Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖԿՍՊԻ-ում ինքնաձիգերը հայտնաբերել են բուհի աշխատակիցները նկուղները մաքրելիս

Հուլիս 19,2023 20:50

Այսօր համացանցում լուր էր տարածվել, թե Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում  զենք է հայտնաբերվել։

Տեղեկությունը ճշտելու եւ հանգամանքները պարզելու նպատակով Aravot.am-ը հանդիպեց ՀՖԿՍՊԻ ռեկտորի պարտականությունները կատարող Անժելա Նուշիկյանին։

«Օգտվելով հանգամանքից, որ հիմա բուհի պրոֆեսորադասախոսական եւ վարչական անձնակազմի մեծ մասը արձակուրդում է, որ պատրաստվում ենք երկրորդ հարկի նորոգման աշխատանքներին ու նաեւ շենքի նկուղներն ենք մաքրում, որոնք նաեւ որպես ապաստարան են ծառայելու բարեկարգումից հետո, նկուղային հարկում հայտնաբերվել է երկաթյա դուռ, որի հետեւում եղել է չհրկիզվող պահարան։ Քանի որ հայտնի չէր, թե այդ պահարանի կողպեքի բանալին որտեղ է, տնտեսական բաժնի ղեկավարն այն կոտրել է ու պարզվել է, որ պահարանում կա անհայտ ծագման չորս հատ ինքնաձիգ։ Դրա մասին անմիջապես զեկուցվել է։ Ես անմիջապես հանձնարարել եմ ֆինանսավարչական բլոկին, որպեսզի եղած գույքագրման ամբողջ ցանկով ստուգեն, թե արդյո՞ք այդ զենքն առկա է մեր մոտ, այսինքն զենքը մեր ցուցակում գրանցվա՞ծ է, թե ոչ։ Մենք ցանկով ունենք գրանցված ուսուցողական զենքեր, որոնք օգտագործվում են դասավանդման ընթացքում։ Պարզվեց, որ մեր մոտ նման զենք չունենք գրանցված։ Զենքերը հայտնաբերվել են աշխատանքային օրվա վերջին եւ դրանց մասին այսօր առավոտյան վաղ հայտնել ենք ոստիկանությանը։

Մեր հաղորդմանը ոստիկանները շատ արագ արձագանքեցին։ Կես ժամվա ընթացքում եկան, դրանք առգրավեցին։ Կազմվել է արձանագրություն։ Պետք է անցկացվի հետաքննություն, կատարվեն համապատասխան անհրաժեշտ գործողություններ՝ հասկանալու, թե դրանք առհասարակ օգտագործվել են թե ոչ։ Ընդ որում, մասնագետները նշում են, որ այդ «Կալաշնիկով» ավտոմատների վրա նշված է, որ դրանք ուսուցողական զենքեր են, ոչ թե մարտական, այսինքն, մարտական են եղել, որոնք վերածվել են ուսուցողականի»։

Տիկին Նուշիկյանը մեզ տեղեկացրեց, որ նկուղում արկղի մեջ նաեւ հակագազեր էլ են հայտնաբերվել, որոնք սակայն չեն առգրավվել։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31