Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան․ «Մենք սպասելիք չունենք այս գավառամիտ, դավաճան ղեկավարությունից, որն անգամ չի կարողանում հասկանալ, որ «խաչմերուկը» գտնվում է քաղաքակրթական խզվածքի վրա»

Հունվար 01,2024 11:11

ԱԺԲ խորհուրդը,  անդամները եւ աջակիցները Ամանորը դիմավորեցին Երեւանի Ազատության հրապարակում, որտեղ նրանք շուրջօրյա նստացույց են անում Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանությանը հեռացնելու պահանջով։

ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանն ասաց․ «Մենք շատ ծանր տարի ճանապարհեցինք՝ լի հուսախաբություններով, թե մարդկային, թե Հայրենիքի կորուստով։ Մեր երկար պատմության ընթացքում  կորուստներ միշտ եղել են, սակայն մեր ժողովուրդը միշտ իր մեջ մի գեն է կարողացել կուտակել, որով ինքը անընդհատ վերադարձել է։ Մեր հայրենիքը ոչ միայն հայաթափվել է, այլեւ հայրենիք ենք վերադարձել։ Պատմության մեջ հենց Արցախի հետ կապված, առնվազն վերջին հազար տարվա ընթացքում երեք հայաթափում ենք տեսել։ Այսօր մենք նահանջ ենք արձանագրում, որն սկսվեց  2020 թվականի 44-օրյա պատերազմով»,-ասաց Գարեգին Չուգասզյանը եւ արձագանքելով մայրաքաղաքում գիշերային հրավառություններին՝ ավելացրեց, որ սա էլ է նահանջի նշան, որ մեր ժողովրդի մի մասը անգիտակից ձեւով փորձում է այդ նահանջը  իր հոգեբանության մեջ այս աղմուկ-աղաղակով լռեցնել։ Ապա շարունակեց․

«Իսկ իրականությունը բավականին դառը եւ ցավոտ չափումներ ունի։ Ինչ կատարվել է մեր հետ, դա ամբողջ պատկերը չէ։ Ամբողջ պատկերն այն է, որ մեր ժողովրդի համար ճակատագրական վայրիվերումների մի ամբողջ շրջան ենք ապրում։ Ամբողջ այս տարածաշրջանում թեժ կետերն ավելանում են։ Սա մեզ պիտի հուշի, որ այս վայրիվերումների մեջ կան շահերի մշտական ռազմավարական ուրվագծեր։ Եվ այդ շահերի մեջ մենք պետք է կարողանանք մեր ռազմավարական անելիքների տեսլականը տեսնել եւ այս նահանջի մեջ ոչ մի դեպքում չհուսահատվել։ Որովհետեւ տեսնում ենք՝ նույն տարվա ընթացքում տեղի ունեցան շատ խոշոր փոփոխություններ հենց մեր տարածաշրջանում։ Վրաստանին շնորհվեց նոր կարգավիճակ, ինչի շնորհիվ ԵՄ-ն  ռազմավարական իմաստով մտնում է տարածաշրջան։ Նույն տարում նաեւ տեսանք, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ինչ խորը հակասություններ գոյություն ունեն, երբ իրանական 50 հազարից ավելի բանակային կանգնած էր Ադրբեջանի սահմանի վրա։

Սա նշանակում է, որ Հարավային Կովկասի համար տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությունը ուժեղանում է։ Եվ մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի այդ մրցակցության մեջ իր շահերին տեր կանգնել, տեսնել, թե ում շահերն են համընկնում մեր շահերի հետ։ Այս իմաստնությունը պետք է 2024 թվականին ուղեկցի մեզ, որովհետեւ  2024-ը շատ մեծ անորոշություններով, վայրիվերումներով տարի է լինելու։ Բայց հիմնական ռազմավարական շահերը նույնն են մնալու եւ դա մեզ հավատի, հույսի հիմք է տալիս։

Իհարկե, մենք սպասելիք չունենք  մեր այս գավառամիտ, դավաճան ղեկավարությունից, որն անգամ չի կարողանում հասկանալ, որ «խաչմերուկը» գտնվում է քաղաքակրթական խզվածքի վրա եւ որպեսզի այն աշխատի, դու պետք է ամուր կոնստրուկցիա ունենս, պաշտպանել կարողանաս, որովհետեւ այդ «խաչմերուկը» ձեռքիցդ կխլեն, քեզ ոչ մեկը չի թողնի, որ դու այդ «խաչմերուկի» վրա լինես տեր-տնօրեն, եթե դու չես ուզում պաշտպանել այդ «խաչմերուկը»։ Անգամ այս հասարակ հանգամանքները չհասկացող եւ ժողովրդին մանիպուլացնող ղեկավարությունից սպասելիք չկա։ Բայց հենց այստեղ ոչ միայն այսօր հավաքված ժողովրդի եւ նաեւ բանտված մեր ընկերների օրինակները ցույց են տալիս, որ մեր դիմադրությունը չի սպառվելու, որ մենք, ժողովուրդը շարունակելու է այս ջահը վառ պահել սրանով լուսավորել հուսահատների հոգիները։

Ես բոլորին շնորհավորում եմ Նոր տարվա գալուստով, մեզ ցանկանում եմ հույս, հավատ, կամք՝ դիմադրությունը շարունակելու համար»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031