Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ասում եք՝ 10 տարի առաջ քաոս էր, ստեղծվեց համակարգ, 10 տարի առաջ ծրարներով էին մարդիկ աշխատավարձ ստանում». Լիլիթ Մինասյան

Հունվար 15,2024 15:31

Այսօր ԱԺ նիստում քննարկվեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախագծով կատարողականի գնահատման ընթացակարգ են ներդնում ՊԵԿ-ում. «Անընդհատ քննարկվում է, թե ինչ սկզբունքով է պետական ոլորտում վարձատրությունը որոշվում: Մենք որոշել ենք ներդնել կատարողականի հիման վրա հարկային եւ մաքսային աշխատողի վարձատրության համակարգ»: Հաշվի են առնելու վարչարարությունը, նաեւ միջազգային վերապատրաստումները:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ այս դեպքում ռիսկ չկա՞, որ հարկային աշխատողները կաշխատեն շատ ակտեր գրել ու խանգարել ձեռներեցությանը: Բադասյանը պատասխանեց, որ վարչարարության որակն ու բովանդակությունը փոխվել է, մոնիտորինգի համակարգ է ներդրվել, որը ճշտում է, թե որտեղ պետք է ստուգումներ լինեն, ուստի արհեստական ստուգումները բացառում են:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ հիմա, բացի աշխատավարձից՝ ստանում են հավելում, հավելավճար, պարգեւավճար: Այս օրենքի տրամաբանությունից ստացվում է, որ եթե մարդն իր գործը լավ է անում, ստանում է հավելավճար, այդ դեպքում պարգեւավճարն ինչի՞ համար են տալիս: Նրա խոսքով՝ նախկինում հավելավճարները եղել են ծանր, առանձնակի ծանր, երեկոյան աշխատելու եւ նման այլ դեպքերի համար:

Բադասյանը պատասխանեց, որ եթե նոր համակարգը ստեղծեն, պետք է հրաժարվեն այլեւս պարգեւավճարի, առանձին հավելավճարի գաղափարից:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ խառնել են ամբողջ սահմանումները ու ընտրովի վերաբերմունքով են գնահատելու աշխատողներին. «Անունը դնում եք հավելում ու խախտվում են միասնական համակարգի գրեթե բոլոր սկզբունքները՝ հավասար աշխատանքի դիմաց վարձատրության սկզբունքը: Դուք ուզում եք լուծել մի խնդիր, բայց առաջացնում եք համակարգային բազմաթիվ խնդիրներ: Ո՞վ է ասել, որ ֆիննախի քաղծառայողը, ավելի պակաս արժեք է ստեղծում, քան հարկային ծառայողը: Իմ հաշվարկներով ձեր բերած հաշվարկներով գրեթե կարելի է կրկնապատկել վարձատրությունը հարկային ծառայողների, այն դեպքում, երբ օրենքն ասում է, որ հիմնական աշխատավարձի 30%-ից ավելին չեն կարող կազմել հավելումները»:

Արթուր Խաչատրյանն ասաց, որ այսպես թաքնված կերպով ուզում են աշխատավարձ բարձրացնել, բայց բարձր աշխատավարձը բարձր կատարողականի վրա չի ազդում, այն նշանակություն ունի աշխատաշուկայից ավելի բարձր որակավորում ունեցող աշխատողների ներգրավելու համար: Նա ասաց, որ նախկինում բարդակ էր, որը վերացնելու համար ստեղծվեց կոնկրետ համակարգ: Հիմա այդ համակարգը վերացվում է. «Լավ, կառավարությունով հավաքվեք, կոնկրետ մի հատ սանդղակ մշակեք, որ այսպես ամեն մեկը վերմակը չքաշի իր կողմ»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հակադարձեց. «Դուք ասում եք՝ 10 տարի առաջ քաոս էր, ստեղծվեց միասնական համակարգ, ես կարծում եմ՝ 10 տարի առաջվանից այդ միասնական համակարգը արդեն իսկ չէր գործում, որովհետեւ ծրարներով էին մարդիկ աշխատավարձ ստանում…Մենք պետք է դուրս գանք այն մտայնությունից, որ պետական աշխատողը պետք է լինի վիզը ծուռ, գլուխը կախ, որը պետք է գումար աշխատելու միտում չունենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031