Little Miss & Mister United World 2023 միջազգային մրցույթում Հայաստանը նվաճել է գլխավոր եւ արծաթե մրցանակներ: Մրցույթի ազգային տնօրենը «Թոփ մոդել Հայաստան» ասոցիացիան է, որը երկար տարիներ ներկայացնում է Հայաստանը նաեւ միջազգային մի շարք նախագծերում:
«Առավոտի» հետ հարցազրույցում «Թոփ մոդել Հայաստան» ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը նշեց, որ տարիներ ի վեր լավագույնս են նախապատրաստվում հեղինակավոր այս մրցույթին, որն այս տարի անցկացվել է ԱՄԷ, Դուբայում: «Սա 21-րդ Little Miss & Mister United World միջազգային մրցույթն էր, որին մասնակցում էին Արաբական Միացյալ Էմիրությունները, Գերմանիան, Հնդկաստանը, Բրազիլիան, Ղազախստանը, մերձբալթյան հանրապետությունները՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը»,- ասաց ասոցիացիայի գործադիր տնօրենը: Նա տեղեկացրեց, որ մրցույթի մասնակիցները ներկայացել են երեք՝ Little Miss & Mister United World դեսպան, Little Miss & Mister United World տաղանդ եւ Little Miss & Mister United World մոդել անվանակարգերում:


Զրույցի ավարտին «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրենից հետաքրքրվեցինք 2024-ին նախատեսվող նախագծերից:
«Հաջորդ տարվա միջազգային նախագծերի մասնակցության հրավերները չափազանց շատ են: Ասոցիացիան բազմաթիվ հեղինակավոր նախագծերի ազգային տնօրենն է Հայաստանում, եւ դրանց լավագույնս ներկայանալը շատ ենք կարեւորում: Կազմակերպությունը կմասնակցի միջազգային մրցույթների, եվրոպական խոշոր ցուցադրությունների, նաեւ Դուբայում կայանալիք նորաձեւության օրերին: Ինձ համար ամենասպասվածը՝ տարիների դադարից հետո, ասոցիացիային պատկանող մրցութային ձեւաչափով նախագծերի անցկացման վերսկսումն է, որոնք վերջին տարիների ողբերգական իրադարձությունների պատճառով կանգնեցվել էր: Նախատեսվում է նաեւ միջազգային խոշոր նախագծի անցկացում, որը տեղի կունենա Հայաստանում: Վերջում ուզում եմ հատուկ շեշտել ասոցիացիայի հիմնադիր Գեւորգ Ասատրյանի աշխատանքը, որը մեծ մասամբ «կադրից դուրս» է, ով այժմ զբաղվում է նաեւ ասոցիացիայի պրոդյուսերական աշխատանքները համադրելով: Ուզում եմ նաեւ առանձնացնել խորեոգրաֆ Անահիտ Պատվականյանի ջանասիրությամբ արված աշխատանքը, ում մասնագիտական հմտությունների շնորհիվ են մեր սաները հաջողությունների հասնում միջազգային հեղինակավոր նախագծերում»,-ասաց Լուսինե Բաղդասարյանը:
Անահիտ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.11.2023




















































