Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է շտապ վավերացնի Հռոմի ստատուտը, որ դիմենք միջազգային քրեական դատարան». ի՞նչ հարցեր են քննարկել արցախցիներն արդարադատության նախարարությունում

Օգոստոս 11,2023 14:30

Արդարադատության նախարարությունում այսօր արցախցիների եւ արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանի հանդիպումից հետո «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը «Առավոտի» հետ զրույցում մանրամասներ հայտնեց։

Նրա խոսքով՝ պատերազմից երեք տարի անց Հայաստանի պետական մարմինները հիշել են, որ այս երկրում փախստականներ կան։ «Ճիշտ է, մենք չունենք փախստականի կարգավիճակ, բայց համենայնդեպս որպես փախստականներ են մեզ հետ խոսում։ Մենք կառավարության առաջ արդեն դրել ենք այն խնդիրը, որ պետք է ստեղծել մարմին, որը կզբաղվի փախստականների խնդիրներով, որովհետեւ 30 տարիների ընթացքում Հայաստանում պարբերաբար փախստականներ են հայտնվում, բայց չկա մարմին, որը պետք է զբաղվի նրանցով։ Հիմա հասել ենք այն հանգրվանին, որ ամեն նախարարություն կանչում է, մենք գնում ենք ու այս նույն բաներն ասում»,- նշեց նա։

Քարամյանն ասաց, որ այսօրվա հանդիպումն ավելի արդյունավետ էր, քանի որ արդարադատության նախարարությունում հաստատել են, որ ոչ թե առանձին հարցեր կան, այլ կա հարցերի համախումբ, որի վրա պետք է կառուցել պետական ռազմավարություն։

«Մենք բացատրեցինք, որ փախստականների խնդիրը շատ մեծ գործոն է, որը եւ արտաքին, եւ ներքին քաղաքականության մեջ շատ մեծ դեր պետք է ունենա։ Միգուցե նաեւ այս վիճակում, որում այսօր գտնվում է Հայաստանը, մեր խնդիրների վրա ռազմավարության կառուցումը կարող է միակ փրկությունը լինել Հայաստանի համար։ Ադրբեջանը շատ լավ աշխատել է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» թեզի վրա, եւ հիմա էլ արդեն ՄԱԿ-ի միջոցով մտադիր են իրենց փախստականներին բերել ու Հայաստանի շրջաններում տեղակայել։ Սա նշանակում է, որ եթե նախկինում Հայաստանի տակ էր ռումբ դրված, հիմա արդեն Հայաստանի ներսում է այդ ռումբը դրված։ Եվ Ադրբեջանի քայլերին այս իրավիճակային պատասխանները լավ բանի չեն բերելու, Հայաստանի ճակատագիրն է արդեն հարվածի տակ դրվում»,- ասաց Մարգարիտա Քարամյանը։

Նա հավելեց, որ արդարադատության փոխնախարարին ասել են, որ Ռուսաստանը երբեւցե հետաքրքրված չի եղել եւ չի լինի, որպեսզի փախստականների խնդիր քննարկվի Հայաստանում։ «Ասացինք, որ Ռուսաստանն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հանցակից է։ Երբ 35 տարիների ընթացքում փախստականներ էին հայտնվում Հայաստանում, ամեն տեղ ռուսները մասնակից էին, այսինքն՝ հենց իրենց օգնությամբ էին հայաթափվում հայաբնակ տարածքները։ Եվ Ռուսաստանն ամեն կերպ խոչընդոտելու է, որ Հայաստանում այս խնդիրը ռազմավարության տեսք չստանա։ Բայց եթե մենք անկախ երկիր ենք, այս խնդիրը պետք է լուծենք, քանի որ դրված է Հայաստանի լինել-չլինելու հարցը»,- նշեց նա։

Հանդիպման ընթացքում արցխցիները բարձրացրել են նաեւ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման անհրաժեշտության հարցը։ «Ես ասացի, որ շատ շտապ, հենց սեպտեմբերին, երբ Ազգային ժողովը գա արձակուրդից, պետք է անպայման վավերացվի Հռոմի ստատուտը։ Դա միակ փրկության օղակն է, որ մենք հիմա կարող ենք դիմել միջազգային քրեական դատարան եւ Ադրբեջանին հակահարված տալ։ Ես բարձրացրեցի հարցը, որ երեք տարի է անցել պատերազմից, բայց Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների վերաբերյալ ոչ մի քրեական գործ չի հարուցվել Հայաստանում։ Ես ավելի վաղ ասել եմ, որ պետք է քրեական գործ հարուցել, օրինակ, վարձկանների օգտագործման փաստերով»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031