Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի 10 000-ից ավելի հայրենակիցներ արդեն իսկ աշխատանքի են անցել

Փետրվար 02,2024 17:47

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար իրականացվող զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի մասին:

Մինչ ծրագրի ներկայացումը, Զարուհի Մանուչարյանը երկու կարևոր նորություն է հաղորդել, որոնք վերաբերել են բնակվարձերին, կոմունալ վճարներին ու կենսաթոշակներին: Ըստ այդմ՝ 40 000+10 000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում հունվար ամսվա վճարները նախատեսված է իրականացնել մինչև փետրվարի 7-ը: Իսկ Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուներին թոշակը նախատեսված է վճարել հստակ գրաֆիկով՝ մինչև տվյալ 6-րդ աշխատանքային օրը:

Ինչ վերաբերում է զբաղվածության պետական աջակցության ծրագրին, ներկայացվել է, որ այն ունի երեք բաղադրիչ. առաջին բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցում և աշխատանք, երկրորդ բաղադրիչը՝ աշխատանքային պրակտիկա և աշխատանք և երրորդ բաղադրիչը՝ վերոնշյալ երկու բաղադրիչները միասին և աշխատանք:

Ռուբեն Սարգսյանը մանրամասնելով այս բաղադրիչները, նշել է, որ բոլոր երեքն էլ ունեն վճարումների սահմանված որոշակի չափեր: Ուսուցման ժամանակահատվածում տրամադրվում է կրթաթոշակ 50 000 դրամի չափով և մինչև 50 000 դրամ փոխհատուցվելու է ուսման վարձը: Պրակտիկայի պարագայում երեք ամիս 165 000 դրամ գործատուին է տրվելու, որը ներառելու է հարկեր, այսինքն՝ այն գումարն է, որը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձը կստանա որպես աշխատավարձ, որից հետո հավելյալ հարկերի փոխհատուցում է տրվելու: Իսկ եթե ուսուցում, պրակտիկա բաղադրիչի մասին է խոսքը գնում, վճարվելու է և՛ կրթաթոշակը, և՛ ուսման վարձը, և՛ երեք ամսվա պրակտիկայի գումարն ու հարկերի փոխհատուցումը:

Նախարարի տեղակալի ներկայացմամբ, առանց վերոնշյալ բաղադրիչների կիրառման, արդեն իսկ 1010 հոգի աշխատանքի են անցել, որոնք բավարարել են առաջարկվող աշխատանքների պահանջներին: Իսկ ընդհանուր առմամբ՝ Լեռնային Ղարաբաղի 10 000-ից ավելի հայրենակիցներ արդեն իսկ աշխատանքի են անցել: Օրինակ՝ կրթության ոլորտում 212 ուսուցիչ գործուղվել է մարզեր և ըստ իրենց մասնագիտության ստացել աշխատանք, առողջապահության ոլորտում 202 անձ աշխատանք է ստացել տարբեր բուժհաստատություններում: Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ աշխատանք փնտրող բոլոր հայրենակիցները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային գրասենյակներ, տեղում խորհրդատվություն ստանալ և ըստ ծրագրերի ուղղորդվել:

Զարուհի Մանուչարյանն այնուհետև անդրադարձել է սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ հաճախ տրվող հարցերին և հնչեցրել այդ հարցերի պատասխանները:

– Հայաստանի Հանրապետությունից բացակայության դեպքում արդյոք անձը զրկվո՞ւմ է աջակցությունից

Զարուհի Մանուչարյանը պատասխանել է. «Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո, անձը կարող ստանալ տվյալ ամսվա աջակցությունը: Միաժամանակ՝ տեղեկացնեմ, որ Հայաստան վերադառնալուց հետո, անձը կարող է ստանալ նաև նախորդող ամսվա համար նախատեսված աջակցությունը, եթե Հայաստանի Հանրապետությունից բացակայել է ավելի քիչ, քան 10 օր»:

– Մինչև ե՞րբ կարող է անձը հաշվառվել և դիմել կենսաթոշակի նշանակման համար, որպեսզի այն հաշվարկվի հետադարձ ուժով.

Զարուհի Մանուչարյանը պատասխանել է. «Տեղեկացնեմ, որ հոկտեմբեր ամսից կենսաթոշակ և նպաստ ստանալու համար անհրաժեշտ է հաշվառվել 2023 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 2024 թվականի մարտի 11-ը: Միաժամանակ տեղեկացնեմ, որ հաշվառման գործընթացը համակարգում և իրականացնում է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և Քաղաքացիության ծառայությունը»: Նա նաև հավելել է, որ փետրվար ամսվա համար ևս նախատեսված է, որ Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները կսպասարկվեն արտահերթ և փետրվար ամսվա ընթացքում շաբաթ օրերը ևս կսպասարկվեն անձնագրային բաժիններում:

– Արդյոք կարո՞ղ է Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներին վճարվող սոցիալական աջակցությունը բռնագանձվել, և եթե քաղաքացին նման խնդիր ունի, ի՞նչ անել:

Զարուհի Մանուչարյանը պատասխանել է. «Տեղեկացնում եմ, որ բռնի տեղահանված հայրենակիցներին սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում վճարվող սոցիալական աջակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով բռնագանձման, արգելանքի տակ վերցվելու, ինչպես նաև պարտավորությունների համար հաշվանցվելու ենթակա չեն: Նման խնդրի դեպքում անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության բաժնում, ինչպես նաև կարելի է ներկայացնել դիմում [email protected] էլեկտրոնային հասցեով կամ ուղարկել դիմում https://e-request.am/hy հարթակի միջոցով»:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829