Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխություն առայժմ չկա, բայց կան արտաքին անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացման քայլեր»

Սեպտեմբեր 18,2023 13:30

Ըստ Արմեն Վարդանյանի՝ Լաչինի միջանցքի բացում կլինի, բայց դա լինելու է միջազգային հանրության ճնշման ներքո՝ ավելի կոնկրետ՝ Արեւմուտքի ճնշումների ներքո, քանի որ կարծես ՌԴ-ն այդպիսի խնդիր չի դնում։

«Ակնհայտ է, որ Աղդամի ճանապարհով բեռների անցկացման հարցով Ադրբեջանը ռուսական կողմի հետ չի պայմանավորվել։ Հաջիեւն էլ նախօրեին հայտարարեց, որ այդ ռուսական օգնության հումանիտար առաքումը դեպի Ստեփանակարտ Ադրբեջանի ճանապարհով լրիվ այլ գործարքի շրջանակներում էր, իսկ Լաչինի միջանցքի բացման հարցում որեւէ պայմանավորվածություն չկա»,- «Առավոտի» փաստմանը՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ռուսական բեռների փոխադրումից հետո այդպես էլ Լաչինի միջանցքը չբացվեց, մինչդեռ նման խոսակցություններ կային, որ այդ ճանապարհները զուգահեռ կբացվեն, այսպես արձագանքեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Նրա կարծիքով՝ Լաչինի միջանցքի բացում կլինի, բայց դա լինելու է միջազգային հանրության ճնշման ներքո՝ ավելի կոնկրետ՝ Արեւմուտքի ճնշումների ներքո. «ՌԴ-ն այդպիսի խնդիր կարծես իր առաջ չի դնում, կամ էլ եթե դնում է, համենայն դեպս, նման ազդակներ չենք տեսնում, որ կարողանում է Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրել, որ բացել տա Լաչինի միջանցքը»։ Արմեն Վարդանյանը Լաչինի միջանցքի բացման հարցով ժամկետներ նշել չկարողացավ. «Բայց ես տեսնում եմ, որ Արեւմուտքում արդեն լուրջ քննադատություններ կան, ընդհուպ մինչեւ հարցն արդեն մտել է ամերիկյան կոնգրես, լսումներ են տեղի ունենում։ Կարծում եմ՝ այս ուղղությամբ ճնշումներն ավելի կուժեղանան։ Ի վերջո, Ադրբեջանը տեղի կտա»։

Արման Վարդանյանին հարցրինք՝ չե՞ք կարծում, որ ինչպես ասում են՝ ՀՀ իշխող ուժի ներկայացուցիչները կարծես «ձեռքերը լվացել են» Արցախից՝ մանավանդ, որ օրերս էլ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, երբ լրագրողները հարցրին Աղդամի ճանապարհի մասին, ՀՀ իշխանական պատգամավորներն ասացին, որ այդ հարցը Արցախի իշխանությունների տիրույթում է, նա պատասխանեց. «Մի քիչ  ծայրահեղ հայտարարություն է, թե իշխանությունը ձեռքերը լվացել է, որովհետեւ ՀՀ-ն է՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ Հաագայի միջազգային դատարանում եւ այլ միջազգային կառույցներում բարձրացնում Լաչինի միջանցքի հարցը։ Արցախը չճանաչված պետություն է, եւ ինքն իր ուժերով այդպիսի հնարավորություններ չունի։ Սա ակնհայտ է։ Բայց ակնհայտ է նաեւ այն, որ ՀՀ իշխանությունը չունի այդպիսի ուժ, միգուցե հաշվարկներ է կատարում եւ այս փուլում նպատակահարմար չի համարում ռազմական ճանապարհով ճանապարհը բացել։ Երեւի դա է պատճառը։ Այն, որ ջանքեր գործադրում են ՀՀ իշխանություններն այս ուղղությամբ, սա միանշանակ է»։

Մեր հարցին՝ Արցախի նորընտիր նախագահին չշնորհավորելու հարցում ժեստ չե՞ք տեսնում, որի տակ ինչ-որ ուղերձ կա, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Այո, ժեստեր են, բայց չգիտենք ՝ կոնկերտ ուղերձը որն է։ Կարող է ուղերձ լինել այն, որ ՀՀ իշխանությանը դուր չի եկել Արցախում տեղի ունեցած իշխանափոխությունը, նաեւ հնարավոր է՝ չեն շնորհավորել, որ էլ ավելի չգրգռեն Ադրբեջանին»։

