Լրահոս
Օրվա լրահոսը

Նորայր Նորիկյան․ «Կրիմինալը, թաղային հեղինակությունները լատենտ կերպով ներգրավված են ՔՊ-ի օգտին ձայներ հավաքելու գործընթացին»

Սեպտեմբեր 15,2023 13:14

«Այս իշխանությունը նախորդ իշխանության տրամաբանական շարունակությունն է»,-այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի շենքի առջեւ հրավիրված քարոզարշավն ամփոփող ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը։

Նա քարոզարշավի ընթացքում արձանագրել է, որ երեւանցիների մոտ համատարած անտարբերություն է, համատարած հուսալքություն եւ հիասթափություն կա ապագայի նկատմամբ, նաեւ՝ անորոշություն եւ զայրույթ։

«Մենք մտավախություն ունենք, որ ընտրություններին նվազ մասնակցություն կլինի, քանի որ երեւանցիների մի մասը հիասթափված է, հուսալքված, ապագա չեն տեսնում Հայաստանի եւ որեւէ ընտրական գործընթացի նկատմամբ։ Բայց ես հորդորում եմ անտարբեր չմնալ մեր երկրի ճակատագրի հանդեպ, որովհետեւ Երեւանի ավագանու ընտրությունների քաղաքական արժեքը չափից դուրս մեծ է եւ կարող է խորը հետք թողնել հետագա գլոբալ փոփոխությունների վրա։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց եւ անում է, որ Երեւանի հաջորդ ավագանին կազմված լինի գործող եւ նախկին ՔՊ-ականներից եւ նախկին իշխանություններից։ Սա նշանակում է, որ վերջին հինգ տարիներին իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի քաղաքական դաշտը որակապես չփոխվի, ամեն ինչ արեց սեւ-սպիտակ, ներկա-նախկին քաղաքական ներկապնակը պահպանելու համար»,-ասաց Նորիկյանը։

Նրա խոսքով՝ ինչ ունեինք հինգ տարի առաջ, նույնն ունենք այսօր։ Ուստի, ինչպես ասաց Նորիկյանը, ձայն տալ ՔՊ-ականին, նշանակում է ձայն տալ գործող ավագանուն, ձայն տալ Հայկ Մարությանին, նշանակում է քվե տալ 2018-ին ընտրված ավագանուն, ձայն տալ այդ երկու քաղաքական ուժին, նշանակում է ձայն տալ 2018-ի ավագանուն, ձայն տալ նախկին իշխանությունների հետ ասոցացված կամ որեւէ այլ սեգմենտի, նշանակում է մեր հասարակությանը պատանդ պահել ՔՊ-ի եւ նախկին իշխանությունների միջեւ ընթացող գզվռտոցին։

«Ի՞նչ ուղերձ է հղում իշխանությունն այսպես ապականելով քաղաքական դաշտը՝ առաջին ճակատ բերելով քաղաքական բովանդակություն ու միտք չունեցող երեւույթներին, քաղաքականության հետ առնչություն չունեցող երեւույթներին եւ իրեն կցված որոշ ընդդիմադիր կուսակցությունների անվան տակ հանդես եկող մարդկանց, որոնք մի ժամանակ Վատիկանի դրոշն էին իրենց գրասենյակներում դնում, հիմա ՔՊ-ի դրոշն են դրել իրենց սեղաններին, քաղաքապետարանում ընդդիմություն են խաղում։ ՔՊ-ն այս ձեռագրով ինչո՞վ է տարբերվում «Հանրապետական» կուսակցությունից»,-հայտարարեց Նորիկյանը։

Նրա կարծիքով՝ այս քարոզարշավն ու ընտրությունները մրցակցային չեն, քանի որ 2021-ի դեկտեմբերից Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը փաստացի ղեկավարում է քաղաքապետարանը՝ չունենալով քաղաքապետի մանդատ ու լիազորություններ, եւ նրան քաղաքապետ կարգելու համար իշխանությունը վերջին երկու տարում օգտագործել է հնարավոր եւ անհնար վարչական բոլոր ռեսուրսները։

«Վերջին երկու-երեք ամսում մենք ահազանգեր ենք ստացել, որ Աջափնյակում Տիգրան Ավինյանի բակային հանդիպումների համար դպրոցների տնօրենների մակարդակով պարտադրվում է, հորդորում են մանկավարժական կոլեկտիվին մասնակցել այդ հանդիպումներին։ Օրերս էլ, որպես ապացույց, հայտնի տեսանյութը հրապարակվեց։ Եվ սա վերջը չէ․ նախկինների օրոք կային արտահայտություններ՝ թաղի խուժան, կրիմինալ, թաղային հեղինակություններ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այդ շերտը, որոշ նրբերանգներով, լատենտ կերպով ամբողջովին ներգրավված է ՔՊ-ի օգտին ձայներ հավաքելու գործընթացին։ Պարզապես եթե նախկինների օրոք դա արվում էր ավելի ցինիկ, բացահայտ, լպիրշ ու ավելի անպատասխանատու կերպով, անպատժելիության մթնոլորտի պայմաններում, հիմա այդ ամենը իրականացվում է գեղեցիկ փաթեթավորված, ոչ տեսանելի, որի արդյունքն է այն է, որ այս իշխանությունը նախորդ իշխանությունների տրամաբանական շարունակությունն է»,-հայտարարեց Նորայր Նորիկյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Նորայր Նորիկյանի Ֆեյսբուքի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930