Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր մրցանակներ Հայաստանին՝ Little Miss and Mister United World 2023 միջազգային մրցույթից

Դեկտեմբեր 01,2023 13:00

Little Miss & Mister United World 2023 միջազգային մրցույթում Հայաստանը նվաճել է գլխավոր եւ արծաթե մրցանակներ: Մրցույթի ազգային տնօրենը «Թոփ մոդել Հայաստան» ասոցիացիան է, որը երկար տարիներ ներկայացնում է Հայաստանը նաեւ միջազգային մի շարք նախագծերում:

«Առավոտի» հետ հարցազրույցում «Թոփ մոդել Հայաստան» ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը նշեց, որ տարիներ ի վեր լավագույնս են նախապատրաստվում հեղինակավոր այս մրցույթին, որն այս տարի անցկացվել է ԱՄԷ, Դուբայում: «Սա 21-րդ Little Miss & Mister United World միջազգային մրցույթն էր, որին մասնակցում էին Արաբական Միացյալ Էմիրությունները, Գերմանիան, Հնդկաստանը, Բրազիլիան, Ղազախստանը, մերձբալթյան հանրապետությունները՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը»,- ասաց ասոցիացիայի գործադիր տնօրենը: Նա տեղեկացրեց, որ մրցույթի մասնակիցները ներկայացել են երեք՝ Little Miss & Mister United World դեսպան, Little Miss & Mister United World տաղանդ եւ Little Miss & Mister United World մոդել անվանակարգերում:
«Մեր երկիրը ներկայացնող 9-ամյա Ալեքս Ալեքսանյանն ու 11-ամյա Էլեն Պատիրյանը հանդես եկան Little Miss & Mister United World մոդել անվանակարգում: Միջազգային ժյուրին մասնակիցներին գնահատեց հարցազրույցի փուլում, առանձին գնահատվեց նրանց պատրաստած պորտֆոլիոն: Մեր երկրի պատվիրակներին ժյուրին գնահատեց նաեւ ազգային տարազի, Art costume-ի ցուցադրությունների ընթացքում: Մրցութային այս 4 փուլերի ընդհանուր գնահատումների արդյունքում որոշվեցին գլխավոր, Silver մրցանակակիրներն ու անվանակարգերի հաղթողները: Ալեքս Ալեքսանյանը երեք այլ երկրների մասնակիցների հետ մրցանակ ստացավ նաեւ «Լավագույն հարցազրույց» անվանակարգում: Ի դեպ, այս տարի մրցույթի Գրան պրին շնորհվեց Հնդկաստանը ներկայացնող մասնակցին: Վստահ եմ, որ շատ շուտով մենք Հայաստան կբերենք Little Miss United World 2023 մրցույթի Գրան պրին, որն անցյալ տարի նվաճել էր Հայաստանը ներկայացնող Ինեսա Պալոյանը»,- նշեց Լուսինե Բաղդասարյանը:Մեր այն հարցին, թե ինչ չափանիշներով է ասոցիացիան ընտրել Հայաստանի պատվիրակներին, մեր զրուցակիցը պարզաբանեց. «Մեր երկրի մասնակիցները տարիներ շարունակ մասնակցել են «Թոփ մոդել Հայաստան» ասոցիացիայի անցկացրած նորաձեւության ցուցադրություններին, ներկայացնելով աշխարհահռչակ ապրանքանիշների հավաքածուներ: Էլեն Պատիրյանն անցյալ տարի Բուլղարիայում անցկացված Little Miss Planet 2022 միջազգային մրցույթի Grand Prix մրցանակակիրն է, Էլենն ու Ալեքսը մասնակցել են նաեւ Դուբայում կայացած Vie Fashion Week Dubai եւ Emirates Fashion Week նորաձեւության խոշոր ցուցադրություններին: Նրանք տեսախցիկի առջեւ ներկայանալու փորձ, նաեւ կամային հատկանիշներ ունեն, որ շատ կարեւոր է միջազգային նախագծերին մասնակցելիս: Չնայած մանկական տարիքին, նրանց ունեցած միջազգային փորձն է նաեւ հաշվի առնվել ընտրության հարցում»:

Զրույցի ավարտին «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրենից հետաքրքրվեցինք 2024-ին նախատեսվող նախագծերից:

«Հաջորդ տարվա միջազգային նախագծերի մասնակցության հրավերները չափազանց շատ են: Ասոցիացիան բազմաթիվ հեղինակավոր նախագծերի ազգային տնօրենն է Հայաստանում, եւ դրանց լավագույնս ներկայանալը շատ ենք կարեւորում: Կազմակերպությունը կմասնակցի միջազգային մրցույթների, եվրոպական խոշոր ցուցադրությունների, նաեւ Դուբայում կայանալիք նորաձեւության օրերին: Ինձ համար ամենասպասվածը՝ տարիների դադարից հետո, ասոցիացիային պատկանող մրցութային ձեւաչափով նախագծերի անցկացման վերսկսումն է, որոնք վերջին տարիների ողբերգական իրադարձությունների պատճառով կանգնեցվել էր: Նախատեսվում է նաեւ միջազգային խոշոր նախագծի անցկացում, որը տեղի կունենա Հայաստանում: Վերջում ուզում եմ հատուկ շեշտել ասոցիացիայի հիմնադիր Գեւորգ Ասատրյանի աշխատանքը, որը մեծ մասամբ «կադրից դուրս» է, ով այժմ զբաղվում է նաեւ ասոցիացիայի պրոդյուսերական աշխատանքները համադրելով: Ուզում եմ նաեւ առանձնացնել խորեոգրաֆ Անահիտ Պատվականյանի ջանասիրությամբ արված աշխատանքը, ում մասնագիտական հմտությունների շնորհիվ են մեր սաները հաջողությունների հասնում միջազգային հեղինակավոր նախագծերում»,-ասաց Լուսինե Բաղդասարյանը:

Անահիտ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031