Գերմանալեզու «Իսրայելն այսօր» լրատվականը բավականաչափ ուշագրավ հոդված է ներկայացրել հունիսի 30-ի համարում, որ մեր կարծիքով նոր տեսանկյուն է հրամցնում՝ նպատակ ունենալով Հայաստան-Ադրբեջան հակամարտության ողջ պատմությունը նոր շարադրանքով ներկայացնել:
Այն, որ հոդվածագիրը Իսրայելի հաղորդակցության նախկին նախարար Այոոբ Կարան (Ayoob Kara) է, առավել հետաքրքրական է դարձնում մեծածավալ հրապարակումը, որի վերնագիրն արդեն ձեւակերպում է մի կաղապար, որ առաջիկայում, ենթադրում եմ, Իսրայելն ու Ադրբեջանը կփորձեն հնարավորինս շատ շրջանառել՝ «ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի հանդեպ վարվում են այնպես, ինչպես Իսրայելի հետ են վարվում»:
Նախկին նախարարը նկարագրում է, որ հունիսի 21-ին ներկա է եղել ԱՄՆ Կոնգրեսի՝ Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի բանավեճ- քննարկմանը, որ վերնագրված է եղել «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի»: (The Tom Lantos Human Rights Commission), որը նախկինում կոչվում էր ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների խումբ (The Congressional Human Rights Caucus) երկկուսակցական մի պետական մարմին է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում- Ան. Հ.): Եւ նրա համար հստակ է դարձել այն, ինչ վաղուց գիտեր՝ Ադրբեջանն ու Իսրայելը միմյանց հետ ոչ միայն մերձավոր կապ ունեն, այլեւ աշխարհիկ, ժողովրդավարական մահմեդական պետությունը բախվում է նույն թշնամանքին, ինչն առնվազն համեմատելի է հրեական պետության դեմ պարբերաբար կիրառվող գործելակերպին:
«Որպես Իսրայելի հաղորդակցության նախկին նախարար, վրդովված էի՝ տեսնելով, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, հանրաճանաչ ամերիկացիներ ինչպես են հարձակվում Իրանի ռեժիմի դեմ Ամերիկայի ամենամեծ դաշնակցի վրա: Իսրայելին էլ քննադատեցին, քանի որ Ադրբեջանին է սատարում: Մեկը մյուսից կողմնակալ ելույթներ էին»,- գրում է նախկին նախարարը:
Կարդացեք նաև
Իսրայելին պարտադրվում է իր շահերին դեմ գնալ, եւ հզոր հայկական լոբբին հույս ունի, որ Իսրայելին կդարձնի «Ամերիկայի կամակատարը», որ իր դուդուկի տակ կպարի, գրում է «Իսրայելն այսօր»-ի հոդվածագիրը եւ շարունակում՝ «Մի ակադեմիկոս նույնիսկ խոսեց Ադրբեջանի՝ «հայերի հանդեպ երկրորդ ցեղասպանություն» իրականացնելու մասին: Սա նման է Կոնգրեսի որոշ անդամների այն կարծիքին, որ Իսրայելին մեղադրում են «պաղեստինցիների ցեղասպանության մեջ»: Ցավոք, Կոնգրեսի ոչ մի անդամ չառարկեց այս հայտարարություններին: Իսրայելն ինչպե՞ս պետք է արձագանքի այսպիսի ճնշմանը: Ես Իսրայելին խորհուրդ եմ տալիս դիմակայել ԱՄՆ-ին, կանգնել Ադրբեջանի կողքին, որ իրանական սպառնալիքի դեմ մեր ամենամեծ դաշնակիցներից է: Դաշնակիցները պետք է աջակցեն միմյանց. Ինչպես Ադրբեջանն է Իսրայելի կողքին, այնպես էլ մենք պետք է կանգնենք Ադրբեջանի կողքին՝ ընդդեմ մեր ընդհանուր թշնամիների»,- եզրափակում է Իսրայելի նախկին նախարարն իր հոդվածը:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:
Այոոբ Կարայի լուսանկարը՝ Վիքիպեդիայից:


















































