Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախության հռչակագիրը մեր ինքնության վկայականն է, իր ուզած կադաստրի թուղթն է։ Հիմա ինքը կպել է դրանից»․ Սերժ Սրապիոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Օգոստոս 23,2023 20:43

«Սա ավագանու ընտրություն չէ։ Ոչ մի անգամ մայրաքաղաքն այսպիսի ընտրություններ չի ունեցել։ Անդունդի եզրին ենք։ Մնում է թեթև մի զեփյուռ, որ հայտնվենք անդունդում։ Այստեղ չափազանցություն չկա»,- Շառլ Ազնավուրի հրապարակում «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական արշավի մեկնարկին կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ձայն Հայրենյաց» նախաձեռնության անդամ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը։

Հանրահավաքի ժամանակ անընդհատ վանկարկում էին կուսակցության կարգախոսը՝ «Միացիր, որ փոխենք»։ Հարթակից հայտարարվեց, որ «Մայր Հայաստան» դաշինքը չի լուծում քաղաքային ավագանու հարց։ Իրենց թիրախը կենտրոնական իշխանություններն են։

Սերժ Սրապիոնյանն ասաց․ «Պապենական գիտակցությունից եկող սրբությունները ոտնատակ են տրվել՝ եկեղեցի, հայոց գիր, դպրություն, հերոսապաշտություն, մեր ամբողջ մշակութային արժեքները։ Գնացեք Ղարաբաղ ու տեսեք՝ հազարամյակների եկեղեցիները մզկիթների են վերածվել, որովհետև գողը տնից է՝ եզը երդիկից են հանում։ Մեր գլխին բերել են ավելի վտանգավոր թշնամու, քան մեր ճանաչած դարավոր թշնամին։ Եթե Երևանում  վերահաստատվում է այս խունտան, նրանց կյանքը երկարաձգվում է գուցե մի քանի ամսով, տարով, և դա լրիվ բավարար է, որ մենք վերջացնենք մեր առաքելությունը պատմության մեջ, դադարենք գոյություն ունենալուց»։

Ըստ նրա՝ դաշտ է ներդրվել կեղծ ընդդիմություն, կեղծ հայրենասիրություն, կեղծ հայկականություն։ Ըստ գրականագետի՝ սա մեր վերջին կռիվն է․ «Կշեռքի նժարի վրա է՝ կամ իրենք են լինելու, կամ հայ ժողովուրդը չի լինելու»։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առիթով, Սերժ Սրապիոնյանն ասաց․ «Անկախության հռչակագիրն այսօր է ստորագրվել։ Անկախության հռչակագիրը մեր ինքնության վկայականն է, մեր պետականության փաստաթուղթը, իր ուզած կադաստրի թուղթն է։ Հիմա ինքը կպել է դրանից»։

Սերժ Սրապիոնյանը կոչ արեց, որ բոլորը գնան ընտրությունների, «քանի որ դրանով դուք առնելու եք պետական մեքենան կիրառելու դեմը»։ Ամփոփելով՝ նա ասաց․ «Երևանի մասին չխոսող այս թիմն ամբողջությամբ Երևանը վերածելու է ոչ թե բետոնե, կմախքացող քաղաքի, այլ աշխարհի հրաշալիք համարվող քաղաքի։ Գլխով պատասխանատու եմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031