Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծիրանի ծառ» կինոփառատոնը Ուջանից տեղափոխվել է Դեբետ

Օգոստոս 18,2023 13:57

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն, այս անգամ կկայանա օգոստոսի 20-27-ը՝ Լոռու մարզի Դեբետ գյուղում: Այս մասին «Sputnik Արմենիայի» մամուլի կենտրոնում հայտնեցին կինոփառատոնի կազմակերպիչները: «Ի սկզբանե մեր փառատոնը փոփոխական հատկություն ուներ այն իմաստով, որ 2015թ հիմնադրվել է Երեւանում, հետո մտածել ենք, որ կարելի է Երեւանից դուրս գալ, ու արել ենք Երեւան-Գյումրի ձեւաչափով, որի մեջտեղում էլ կար Ուջանը: 2017 թվականից մինչեւ անցյալ տարի լրիվ Ուջանում էինք իրականացնում, գյուղական փառատոնի ձեւաչափն էինք մեզ համար որդեգրել: Անցյալ տարի հասկացանք, որ ժամանակն է՝ կրկին փոխել փառատոնի ձեւաչափը, որովհետեւ ուզում էինք քաղաքից ավելի շատ հեռանալ: Ուջանը Երեւանից հեռու է 40 րոպե, Դեբետ գյուղը՝ 2,5 ժամ, եւ հետո Ուջանից Դեբետի բնությունը շատ տարբեր է: Այդպես եւ մասնակիցների համար հետաքրքիր կլինի, եւ մեզ համար՝որպես կազմակերպիչներ», – նշեց «Ծիրանի ծառ» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արթուր Վարդիկյանը:

«Ծիրանի ծառ» կինոփառատոնի ծրագրերի տնօրենը հավելեց, որ այս տարի ավելի շատ ֆիլմեր են ընդգրկված փառատոնի ծրագրում, քան նախորդ տարիներին. «Համարյա 40 ֆիլմ ունենք՝ մոտ 15 երկրից, մեզ ուղարկված լավ ֆիլմերը շատ էին: Հյուրերից 25-ը արտասահմանից են, 10-ը Հայաստանից: Այս տարին եւ ֆիլմացանկի առումով է ամենամեծ փառատոնը լինելու, եւ հյուրերի: Բոլոր մասնակիցներն ապրելու հենց Դեբետում՝ հենց գյուղացիների տներում»:

Արթուր Վարդիկյանը՝ ներկայացնելով ժյուրիի անդամներին, ասաց, որ նրանց թվում է իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը, Ֆրանսիացի կինոռեժիսոր Վենսան Սորելը, որի՝ Արտավազդ Փելեշյանի մասին ֆիլմը «Ծիրանի ծառի» անցյալ տարվա մրցութային ծրագրում էր, ժյուրիի անդամներից երրորդն էլ իրանցի կինոպրոդյուսեր Էլահե Նոբախթն է:

Բանախոսն ընդգծեց, որ փառատոնի ծրագիրը բազմազան է՝ սկսած քաղաքական թեմաներով ֆիլմերից, վերջացած՝ փորձարարական աշխատանքներով ու պոետիկ կինոյով: Նրա խոսքով, իրենց համար կարեւորը ոչ թե ֆիլմերի ուղղվածությունն է, այլ այն, որ գեղարվեստական բարձր արժեք ունենան. «Օրինակ` ցուցադրում ենք «Մանիֆեստ» ֆիլմը, որը վավերագրական կինոյի ամենահեղինակավոր՝ Ամստերդամի կինոփառատոնում ճանաչվել է լավագույն ֆիլմերից մեկը: Դա ռուսական ֆիլմ է, մոնտաժվել է երեխաների հեռախոսներով նկարահանված տեսանյութերից: Ֆիլմը պատմում է, որ դպրոցական համակարգում մի բան այն չէ»:

Ավանդական կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերի մրցույթներից բացի՝ փառատոնում կլինեն նաև հատուկ ցուցադրություններ, մասնավորապես հայ կինոյի 100-ամյակին նվիրված ծրագիր:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031