Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ դուռը գնում ենք՝ արդեն զզվում են մեզնից, չեն ուզում մեր երեսը տեսնեն, ասում են՝ լռեք»․ անհետ կորածների ծնողները բողոքի ցույց են անում

Հուլիս 19,2023 13:38

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր առավոտյան կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ծնողներն ասում էին, որ արդեն 3-րդ տարին է՝ որդիներից լուր չունեն։

«Արհամարհում են մեզ։ Որ դուռը գնում ենք, ոչինչ չեն անում մեր երեխաներին գտնելու համար։ 40 երեխա տարան կորցրեցին, ոչ մեկին հետաքրքիր չի մեր երեխաների ճակատագիրը»,-ասում էին ծնողները։

Նրանցից մեկը, վրդովված դիմելով Փաշինյանին, ասաց․ «Աթոռից հելի, պատասխան տուր, լափամանները թողեք, հելեք մեր երեխեքին գտեք։ Հելի ասա՝ ինչ արեցիք մեր երեխեքին։ Երեք տարի է արդեն․․․ որ դուռը գնում ենք, արդեն զզվում են մեզնից, չեն ուզում մեր երեսը տեսնեն։ Ասում են՝ լռեք, լռեք, լավ կլինի։ Ինչքա՞ն լռենք»։

Ծնողներն ասում էին, որ տեսանյութեր ունեն, որտեղ իրենց երեխաներն են․ «Փաստեր ունենք, էդ փաստերով չեն կարում պատասխան տան, մի բան անեն, չեն ուզում մի բան անեն։ Մեռանք ասելով, որ հաղորդագրություններ ենք ստանում, մարտից հետո ողջ տղերք կան անտառում, գնացեք՝ բերեք երեխեքին։ 3 տարի է՝ էս ցավի մեջ ենք, տառապում ենք»։

Ծնողները պնդում են՝ իրենց երեխաներն անհետ կորած չեն, գերեվարված են. «Պատերազմը նոր էր ավարտվել, մի քանի ծնողներ հանդիպեցին Փաշինյանի հետ։ Ծնողներն առաջարկություններ էր անում, թե ոնց կարելի է փնտրել ու գտնել երեխաներին։ Փաշինյանն ասաց՝ դո՞ւք պիտի ասեք, թե մենք ոնց աշխատենք։ Հետո մենք լռել ենք, սպասել ենք, տեսնենք, ինքը ոնց է աշխատում։ Հիմա ո՞ւր է իր աշխատածը, ի՞նչ է արվել գոնե մի անհետ կորածի համար»։

Փաշինյանի հետ հանդիպել ծնողներին չհաջողվեց, նրանք իրենց բողոքի ցույցը շարունակում են նախագահի նստավայրի մոտ, եւ կրկին հանդիպում պահանջում։

Այս պահին նրանք նախագահականի մոտ սպասում են պատասխանի։

Ծնողները վերջերս էլ ԱԱԾ շենքի մոտ էին ցույց անում։

Հիշեցնենք, ըստ հարուցված քրգործի, Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողները 2020-ի հոկտեմբերի 21-ին տեղափոխվել են Զանգելան։ Ըստ մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում Զանգելանի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, հոկտեմբերի 20-ին՝ տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել։ Գեներալը նահանջի հրաման է տվել՝ վերադառնալով Կապան։ Այս ամենի հետեւանքով 62 հոգուց բաղկացած անձնակազմը հայտնվել է հակառակորդի շրջափակման մեջ։ Շրջափակումից կարողացել են դուրս գալ միայն 22 զինծառայող, իսկ մնացած 40 զինծառայողների մի մասը հակառակորդի հարձակման զոհ են դարձել, 5-ը՝ գերեվարվել, 24-ի գտնվելու վայրն անհայտ է։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանին, պատերազմի ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանին եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31