Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյան. «Ես հույս ունեմ, որ ավինյանականները եւ նրանց սատարող ուժերը չեն կարողանալու հավաքել բավարար թվով ձայներ»

Սեպտեմբեր 14,2023 17:21

Առանձնապես կարեւորելով Երեւանի ավագանու ընտրություններում ընտրությունների մասնակցության եւ ճիշտ կողմնորոշման հարցը Միասնության հարթության նախաձեռնող խումբը քննարկում էր նախաձեռնել։

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը նշեց, որ երբ քայլ առ քայլ անդունդն ենք գլորվում, այսպիսի խայտառակ իրավիճակում ենք, Արցախը ձեռքներիցս գնում է, այս պայմաններում վատ աշխատող ներկա իշխանությունների դիրքերը թուլացնելու ցանկացած հնարավորություն շատ օգտակար է, որպեսզի հնարավոր լինի հետագա քայլերն անել: Եվ բնական է՝ շատ-շատ կարեւոր է, որ ավագանու ընտրություններում նրանք ոչ թե իրենց դիրքերն ամրապնդեն, այլ էապես թուլանան, պարտվեն:

«Մենք առաջարկել էինք 13 կուսակցություններին եւ մեկ դաշինքին՝ ավագանու ընտրությունները դարձնել նիկոլականներին «ոչ» ասելու հանրաքվե: Ցավոք, կազմակերպչական առաջարկությունները, որ մենք արեցինք, երեւի ամբիցիաների կամ այլ պատճառներով, լուրջ արդյունք չտվեցին:

Մենք առաջարկել էինք նախ ստեղծել նախընտրական հզոր դաշինք բոլոր այն ուժերից, որոնք դեմ են այսօրվա իշխանություններին: Ակնհայտ է՝ ներկայումս խաբվածների քանակը գոնե մայրաքաղաքում էապես կրճատվել է, Ավինյանը 25 տոկոսից ավելի ձայն անգամ չի կարող հավաքել: Հետեւաբար, ստիպված է լինելու մտնել կոալիցիայի մեջ եւ այդ ճանապարհով իշխանությունը պահել իրենց ձեռքում: Եվ, բնականաբար, առաջնային խնդիր էր դառնում, թե կա՞ն արդյոք ուժեր, որոնք ոչ մի դեպքում կոալիցիոն համագործակցության մեջ չեն մտնի նիկոլականների հետ:

Այդ առաջարկով դիմեցինք քաղաքապետի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ առաջարկելով, որ եթե գտնում են, որ պետք է ամեն գնով ազատվել այսօրվա քաղաքային իշխանություններից, պաշտոնապես հայտարարեն, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչների հետ երբեք հետընտրական կոալիցիայի մեջ չեն մտնի, եթե հաղթահարեն շեմը»,-ասաց պարոն Սադոյանը:

«Այդուհանդերձ, որոշ կուսակցություններ հստակ հայտարարել են եւ հետ կանգնելու մտադրություն չունեն, որ իրենք երբեք ՔՊ-ի եւ նրա արբանյակ ուժերի հետ չեն մտնի համագործակցության մեջ: Մեկ կուսակցություն ստորագրել է մեր առաջարկած հայտարարության տակ: Մենք համոզված ենք, որ եւս հինգ ուժեր, որոնց հետ զրուցել ենք, բայց դեռ չեն ստորագրել, կոալիցիա երբեք չեն կազմի, ինչի մասին իրենք էլ հրապարակայնորեն հայտարարել են:

Երկու քաղաքական ուժեր դեռեւս տատանվում են: Կան նաեւ այնպիսիք, որոնք մեզ հայտարարության տեքստն իրենց փոխանցելիս, հասկացրին, որ իզուր ենք իրենց մոտ գնացել:

Բոլոր դեպքերում, ես հիմա էլ դեռ հույս ունեմ, որ ավինյանականները եւ նրանց սատարող ուժերը այդպես էլ չեն կարողանալու հավաքել բավարար թվով ձայներ եւ իշխանափոխության առաջին քայլն անելու շատ ռեալ հնարավորություն կա: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, Երեւանի բնակիչներին  նույնպես, որպեսզի մի կողմ դնելով երեխայական մոտեցումները, հասկանան մի բան, որ չգնալով ընտրությունների կամ քվեաթերթիկ անվավեր սարքելով՝ ոչ միայն որեւէ լուրջ հաջողության չեն հասնի, այլ ընդհակառակը. էապես օգնելու են, որպեսզի նիկոլականները հաղթեն նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրություններում, որովհետեւ ակնհայտ է, որ վարչական եւ այլ ռեսուրսների օգտագործմամբ նրանք իրենց ձայները ապահովելու են: Եվ եթե մյուս ուժերը չհավաքեն բավարար թվով ձայներ, ՔՊ-ականների տոկոսը մեխանիկորեն կավելանա: Հետեւաբար, իրենք խիստ շահագրգռված են, որպեսզի հնարավորինս քիչ մարդ մասնակցի ընտրություններին եւ որքան հնարավոր է շատ անվավեր թերթիկներ լինեն»,-ասաց մեր զրուցակիցը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930