Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին՝ ըստ Արծվիկ Մինասյանի՝ 10 տարբեր քրեական հոդվածներ՝ սկսած իշխանության յուրացումից, ավարտված լիազորությունների չարաշահում

Նոյեմբեր 16,2023 19:07

Այսօր լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը գործում է, իսկ հանձնաժողովի ժամկետի հետ կապված ամբողջ փաթեթն ուղարկել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին: Հիշեցնենք, որ նա ԱԺ նիստում հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովի ժամկետն ավարտվել է, բայց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ուզում է ձգել, ինչը օրենքի, սահմանադրության խախտում է:

Aravot.am-ը Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ փաթեթ ու ի՞նչ հիմնավորումներ է ներկայացրել Անդրանիկ Քոչարյանը: Նա պատասխանեց. «Ինձ տվել է մի գրություն եւ ԱԺ-ի այն երկու որոշումները, որով երկարացվել է այս հանձնաժողովի գործունեության ժամկետը, որը կա նաեւ կայքէջում, նորություն չի: Կարդամ այս գրությունը, որում ասում է՝ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 20 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի պահանջով: Այսինքն՝ օրենքի դրույթը: Կայքէջում նայեք՝ ստեղծվել է 2022-ի փետրվարի 10-ին: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը 2 անգամ երկարաձգվել է: Հետո գրության մեջ շարունակում է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2022-ի եւ 2023-ի ամռան համապատասխան ժամանակահատվածներում պատգամավորները, ԱԺ նախագահի հրամանով, գտնվել են իրենց հասանելիք արձակուրդում եւ հանձնաժողովը փաստացի չի գործել իր ամբողջական կազմով, ուստի վերոնշյալ ժամանակահատվածների հաշվանցմամբ հանձնաժողովի լիազորություններն ավարտվելու են դեկտեմբերին՝ ԱԺ նիստում զեկույցը քննարկելու պահից»:

Արծվիկ Մինասյանը ոնց հաշվում, գրում ու ջնջում է՝ հանձնաժողովի ժամկետը չի կարողանում հասցնել մինչեւ դեկտեմբեր. «Մի քանի բան հակաօրինական, անտրամաբանական է: Որեւէ մարմնի իրավունք չի վերապահված իր արձակուրդում գտնվելը բերի, իր լիազորությունների ժամկետի երկարաձգման հիմք դնի: Այդպես որ լինի, ԱԺ-ն կասի՝ ես ոչ թե 5 տարով եմ, այլ՝ 5 ու կես  տարով, որովհետեւ ամեն տարի արձակուրդ ունեմ: Եթե նույնիսկ արձակուրդի ժամկետը հանենք, կավարտվեր հոկտեմբերին առնվազն»:

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ ըստ օրենքի, քննիչ հանձնաժողովի ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 6 ամիս ժամկետով, ընդ որում՝ մինչեւ ժամկետի ավարտը այդ երկարաձգման որոշումը պետք է լինի, մինչդեռ ԱԺ-ն այստեղ էլ է խախտում թույլ տվել. «Ես հասկանում եմ իրենց նպատակը որն է, որովհետեւ զեկույցը չեն պատրաստել: Իրավասու մարմինը պիտի պատասխանի: Եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընթացք չտա մեր ասածին, կդիմենք համապատասխան իրավապահ մարիմիններին, որովհետեւ սա արդեն քրեաիրավական գործողություն է՝ լիազորությունների անցում, չարաշահում, հետո արդեն լիազոր մարմինը թող քննի՝ դրա շահագրգռությունը եղել է նյութակա՞ն, խմբայի՞ն, ի՞նչ բնույթի: Դատախազությունը թող պարզի»:

Ըստ Արծվիկ Մինասյանի, քննիչ հանձնաժողովը իրենց  համար դարձել է գործիք՝ քաղաքական հայտարարություններ անելու, իրենց անգործությունը, որոշ դրվագներում հանցավոր գործունեությունը քողարկելու համար. «Դա որեւէ ձեւով իրենց իրավունք չի տալիս հերն անիծել սահմանադրության, օրենքի: Տեսա՞ք ինչ պատասխան են տալիս, ասում են՝ ինչի՞ եք մտահոգ: Ես անկեղծ ասած չգիտեմ էլ՝ Շահրամանյանին կանչել են, չեն կանչել, դա բացարձակ կապ չունի»:

Թե ինչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին, եթե դատախազությունը Արծվիկ Մինասյանի հաղորդումն ընդունի՝ նա պատասխանեց. «Սա արդեն իրավական գնահատականի հարց է, որովհետեւ առնվազն 10 տարբեր հոդվածներ կարող են այստեղ կիրառվել՝ սկսած իշխանության յուրացումից, ավարտված լիազորությունների չարաշահում: Կամ ենթադրյալ լիազորությունները իր անձին վերագրելով՝ պատճառել վնաս պետությանը, պետության հեղինակությանը, պետական, ազգային շահին, իրենք կարող են ներառվել քրեական օրենսգրքի տարբեր բաժիններում սկսած սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություններից՝ վերջացրած անձի արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններով, եթե ինքը, օգտագործելով այս գործիքը, ինչ-որ մարդկանց սկսել է վարկաբեկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930