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ ՀՀ ԱԱԾ-ն վագներականներ է փնտրում, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Կարող են լինել մի քանի հատ վագներականներ, բայց այն թվերը, որ նշվում են մամուլի միջոցով, դա իրատեսական չէ։ Վագներականները կարող են՝ որպես ՌԴ քաղաքացի գալ Հայաստան։ Իրենց ճակատին գրված չէ՝ վագներական են։ Իհարկե, հատուկ ծառայությունները հնարավոր է՝ որոշների մասով միջազգային համագործակցության շրջանակում տեղեկատվության փոխանակման արդյունքում կարողանան հայտնաբերել նրանց, հնարավոր է նաեւ մարդիկ, որոնք աչքի չեն ընկել, կռվել են Վագների հետ, եկել են Հայաստան։ Ամեն դեպքում, ասել, որ նրանք եկել են Հայաստան, հեղաշրջում անեն, ուղղակի անհեթեթություն է»։

Արմեն Վարդանյանի համար ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ խորը ճգնաժամ են ապրում. «ՀՀ իշխանության աչքերը վերջապես բացվել են։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո դեռ որոշ հարցերում հույս էր դրել ՌԴ-ի վրա, պատերազմից անմիջապես հետո մի քանի հարյուր միլիոն դոլարի զենքի գնման պայմանագիր ստորագրվեց, ՌԴ-ի հետ, ՀՀ իշխանությունները միամտորեն կարծում էին, որ ՌԴ-ն պահելու է Լաչինի միջանցքը եւ չի հանձնելու Ադրբեջանին։ Բայց դա էլ տեղի չունեցավ, զենքը մինչեւ այժմ չկա։ Բացի դրանից ՌԴ-ն բազմիցս թիկունքից հարվածել է ՀՀ-ին։ ՀՀ իշխանությանը հավաստիացրել է, որ ՀՀ-ի միջազգային սահմաններն իր համար կարմիր գիծ են, բայց մենք տեսանք՝ ադրբեջանցիները ներխուժեցին ՀՀ կամ ռմբակոծում են ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքները եւ ռուսական կողմից որեւէ արձագանք չկա։ Ակնհայտ է, որ ՀՀ իշխանություններն արդեն ստիպված են գնալ դեմարշի որոշ հարցերում, որովհետեւ ՌԴ-ն եւ’ ցանկություն չունի ՀՀ-ին անվտանգային հարցերում պաշտպանելու, եւ’ բազմիցս թիկունքից հարվածներ է հասցրել Հայաստանին։ Իսկ ՌԴ  իշխանությունները նույնիսկ վերջերս ՀՀ իշխանության ամենաբարձր մակարդակով հավաստիացրել էին, որ Լաչինի միջանցքն իրենք պահելու են եւ չեն հանձնելու Ադրբեջանին, որ ՀՀ-ի ու Արցախի փոխադարձ կապը չի խափանվելու։ Բայց տեսնում ենք, որ ամեն անգամ մի նոր հարված են հասցնում թիկունքից, ու ՀՀ իշխանությունները ցուցադրական դեմարշների են գնում, որոշ դեպքում նաեւ գործուն քայլեր է ձեռնարկում ՀՀ-ն դիվերսիֆիկացնելու իր անվտանգային քաղաքականությունը»։

Հարցին՝ մի՞թե այս իրավիճակում ռիսկային չէ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, քաղաքագետը պատասխանեց. «Արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխություն առայժմ չկա։ Այնպես չէ, որ ՀՀ-ն միանգամից 180 աստիճանով շրջադարձ է կատարում իր արտաքին քաղաքականության մեջ։ Դա ռուսներն էլ շատ լավ գիտեն, բայց կան արտաքին քաղաքականության եւ անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացման քայլեր, ինչը ես ողջունում եմ»։

Մեր այն փաստմանը՝ Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանը դիտարկում է Բաքվի եւ Երեւանի միջեւ կարգավորման մի շարք տարբերակներ, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Չի բացառվում, որ ՌԴ-ն իր դեմքը փրկելու համար է անում։ Այնուամենայնիվ, փորձում է որոշ քայլեր ձեռնարկել, որովհետեւ ամբողջովին հեղինակազրկվել է հայ հանրության մոտ։ Հայաստանի ցուցադրական դեմարշները ՌԴ-ի հանդեպ վստահ եմ, որ Կրեմլին էլ են անհանգստացնում։ Հնարավոր է՝ իր դեմքը փրկելու համար որոշակի քայլեր է անում։ Թե ինչքանով են նրանց գործողությունները լուրջ, ժամանակը ցույց կտա։ Հնարավոր է ցուցադրական բնույթ են կրում եւ որեւէ լուրջ ճնշում Ադրբեջանի վրա չի գործարկելու։ Բայց ամեն դեպքում այո, պետք է նկատենք, որ ՌԴ-ն չպետք է թույլ տար, որ Լաչինի միջանցքն անցնի Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում հստակ նշված էր, որ դա պետք է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո լինի եւ իրենք իրենց կողմից պարտադրած նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեն հարգում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930