Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորները խուսափում են անկեղծ պատասխանել լրագրողների հարցերին

Փետրվար 02,2024 20:30

Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի հրամանով այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում դատավորներն ընտրեցին ՍԴ նոր դատավորի թեկնածու՝ Դավիթ Բալայանին, որը համալրելու է ՍԴ դատավոր Արայիկ Թունյանի` ԵԱՏՄ դատավոր ընտրվելու հետեւանքով առաջացած թափուր տեղը:

Ժողովի անցկացման վայրը առաջացրել էր լրագրողների տարակուսանքը, որոնք արձանագրել էին, որ առաջին անգամ դատավորների ժողովը կայանում է կառավարության շենքում, ինչը գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում կարող է դիտարկվել: Սակայն ԲԴԽ-ն պարզաբանել է, թե գումար խնայելու նպատակով ժողովի անցկացման վայր ընտրվել է այնպիսի դահլիճ, որը կտրամադրվի անվճար:

ՍԴ դատավորի երեք թեկնածու էր առաջադրված. Երեւանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, ՀԿԴ դատավոր Կարապետ Բադալյանը եւ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ տեղափոխված Դավիթ Խաչատուրյանը, որը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է:

Մինչեւ դատավորների կառավարության շենք մտնելը լրագրողները փորձում էին նրանցից ճշտել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, մասնավորապես, թե ինչպե՞ս են վերաբերվում ժողովը կառավարության շենքում անցկացնելուն, ո՞վ է լինելու նրանց սրտի դատավորը, որին կտան իրենց քվեն եւ այլն, սակայն ոչ բոլորն էին տրամադրված պատասխանել:

Մնացական Մարտիրոսյանը խուսափելով պատասխաններից, լրագրողներին առաջարկում էր բոլոր հարցերը ուղարկել դատական դեպարտամենտ եւ այնտեղի մամուլի ծառայությունից ստանալ պատասխանները:

Կարապետ Բադալյանը դժվարությամբ հիշեց, թե քանի մրցակից ունի, սակայն նշեց, որ բոլոր թեկնածուներն էլ արժանի են: Հարցին, թե ամբողջ հասարակությունը ակտիվ քննարկում է, որ նախկին պաշտոնյաների ապօրինի գույքի բռնագանձման գրեթե բոլոր գործերն ինքն է քննում, բայց մինչեւ այժմ ոչ մի պաշտոնյա չի էլ պատրաստվում վերադարձնել` ասելով, թե ինչ արել են, օրինական են արել, Կարապետ Բադալյանը պատասխանեց. «Գործերը չենք կարող մեկնաբանել, դատական ակտերը կլինեն` կտեսնենք»:

Վահե Դոլմազյանը չսպասելով լրագրողների հարցերին` ասաց, որ քաղաքական հայտարարությունների մեկնաբանություն չի կարող տալ: Նա լռությամբ պատասխանեց դահլիճի ընտրության հետ կապված հարցին, թե չի՞ զարմանում, որ դատական իշխանությունը այցելում է գործադիր իշխանություն: Բայց պատասխանեց հարցին, որ ինքը նախկին պաշտոնյաների է դատում, որոնց մասին տարբեր գնահատականներ են հնչում եւ ինքը չունի՞ դրանց պատասխանները:

«Մեր պատասխանները արտացոլվում են դատական ակտերով»: Իսկ դիտարկմանը, որ դրանց արձագանքները արձանագրվում են ԵԺԿ նիստերում, որտեղ արձանագրվում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, ՀԿԴ դատավորը հակադարձեց, որ դատարանները արդարադատություն են իրականացնում եւ չեն զբաղվում քաղաքական հայտարարություններով:

Վահե Դոլմազյանը լրագրողի հարցին, թե իր հայտարարությունը, որ ինքը Նիկոլ Փաշինյանին այնքան է սիրում, որքան Արմեն Աշոտյանը, վրիպա՞կ էր, թե իրոք այդպես է, կարճ պատասխանեց, որ լրագրողներն են իրենց ընկալումները որոշում: Իսկ ճշտմանը, որ քաղաքական գործերում ավելի հաճախ իր անունն է հնչում, արձագանքեց., որ գործերը համակարգն է մակագրում:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829