորդությամբ բանակցային գործընթացին եւ խաղաղությանը պատրաստվելու ադրբեջանական դիվանագիտական կորպուսի հռետորաբանությանը զուգահեռ՝ Արցախում իրականացվում է ռազմական ագրեսիա, որն էլ արվում է տարածաշրջանը լարված պահելու, արցախյան հիմնահարցը հայաթափման միջոցով լուծելու հստակ նպատակով եւ քայլերի տրամաբանական հաջորդականությամբ։ Ցավոք սրտի, այս քաղաքական օրակարգի դեմ հակամարտության լուծմամբ զբաղվող միջնորդ կողմերը առարկայական քայլեր չեն ձեռնարկում՝ հարցին վերջնական եւ արդարացի լուծում տալու համար։ Հայտարարություններից զատ՝ չկա ոչ մի պատժամիջոց, առարկայական քաղաքական քայլ, որը կզսպի Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը։ Այդ պատճառով Ադրբեջանը շարունակում է ամենաթողության մթնոլորտում իրականացնել իր դավադիր ծրագիրը»,- ասաց նա։

Արթուր Հարությունյանի խոսքով՝ սրա հիմնական նպատակը Ադրբեջանի էներգառեսուրսների մասով գոյություն ունեցող պայմանագրերն են, դրանցից կախվածությունն ու թշնամու կողմից այս գործոնի օգտագործման փորձերը։ Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որում արցախահայության կենսական իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի զիջման հաշվին փորձ է արվում բավարարել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները եւ կեղծ խաղաղություն հաստատել տարածաշրջանում։

«Միջազգային դերակատարների դեպքում գուցե Արցախի ժողովրդի ճակատագիրը կարելի է երկրորդել Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածություններին, բայց այն, որ հարցի լուծումն այդ ճանապարհով հնարավոր չէ ստանալ, դա նույնպես փաստ է։ Արցախն առանց հայերի թողնելու քաղաքականությունն ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Նման պատճառով ոչ միայն չի լինելու խաղաղություն, այլեւ տարածաշրջանը մուտք է գործելու նոր էսկալացիաների եւ բախումների ժամանակաշրջան՝ իր անկանխատեսելի հետեւանքով եւ արդյունքներով, որից կարող են տուժել նաեւ մեր հաշվին զիջումների պատրաստ միջազգային դերակատարները» ,- նշեց Արթուր Հարությունյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930