Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք դատապարտում ենք Ռուսաստանից եւ Ադրբեջանից հնչող սպառնալիքները Հայաստանի անկախության եւ տարածքային ամբողջականության հանդեպ․ հայտարարություն

Հոկտեմբեր 01,2023 19:36

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հրավիրել էր ժողովրդավարական հասարակական եւ քաղաքական ուժերի համաժողով՝ հանուն Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ հզորացման՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄ։

Ֆորումը տեղի ունեցավ Անի Գրանդ հյուրանոցի Պանորամիկ սրահում։ Ֆորումի նպատակն էր միասնաբար հանդես գալ և հնչեցնել ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի ձայնը՝ Հայաստանի անկախությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների վերաբերյալ, որոնց մասին օրերս բարձրաձայնել էր Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Ակնհայտ է, որ այդ սպառնալիքները ծագում են Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Թուրքիայից եւ դրանց դիմակայելու միակ ձեւը Ռուսաստանից Հայաստանի կախվածություն առաջացնող պայմանագրաիրավական հիմքի վերանայումն է եւ հավաքական Արեւմուտքի հետ Հայաստանի սրընթաց ինտեգրման մեկնարկը։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անկախությանը սպառնացող վտանգները եւ արձագանքելով ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի կոչին՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ մասնակցեցին վեց քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ իշխող կուսակցության նախագահներ եւ փոխնախագահներ, քաղաքացիական հասարակության տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Ֆորումի ընթացքում մասնակիցները փոխանակվեցին մտքերով, արտահայտեցին իրենց դիրքորոշումը Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ, ապա քննարկեցին եւ ընդունեցին հայտարարություն։

Ֆորումը ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում էին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, 1in․am եւ Civic.am առցանց հեռուստատեսությունները, այլ լրատվամիջոցներ։

Հասարակական եւ քաղաքական ուժերի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության պաշտպանության անհրաժեշտության մասին

Մենք` Հայաստանի Հանրապետության հասարակական եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, ազատ քաղաքացիներս լի ենք վճռականությամբ պահպանելու եւ պաշտպանելու մեր անկախ եւ ինքնիշխան պետականությունը որպես հայ ժողովրդի կերտած բարձրագույն արժեք։ Մենք դատապարտում ենք Ռուսաստանից եւ Ադրբեջանից հնչող սպառնալիքները Հայաստանի անկախության եւ տարածքային ամբողջականության հանդեպ։

Մենք պայքարելու ենք Հայաստանի անկախության, ինքնիշխանության, եւ տարածքային ամբողջականության հանդեպ ցանկացած արտաքին եւ ներքին ոտնձգության դեմ։ Այս օրերին Ռուսաստանի իշխանությունների որդեգրած հակահայ կեցվածքն ու քաղաքականությունը, որի զոհը դարձավ հայ ժողովուրդը Արցախում, ոչ միայն դատապարտելի է, այլեւ ավելի է խորացնելու վերջին տարիներին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առաջացած անջրպետը, դարձնելով այն գրեթե անհաղթահարելի, ինչը հրատապ անհրաժեշտություն է ստեղծում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ գործող ողջ իրավապայմանագրային բազայի արմատական վերանայման։

Արցախի մեր քույրերին եւ եղբայրներին վիճակված այս ծանր փորձության օրերին մենք կանգնած ենք իրենց կողքին՝ պատրաստակամ ըստ կարելվույն օժանդակել ծագած հրատապ կարիքները հոգալու և մայր հայրենիքում ապահով ապաստան ստանալու հարցերում։ Միեւնույն ժամանակ մենք պայքարելու ենք հանուն նրանց անվտանգ վերադարձի Արցախ եւ մարդկային ու ազգային իրավունքների իրացման, հանուն սեփական հողի վրա նրանց արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի վերսկսման՝ հնարավորինս մոտ ապագայում։

Մենք դատապարտում ենք ալիեւյան ժառանգական կոռումպացված բռնապետության գործած միջազգային հանցագործություններն արցախահայության հանդեպ, այդ թվում` ցեղասպանությունը, հայրենազրկումը, պատերազմական  հանցագործությունները եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ Մենք գնահատում ենք այս ամենը որպես դեռեւս 1988թ․-ից Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ սանձազերծած ագրեսիայի, Ադրբեջանի եւ Նախիջեւանի շուրջ կես միլիոն հայ բնակչության բռնի տեղահանության եւ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման շարունակություն, որը մինչ օրս չի արժանացել պատշաճ գնահատականի եւ պատժի՝ միջազգային հանրության կողմից։ Բոլոր այդ հանցագործությունների համար Ադրբեջանը պետք է կրի հավաքական պատասխանատվություն, այդ թվում՝ պատժամիջոցների տեսքով, իսկ նրա պաշտոնյաները՝ անձնական քրեական պատասխանատվություն՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

Արցախահայության՝ սովի եւ ռազմական ագրեսիայի կիրառմամբ բռնի հայրենազրկումը մենք դիտարկում ենք նույն տրամաբանության մեջ, ինչ Ուկրաինայի ժողովրդի հանդեպ Ռուսաստանի գործադրած ագրեսիան եւ ցեղասպանությունը, որը մենք դատապարտել ենք, եւ որը շարունակությունն է անցյալ դարի առաջին կեսին ստալինյան գաղութարար քաղաքականությամբ իրականացված Հոլոդոմորի եւ բռնի տեղահանումների։

Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների պատրաստակամությունը վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը եւ հորդորում ենք դա անել՝ առանց որեւէ վերապահման։

