Օրերս ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունեց Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին։ Նա դեմքի ուրախ արտահայտությամբ ինչ-որ համագործակցության հարցեր էր քննարկում ու լուսանկարվում: Ինչի՞ մասին են նրանք խոսում, եթե երկու տարուց ավելի է անցել 2024 թվականի փետրվարից, երբ Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը, բայց որեւէ հայց կամ հաղորդում հանցագործության մասին Միջազգային քրեական դատարան չենք ներկայացրել: Հասկանալի է մի բան՝ շոուն Հռոմի ստատուտի շուրջ շարունակվում է:
Իսկ 2023 թվականի վերջին, երբ Փաշինյանն ու թիմակիցները հող էին նախապատրաստում այս փաստաթղթի վավերացման համար, որպես հիմնական պատճառ ու նպատակ՝ նշում էին Ադրբեջանի դեմ միջազգային հայցեր ներկայացնելու հնարավորությունը, Հայաստանի ու Արցախի ժողովրդի համար անվտանգային երաշխիքների ստեղծումը: «Հռոմի ստատուտի վավերացման որոշումը կայացվեց 2022թ. դեկտեմբերին, երբ ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ եւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունն ապահովելու համար։ Այդ որոշումը որեւէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի դեմ»,- հայտարարում էր Փաշինյանը՝ 2023 թվականի սեպտեմբերին, եւ Հայաստանի ժողովրդի միամիտ հատվածը սրան հավատում էր:
«Դու մի կողմից գնում ես իրենց հետ խաղաղության պայմանագիր կնքելու, մյուս կողմից ասում ես՝ «ես քեզ դատի եմ տալու»: Դա աբսուրդ է»,- սա էլ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի մեկնաբանությունն էր «Ազատություն» ռադիոկայանին՝ նույն օրերին տրված:
Հիմա ի՞նչ կասեք՝ 2 տարի անց․ ստացվում է՝ Հռոմի ստատուտը զուտ հակառուսական քա՞յլ էր՝ եվրոպացիների հրահանգով Պուտինին նյարդայնացնելու համար: Արթուր Խաչատրյանը պատասխանում է. «Մենք ասում էինք, որ սուտ եք ասում, Հռոմի ստատուտի վավերացման թիրախն Ալիեւը չէ, դուք սրանով էս աշխարհաքաղաքական լարված իրավիճակում հերթական հակառուսական քայլն եք կատարում, որը Հայաստանին ոչ մի դրական բան չի բերի, իսկ դա նա է, ինչ եղավ: Ոչ մի ադրբեջանցի հանցագործի պատասխանատվության ենթարկելու գործողության չդիմեցին: Ավելին՝ համաձայնել են Ադրբեջանի հերթական պահանջին՝ հետ քաշել իրար նկատմամբ եղած փոխադարձ հայցերը, չնայած ի՞նչ հայց պետք է ունենար Ադրբեջանը Հայաստանի դեմ, ես չեմ պատկերացնում: Իսկ ինչքա՞ն Հայաստանն Ադրբեջանի դեմ հայցեր ուներ: Հենց թեկուզ արցախցիների ցեղասպանության դրվագով: Ուղղակի հերթական անգամ ժողովրդին խաբեցին, գնացին հակառուսական քայլի՝ դրանով էլ ավելի խորացնելով հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը, որը վերջիվերջո տեսանք, թե Մոսկվայում ինչքան հրապարակային դրսեւորվեց: Ես մեծ մտավախություն ունեմ, որ ԵԱՏՄ-ն կարող է մայիսի 28-29-ին հստակ վերջնագիր ներկայացնել, իսկ թե ինչ է նշանակում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կամ մասնակցության սառեցումը, կարծում եմ՝ շատ լավ հասկանում եք»:
Կարդացեք նաև
Պատգամավորը չի կարծում, որ մայիսի 28-29-ին ԵԱՏՄ երկրները միակողմանիորեն կդադարեցնեն մեր անդամությունը ԵԱՏՄ-ին: «Հայաստանից ապրանքը Ռուսաստան առանց մաքսի պետք է անցնի, դա ակնհայտ է, բայց չմոռանանք «Ռոսպոտրեբնադզորի», «Ռոսալկոհոլնադզորի», «Ռոսսելխոզնադզորի» մասին, որոնք արտաքին քաղաքական գործիքներ են: Մեր գյուղատնտեսական մթերքների հիմնական շուկան Ռուսաստանն է, եթե ջերմուկից բացի մեր մուրաբաները ու հյութերն արգելեն, ի՞նչ ենք անելու, որտե՞ղ ենք վաճառելու»: Ստացվում է, որ Հռոմի ստատուտի վավերացման միակ էֆեկտը Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի վատթարացո՞ւմն էր:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































