Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ ՀԷՑ-ի պարտատոմսերի թողարկման հանդիսավոր արարողությունը

Դեկտեմբեր 19,2023 20:33

Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության պարտատոմսերի թողարկման հանդիսավոր արարողությունը:

Ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի կապիտալի շուկայում` 32 մլրդ դրամի չափով, 11.4% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով և արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է:

Պարտատոմսերի թողարկման նպատակն Ընկերության վարկերի վերաֆինանսավորումն է, ինչպես նաև ներդրումային ծրագրի շարունակականության ապահովումը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, գործառնական ծախսերի նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը:

Պարտատոմսերի հիմնական պոտենցիալ ներդրողները հայկական բանկերն ու կենսաթոշակային հիմնադրամներն են, սակայն, միևնույն ժամանակ, պարտատոմսերի ձեռքբերման գործընթացն առավելագույնս պարզեցված է ֆիզիկական անձ ներդրողների համար. յուրաքանչյուր ցանկացող կարող է ամբողջությամբ օնլայն ու ավտոմատացված եղանակով ՀԷՑ-ի պարտատոմսեր գնել՝ օգտվելով MyAmeria հավելվածի MyInvest հարթակից:

Ակնկալվում է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո պարտատոմսերը կունենան նաև ակտիվ և խորը երկրորդային շուկա` շնորհիվ արդեն իսկ ձևավորված դիվերսիֆիկացված ներդրողների բազայի, պարտատոմսերի աննախադեպ մեծ ծավալի և պրոֆեսիոնալ շուկա ստեղծողների:

«Հայաստանի ֆինանսական շուկայում սեփական պարտատոմսերի տեղաբաշխումը, կարծում եմ, կնպաստի ֆինանսական շուկայի զարգացմանը, կխթանի դրա առանցքային մասնակիցների ավելի սերտ փոխգործակցությունը», – նշեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, – « ՀԷՑ ֆինանսական կայունության երաշխիքներն են՝ կայուն, կայացած և թափանցիկ կարգավորման դաշտը, ծախսերի և ներդրումների փոխհատուցման երկարաժամկետ մեխանիզմները, կանխատեսելի և հաշվարկելի դրամական հոսքերը, էլեկտրաէներգիայի ծավալների փոփոխությամբ պայմանավորված ռիսկի բացակայությունը»:

«Ամերիաբանկի համար մեծ պատիվ է առանցքային դերակատարում ունենալ Հայաստանի էլեկտրական ցանցերի պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացում: Սա պատմական իրադարձություն է հայկական կապիտալի շուկայի համար, քանի որ պարտատոմսերի երբևէ իրականացված ամենախոշոր տեղաբաշխումն է` 32 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով: Նշանակալի է նաև այն, որ թողարկումն իրականացնում է հայկական դրամով` նպաստելով ազգային արժույթի նկատմամբ վստահությանը և երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը»,- նշեց «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Նշենք, որ «ՀԷՑ» ՓԲԸ պարտատոմսերի թողարկման ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

«ՀԷՑ» ՓԲԸ-ի մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և մատակարարմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում: Էլեկտրաէներգիայի փոխանցման համար օգտագործում է իրեն պատկանող 0.4-110 կՎ օդային և մալուխային էլեկտրահաղորդման գծերը, ենթակայանները և բաշխիչ կետերը: Ունի ավելի քան 1 մլն բաժանորդ: Հայաստանի ամենախոշոր գործատուն է:

Ընդգրկված է «Տաշիր» ընկերությունների խմբում:

 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսատեխնոլոգիական միջավայր:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ ֆինանսական տեխնոլոգիաների միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Ամերիաբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031