Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան․ «Չի կարելի շփոթել ընդդիմությունը թշնամության հետ»

Հոկտեմբեր 10,2023 14:21

«Ի՞նչ ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, արդյոք վարչական ռեսուրս չարաշահվել է, արդյոք կեղծիքներ տեղի են ունեցել, արդյոք թաղային հեղինակությունները ներգրավված են եղել այս գործընթացում: Ես վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր իշխանություն, եթե հիմք չի ընդունում ժողովրդավարության արժեքները, միգուցե, կարող է այդ ճանապարհով գնալ: Մենք դա մերժել ենք 2018-ից: Դրանից հետո որեւէ ընտրություն չի եղել, որ նման խոսույթը պարզվի, որ ճիշտ է դուրս եկել»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Երեւանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ թաղային հեղինակություններ, վարչական ռեսուրս, կեղծիքներ՝ամբողջ ընտրապայքարի ընթացքում նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները մարդկանց գլուխները լցրել են նմանատիպ խոսույթներով:

Անդրադառնալով «Հանրապետություն» խմբակցության հետ ստորագրած հուշագրին, Ավինյանն ասաց՝ մեր եւ մեր գործընկերների գաղափարները պետք է նույնական լինեն, որպեսզի կարողանանք իրականացնել կառավարումը․ «Աջափսանդալ չի կարող լինել։ Չի կարող լինել մի ուժ, որը քեզանից 180 աստիճանով տարբերվող գաղափարներ ունի եւ միասին ուղղակի պաշտոններ կիսելու համար դաշինք կազմվի։ Այդպիսի բան չի կարելի անել։ Այն, ինչ տեղի է ունենում, շատ տրամաբանական է եւ լեգիտիմ»։

Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանն էլ հավելեց՝ որեւէ մեկը չի վիճարկում ընտրության արդյունքներն ու օրինականությունը․ «Չի կարելի շփոթել ընդդիմությունը թշնամության հետ, ընդդիմախոսությունը վնասարարության հետ։ Մենք երբեք չենք իրականացրել վնասարարություն եւ թշնամություն։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք հավակնում էինք ստանալ մեծամասնություն։ Մենք միշտ ենք հավակնելու ստանալ մեծամասնություն»։

Նա ասաց, որ քաղաքապետարանում համագործակցելու են բոլոր խմբակցությունների հետ։

Զեյնալյանը նաեւ նշեց, որ «նոր ընտրության դեպքում «Հանրապետությունն» ավելի շատ ձայն կհավաքեր․ «Բայց մենք մեր կուսակցական անհատական շահը զոհաբերել ենք հանուն Երեւանի, հանուն Հայաստանի: Մենք դեմ էինք նոր ընտրություններին, նոր ցնցումներին, որտեղ կարող էին նոր մասնակիցներ հանդես գալ, եւ դարձյալ օտարերկրյա կապիտալով եւ օտարերկրյա կառավարումով: Հայաստանը չի կարող ենթարկվել այդպիսի ցնցումների՝ հանուն մեր կուսակցական շահի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031