Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ, որոնք բողոքում էին, թե դոմիկի մեջ առնետը էրեխուս մատը կերավ, հիմա չեն թողնում դոմիկները հանենք»․ Քննարկում Գյումրիում

Դեկտեմբեր 08,2023 17:52

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն 2023 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հետազոտել է երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած անձանց բնակարանային իրավունքների իրացման իրավիճակը՝ կենտրոնանալով Գյումրի քաղաքի վրա ու հանգել է այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է միջազգային իրավական պարտավորությունները։

Սա այս կենտրոնի կողմից 2019 թվականից ի վեր իրականացված երկրորդ հետազոտությունն է։ Այս կառույցը հետազոտությունն իրականացրել է ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին այլընտրանքային զեկույց ներկայացնելու ու այդ նույն կոմիտեի Դաշնագրի 11-րդ հոդվածի, այն է՝ բնակարանային իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում ցույց տալու նպատակով։

Երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը» երեկ Գյումրու «Երկխոսություն» մեդիա կենտրոնում ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպել՝ «Չիրացված բնակարանային իրավունքներ․ երկրաշարժից 35 տարի անց» խորագրով։

Անահիտ Սիմոնյան

Ինչպես ներկայացրեց «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ տնօրեն Անահիտ Սիմոնյանը, նպատակ ունեն անդրադառնալ երկրաշարժից անօթևան մնացած անձանց բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման մարտահրավերներին ու դրանց լուծման ճանապարհներին։

Տաթևիկ Թոխյան

Այս կառույցի իրավական հարցերով փորձագետ Տաթևիկ Թոխյանն էլ ուշագրավ դիտարկումներ ներկայացրեց իրենց կատարած հետազոտությունից։

Նա ասաց․ «Անօթևանության պատճառներից մեկը հենց երկրաշարժն է, անօթևանությունը տարիների ընթացքում անընդհատ վերարտադրվել է հենց պետական քաղաքականության և հարցին վերջնական լուծում չտալու հետևանքով։

Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ աղետի գոտու բնակավայրերի քաղաքացիների համար պետության իրականացրած բնակապահովման ծրագրերն արդյունավետ չեն եղել, և դրանով պետության միջազգային պարտավորությունները խախտվել են, հակասել են միջազգային փաստաթղթով ստանձնած պարտավորություններին։

Պետությունը տարիներ շարունակ չի վարել միասնական քաղաքականություն այս հարցի վերջնական լուծման համար։

Արդյունավետ չի եղել գործընթացը նաև այն պատճառով, որ կոնկրետ հստակ երկխոսություն չի եղել այդ անձանց հետ, նաև իրականացված ծրագրերի հետագա մոնիտորինգ չի իրականացվել, դրա պատճառով էլ խնդիրն անընդհատ վերարտադրվել է։ Անգամ այն անձինք, ովքեր ստացել են բնակարան, բնակարանային պայմանների բարելավում, հետագայում կրկին հայտնվել են անօթևանության մեջ, ինչն արդեն ներկայիս որդեգրած քաղաքականության շրջանում հարցի հետագա լուծման բացառմանն է բերում։

Անդրադառնալով պետության ներկայիս քաղաքականությանը՝ պետք է նշենք, որ ուսումնասիրությամբ անդրադարձել ենք՝ պետությունը 2018 թվականին ստանձնել է խնդիր վերջնական լուծման պատրաստակամությունը, ստեղծվել է աշխատանքային խումբ, որի վրա դրված են եղել ժամանակավոր շինությունների հաշվառումը, խորը վերլուծություն անելը։

Աշխատանքային խմբի ներկայացրած առաջարկներով իրավական տեսքի է բերվել և ընդունվել է Կառավարության 2022 թվականի N1601 որոշումը, որով լուծում պետք է տրվեր հարցին։ Որոշման հիմքում դրվել է ժամանակավոր շինություններից բնակավայրերն ազատելու սկզբունքը և այնտեղ բնակվող անձանց վերաբնակեցման և փոխհատուցումների հետ կապված որդեգրվել է տարբերակված մոտեցում՝ հենց հաշվի առնելով այնտեղ հայտնվելու հիմքերը։