Մենք վերահաստատում ենք Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ երկխոսության միջոցով արցախյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու կարեւորությունը եւ բարձր ենք գնահատում միջազգային հանրության կողմից՝ այդ ուղղությամբ ներդրվող ջանքերը։ Մենք համարում ենք, որ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ռուսաստանի պատասխանատվության գոտում հայտնված Արցախում հեղաշրջման միջոցով ժողովրդի իշխանությունը բռնազավթած խմբի կողմից Արցախի Հանրապետության ինքնալուծարման հրամանագիրը չի կարող որեւէ իրավական ուժ ունենալ եւ հիմք տալ Ալիեւի բռնապետությանը՝ լեգիտիմացնելու իր հանցավոր գործողություններն ընդդեմ հայ ժողովրդի։

Մենք երախտագիտություն ենք հայտնում միջազգային հանրությանը՝ Եվրամիությանը, նրա անդամ պետություններին, ԱՄՆ-ին եւ մյուս երկրներին այս ծանր օրերին Հայաստանին եւ Արցախի ժողովրդին ցուցաբերած քաղաքական, բարոյական եւ նյութական աջակցության համար։

Միաժամանակ, մենք կոչ ենք անում մեր արեւմտյան գործընկերներին՝ դիվանագիտական եւ քաղաքական անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ որպես առաջին քայլ հասնել Արցախից ռուսական օկուպացիոն ուժերի դուրսբերմանը, Արցախի տարածքում միջազգային փաստահավաք եւ մոնիտորինգային առաքելության տեղակայելուն, միջազգային լրատվամիջոցների եւ ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազատ մուտքին, իսկ հետագայում՝ նաեւ միջազգային մանդատով օժտված խաղաղարար առաքելության տեղակայմանը, ինչը հնարավորություն կստեղծի արցախահայության վերադարձի համար՝ նրանց անվտանգության եւ իրավունքների ապահովմամբ։

Հայաստանի անկախության, ինքնիշխանության ամրապնդմանը եւ նրա հզորացմանը հասնելու համար ՀՀ իշխանություններին կոչ ենք անում․

1․ Անհապաղ մեկնարկել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց՝ լուծարելով Ռուսաստանի հետ բոլոր ռազմական եւ տնտեսական պայմանագրերը, որոնք ներկա պահին ոչ թե Հայաստանի անվտանգության բաղադրիչներ են, այլ այդ անվտանգության ուղիղ սպառնալիք։

2․ Արգելել հայկական մուլտիպլեքսում եւ կաբելային ցանցով հեռարձակվող ռուսաստանյան պետական եւ պետության հետ փոխկապակցված հեռուստաալիքների հեռարձակումը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների խախտման հիմքով։

3․ Դիմել Եվրոպական Միությանը՝ վերջինին լիիրավ անդամակցության հայտով։ ԵՄ անդամ պետությունների, ԱՄՆ, Կանադայի, Հնդկաստանի, միասնական Արեւմուտքի այլ ժողովրդավարական երկրների հետ կնքել երկկողմ ռազմավարական գործընկերության համաձայնագրեր։

4․ Զարկ տալ արեւմտյան երկրների եւ եվրատլանտյան անվտանգային համակարգերի հետ երկկողմ եւ բազմակողմ ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության խորացմանը։

ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմ

«Հանրապետություն» կուսակցություն

«Հանուն Հանրապետության» կուսակցություն

Եվրոպական կուսակցություն

Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցություն

«Ձայն» լիբերթար-պահպանողական կուսակցություն

Միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

«Իրավունքի Եվրոպա» միավորում

Ժողովրդավարության և անվտանգության հարցերով հայկական կենտրոն

«Պրո Արմենիա» հասարակական կազմակերպություն

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն

«Ազատ Հայաստան» նախաձեռնություն

«Հայաստանի մանկական ասոցիացիա» ԲՀԿ

«Ընտանիք եւ համայնք» ՀԿ

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»  ՀԿ

 «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանց, Էլեոնորա Ասատրյան

Գարդմանա Աշխարհի Հայերը ՀԿ, նախագահ` Աբգար Գյուլումյան

Գուրգեն Սիմոնյան, քաղաքագետ, ազգային շահի եւ պետության ռազմավարական քաղաքականության փորձագետ

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Դավիթ Ստեփանյան, քաղաքական վերլուծաբան

Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Սոսի Թաթիկյան, արտաքին և անվտանգային քաղաքականության փորձագետ

Ռաֆիկ Հակոբյան, ԵՊՀ պրոֆեսոր

Լիլիթ Դալլաքյան, քաղաքագետ

Սերգեյ Սարգսյան, ՏՏ ոլորտի մասնագետ

Միքայել Զոլյան, քաղաքագետ

Հրանտ Վարդանյան, «Արև Ֆիլմ Ստուդիայի» հիմնադիր տնօրեն՝ ռեժիսոր

Գագիկ Ղազարէ, ռեժիսոր

Օլեգ Դուլգարյան, իրավապաշտպան

Էդգար Խաչատրյան, իրավապաշտպան

Հայկ Բաբաջանյան, ՏՏ ոլորտի մասնագետ

Արթուր Ղազարյան, ՏՏ ոլորտի մասնագետ

Էլզա Մարգարյան

Վազրիկ Պետրոսյան

Տաթեւ Սայադյան

Ալլա Գրիգորյան

Հովհաննես Իսպիրյան

Աստղիկ Թարվերդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031