Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելն անբարոյականություն է»․ Սերժ Սարգսյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Հուլիս 07,2023 19:22

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «դիզվառելիքի գործով» դատական նիստից հետո այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե «Մադրիդյան սկզբունքներով» նախկին իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։

«Իրականությունը PR-ով փոխարինելը չարագործություն է։ Եվ եթե դրանով զբաղվում է բարձր պաշտոնյան, նա է դառնում չարիք։ Երկրորդ, սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելն անբարոյականություն է։ Իսկ այնտեղ զրպարտանքի շատ-շատ մեծ չափաբաժին կա։ Երրորդ, հոգեբաններն ասում են, որ ստախոսները ի վերջո գալիս են հասնում մի հանգրվանի, երբ իրենք են սկսում իրենց ստերին հավատալ։ Բայց կա նաեւ մի այսպիսի հուսադրող հանգամանք՝ նրանք ասում են, որ դա ստախոսության վերջին փուլն է։ Հուսով եմ, որ մենք գտնվում ենք այդ վերջին փուլում»,- ասաց նա։

Հարցին, թե այսինքն՝ գործընթացնե՞ր են սպասվում, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Իհարկե, սպասվում են, ո՞նց կարող են գործընթացներ չլինել։ Իսկ լրջորեն պատասխանել մի մարդու, ով հրապարակավ խոստովանում է, որ զինվորականները 10-ից ավելի անգամ իրեն խաբել են 44-օրյա պատերազմի ժամանակ․․․ Դուք պատկերացնո՞ւմ եք մի մարդ, ում 10 անգամ կարող են խաբել եւ ինքը դա չզգա։ Այսինքն՝ կառավարման ի՞նչ ունակություն պետք է ունենա այդպիսի մարդը կամ ինչ գիտելիք պետք է ունենա այդպիսի մարդը։ Մեր ամբողջ ողբերգության պատճառը դրանում է կայանում, ուրիշ ոչ մի բանում»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ նախկին իշխանությունները գիտեին, որ պատերազմ է լինելու, դրա համար են իրեն թույլ տվել գալ իշխանության, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Դա ինքն իշխանության գալուց հետո է իմացե՞լ։ Բա եթե դրանից հետո են իմացել, ինչո՞ւ են հղում անում 2016 թվականի իմ ասածների վրա, 2017 թվականի ասածների վրա։ Եթե իրենք իմացել են, որ այդպես է, բա ինչո՞ւ էին իրենց ճղում իշխանության գալու համար։ Ես եմ ասե՞լ՝ «կամ ես պիտի լինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չպիտի ունենա»։ Այդ մարդկանց բոլոր ասածները իմ նախորդ ասածների մեջ տեղավորվում են»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31