Հենց սա է, որ ամենամեծ խնդիրն է առաջացանում, հասկանալի է մի կողմից, որ տարբերակված մոտեցումը իմ նշած տարիների ընթացքում ինչ պատճառներով են մարդիկ հայտնվել այնտեղ։ Եվ ընդհանուր հավասարության դնել այնտեղ բնակվող անձանց միջև, մի կողմից հասկանալի է, բայց մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, նաև ուսումնասիրություններն են ցույց տալիս, որ իրականացվող և որդեգրված քաղաքականության արդյունքում անօթևանությունը չի վերանալու, ինչը հենց պետության հստակ պարտավորությունն է»։

Տանյա Արզումանյան

Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանն էլ նշեց՝ բնակարանային իրավունքը երբևէ չի անտեսվել, այդ իրավունքի իրացման համար տարեկան բյուջեներում մշտապես գումար տրամադրվել է, թեկուզ քիչ, սակայն անօթևանության խնդիրը չի լուծվել աղետի գոտու բնակավայրերում, քանի որ բնակարանային քաղաքականությունը չի զուգորդվել հարակից քաղաքականություններով, օրինակ՝ զբաղվածության ապահովման։

«Տարիների ընթացքում մարդը, որը չունի աշխատատեղ, չունի կեցության նվազագույն պայմաններ՝ բախվելով նվազագույն սոցիալական խնդրին՝ վաճառել է իր բնակարանը, լուծել իր սոցիալական կարիքները։ Եվ ձևավորվել է այն խնդիրը, որի հետ մենք այսօր գործ ունենք։ Պետությունների դերը ոչ թե մարդկանց ուղղակիորեն բնակարաններով ապահովելն է, այլ ստեղծել այնպիսի պայմաններ, որ կամ մարդն ինքնուրույնաբար կարողանա ձեռք բերել կամ հասանելիություն ապահովի մարդկանց համար։ Սա շատ էական է»,-ասաց բանախոսը։

Նա խոսեց նաև կառավարության կողմից ներկայումս իրականացվող ծրագրի մասին, հստակեցրեց, որ Կառավարության N1601 որոշմամբ 2023 թվականին մեկնարկ է տրված հեռացնել այն տնակները, որոնք բնակեցված չեն և բնակիչներն ունեն սեփականություն այլ տեղերում։

Խաչատուր Խնձրցյան

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն էլ տեղեկացրեց, որ 2964 ոչ հիմնական շինություններ են հաշվառված Շիրակի մարզում։

Ըստ նրա, 59 տնակներ այս պահի դրությամբ հանվել են, ապամոնտաժվել են 46-ը, սեփականաշնորհել 10 տնակ, համայնքին հանձնվել են 3 տնակներ։

Այս պահին մնացել են 2905 ոչ հիմնական շինություններ։ Նա ներկայացրեց նաև կառավարության կողմից նախատեսված աջակցման ծրագրերը, որոնք տրամադրելով բնակիչներին՝ կկարողանան ազատել մարզը տնակներից։

«Կառավարության N1601 որոշման ամենալավ բանն այն է, որ բոլոր ոչ հիմնական շինությունները մարզերում կվերանան, այսինքն` չպիտի այլևս լինեն տնակային տնտեսություն կամ ոչ հիմնական շինություններ։ Իսկ թե բնակչի կողմից բողոք կլինի, չի լինի, բնական է՝ կլինի, մարդը տուն է ստացել, վաճառել է, մնացել է տնակի մեջ, պետությունն այդ մարդու նկատմամբ կրկնակի պարտավորություն ունի՞ կատարելու, բնական է՝ չունի»,-ասաց Խաչատուր Խնձրցյանը։

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի» ներկայացուցիչները սակայն պաշտոնյաներին հիշեցրեցին, որ պետության կողմից թույլ են տրվել էական բացթողումներ․ և որ քաղաքացուն չեն կարող մեղադրել նրա համար, որ գոյություն չի ունեցել զբաղվածության խնդիրի բավարար կարգավորում, առողջապահական իրավունքների կամ կրթության իրավունքի լիարժեք իրացում, քաղաքացին, երկրաշարժից հետո գտնվելով սոցիալական ծանրագույն իրավիճակում, ունեցած բնակարանը վաճառել է, նորից տնակ տեղափոխվել։

Նաև հիշեցրեցին, որ Կառավարության որոշմամբ ընտանիքի աճի դեպքում պետության կողմից հավելյալ քառակուսի չէր տրամադրվում։

«Երբ 35 տարի հարցը չի լուծվում, ընտանիքները մեծանում են, խնդիրները շատանում։

Այս պահի դրությամբ պետությունն ունի նախորդ կառավարման փուլերից ժառանգած խնդիրների արդյունքում ձևավորված կամ անբավարար, ծայրահեղ անբավարար բնակարանային պայմանների հարց կամ փաստացի անօթևանության առջև հայտնվող քաղաքացիների խնդիր։

