Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ ադրբեջանական ցանկացած ոտնձգության դեպքում․ Թիեր Կովաքս

Հոկտեմբեր 21,2023 19:37

Հանդիպում  փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ  արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ, Արցախից  բռնի տեղահանվածների հետ՝ սա Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի փոխնախագահ, Վիենն քաղաքի քաղաքապետ Թիերի Կովաքսի ու փոխքաղաքապետ, հայազգի Լեւոն Սաքունցի Հայաստան այցելության օրակարգն է։ Ֆրանսիացի պաշտոնյաները նախ Սյունիք են այցելել։ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգն ու Սյունիքի մարզը բարեկամներ են, ու Կովաքսին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին է հանձնում նահանգի նախագահ Լորան Վոքիեի նամակը։ Վոքիեն նաեւ խնդրել էր փոխանցել ջերմ ողջույններ սյունեցիներին ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։ «Այն, ինչ դուք այստեղ արել եք մի քանի օրվա ընթացքում, արցախցիներին ձեր մարզում ընդունելով, մեզ դրականորեն զարմացրել է եւ պետք է նշել, որ յուրաքանչյուր նման իրադարձություն ազդակ է՝ հայ ֆրանսիական կապն ավելի ամրացնելու եւ Ֆրանսիայի կողմից աջակցությունն ավելացնելու համար»,-ասաց  Թիերի Կովաքսին։

Անցած տարի այս օրերին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգում էր եւ նահանգային խորհրդի որոշմամբ Սյունիքի մարզին 300.000 եվրո հատկացվեց՝ 2022թ․ սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետեւանքները մեղմելու նպատակով։ Ընդամենը երկու օր առաջ Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի խորհուրդը նոր որոշում ընդունեց՝ կրկնապատկել գումարը՝ դարձնելով 600 հազար եվրո։

Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի վարչակազմը դատապարտել է Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը՝ դա որակելով որպես էթնիկ զտում։ Այս բանաձեւին կողմ են քվեարկել նահանգի խորհրդում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը։

«Ամեն անգամ, երբ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, պետք է կանոն դառնա Ֆրանսիայի համար, որ ուժեղացնենք մեր կապերը եւ համագործակցությունը Հայաստանի հետ»,-հավաստիացրեց Թիերի Կովաքսը։

Ֆրանսիացի պաշտոնյաները մարզային իշխանության  հետ քննարկեցին այն ոլորտներն ու կարիքները, որոնք պիտի ուղղվեն Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները լուծելուն։ Միաժամանակ քննարկվեց մինչեւ գարուն Սյունիքի բոլոր 7 համայնքները Ֆրանսիայի որեւէ քաղաքի հետ քույր-քաղաք դառնալու հեռանկարը։

«Հրաշալի է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները նաեւ մարզային ու համայնքային մակարդակում են ամրանում, ինչը խոսում է, որ մենք շատ արդյունավետ ենք համագործակցում եւ, որ մեր երկկողմ նպատակները նույնական են»,-պատասխան խոսքում նշեց Ռոբերտ Ղուկասյանը։

Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսն ու փոխքաղաքապետ Լեւոն Սաքունցը հանդիպեցին նաեւ Կապանում բնակություն հաստատած Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, մարզի համայնքների ղեկավարներին։ Իսկ արդեն կիրակի Վիեննի վարչակազմի ներկայացուցիչները կլինեն իրենց քույր-քաղաք Գորիսում։ Այստեղ կհանդիպեն համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, ինչպես նաեւ կայցելել Գորիսի բժշկական կենտրոն, ֆրանկոֆոնիայի կենտրոն, կհանդիպեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031