Հիմա նոր լուծումն այս գործընթացի կարող է միայն մեկը լինել՝ երաշխավորել, որ անօթևան ընտանիքների թվի աճի տեղի չի ունենալու տվյալ գործընթացների շրջանակներում։ Երկրորդը՝ այնպես անել, որ անձը պաշտպանված սոցիալական իրավունքների և բավարար բնակարանային պայմանների իրացման հնարավորությամբ արդեն դուրս գա տնակից»,- ասաց Անահիտ Սիմոնյանը։

Պարզ դարձավ, որ տնակները հանելու դեպքում 287 ընտանիքներ այս պահին որևէ պետական աջակցություն չեն ստանալու, նրանց ճակատագիրն անորոշ է։

Այս թեմայի շուրջ ևս տարակարծություններ հնչեցին կազմակերպիչների ու պետական պաշտոնյաների միջև։ Ի դեպ, տնակներից տեղահանվող բնակիչներից բողոքներ են հղվել ՄԻՊ-ին։

Հենրիկ Գասպարյան

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էլ ասաց, եթե ժամանակին խելացի մոտեցումներ ցուցաբերվեին, 35 տարի անց անօթևանության խնդիր չպիտի լիներ Գյումրիում, վերջ պիտի դրվեր «դոմիկային տնտեսությանը», որը պատճառ դարձավ «դոմիկային հոգեբանության» ձևավորմանը։

Ճարտարապետը կարծիք հայտնեց, որ անօթևանության խնդրի լուծման համար ճիշտ չէ ԲԳՎ՝ բնակարանների գնման վկայագրերի ներդրումը, քանի որ աշխատանք չունեցող մարդիկ բնակարանները վաճառում էին։ Իսկ բնակարանաշինություն ծավալելու դեպքում և՛ քաղաքի կառուցապատումն էր իրականացվում, և՛ նաև մարդիկ հնարավորություն էին ունենում աշխատելու շինարարության վրա։

«Կառավարության 1601 որոշումը ընդունելուց հետո համայնքապետարանը հարձակման ենթարկվեց դոմիկներում ապրող բնակիչների կողմից, մանավանդ, երբ ծանուցումները տրվեցին։

Ես գիտեմ մարդիկ, որոնք մինչև այդ բողոքում էին, թե դոմիկի մեջ վատ է ապրելը, առնետը էրեխուս մատը կերավ և այլն և այլն, բոլորը գալիս, ներկայանում են, թե դոմիկն ապրելու համար ամենալավ տեղն է։ Բոլորը մտածում են՝ ինչպես անեն, որ այդ դոմիկը պահեն, չազատեն, ձեռք չտան։ Երևի վերլուծում են, որ այնտեղ ապրելն ավելի էժան է, հարկերից, տուրքերից ազատվում են։ Բայց այն տնակները, որոնք բնակեցված չէին, հենց այնպես դրված էին, մենք ազատեցինք, արդեն 50-ից ավելի տնակներ հանել ենք այս տարվա մեջ։

Մենք երկրորդ փուլին ենք պատրաստվում։ Եթե կապիտալ շինությունները, որոնք դոմիկների հաշվառում ունեն, համապատասխանում են քաղաքաշինական նորմերին, կօրինականացնենք, դրա համար մենք որոշակի փոփոխություններ կատարեցինք նաև քաղաքաշինական փաստաթղթերում։

Մյուս տարվա պլանների մեջ քաղաքապետարանը մտցրել է իր բյուջետային մասով, որպեսզի տնակների ազատման ժամանակացույցը որ կա, մինչև 2027 թվականը կարողանանք իրագործել։ Բայց դա դժվար աշխատանք է, օրենքը բարելավման կարիք ունի գործիքակազմի հետ կապված, չեմ կարող ասել, թե ինչպես, դժվար հարց է, առնչվում է շատ դոմիկների հետ»,-ասաց Հենրիկ Գասպարյանը։

Նա նաև նշեց, որ սոցիալական բնակարանները լուծման ճանապարհներից մեկն է, իսկ քաղաքապետարանը այդ ծրագիրը իրագործում է բարեգործական հիմնադրամների ու քաղաքային բյուջեով միջոցով կիսակառույցներն են կառուցում։

Մանրամասները տեսանյութում՝

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու «Երկխոսություն» մեդիա կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031