Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախության հռչակագիրը իրավաբանորեն անփոփոխելի փաստաթուղթ է». Արթուր Ղամբարյան

Փետրվար 07,2024 13:30

Հայ սահմանադրագետներ Գագիկ Հարությունյանը եւ Արթուր Ղամբարյանը տարիներ առաջ նշել են Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության ինքնավարության, Անկախության հռչակագրի անփոփոխելիության մասին։

Այսպես, Գ. Հարությունյանի խորաթափանց մոտեցմամբ՝ Անկախության հռչակագիրը «հայկական սահմանադրականության անբաժանելի մասն է»։ Նկատենք, որ նա չի նշում՝ Հռչակագիրը Սահմանադրության կառուցվածքային մասն է, այլ նշում է, որ Անկախության հռչակագիրը սահմանադրականության անբաժանելի մասն է, իսկ «Սահմանադրությունը» եւ «սահմանադրականությունը» նույնական չեն։

Ա. Ղամբարյանը, ամենայն հավանականությամբ, նախազգալով այն, ինչ այսօր իշխանությունները ցանկանում են անել Անկախության հռչակագրի եւ ՀՀ Սահմանադրության հետ, 2020թ. իր հոդվածներից մեկում նշել է մի քանի թեզեր, որոնք ներկայումս հասարակությանը կօգնեն գիտակցել Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության կապը: Այսպես, ըստ Ա. Ղամբարյանի.

«1) Անկախության հռչակագիրը նախասահմանադրական փաստաթուղթ է, այն Սահմանադրության գոյարանն է, դրա արարման հենքը: Սահմանադրության նախաբանի սկիզբը վկայությունն է այն բանի, որ Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախասկիզբն է:

Անկախության հռչակագիրն ամրագրում է հայ պետականության եւ դրա պահպանության անմաշ (մշտնջենական) հիմունքները, որոնց վրա պետք է խարսխվի նաեւ ձեւական իմաստով Սահմանադրությունը:

2) Անկախության հռչակագրի ճակատագիրը ինքնավար է ՀՀ Սահմանադրության ճակատագրից: Սահմանադրությունները, այդ թվում՝ նրանց նախաբանները փոփոխական են (շարադրվում են նոր խմբագրությամբ), Անկախության հռչակագիրը՝ անփոփոխ (անանց) է:

Անկախության հռչակագիրը իրավաբանորեն անփոփոխելի փաստաթուղթ է։ Հայ պետականության հավերժական եւ անծախ (անսպառ) երաշխիքը՝ Անկախության հռչակագիրը չի կարող դադարել, այն չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն, այն հարատեւ գործող փաստաթուղթ է:

Անկախության հռչակագրի ինքնավարությունը եւ անփոփոխելիությունը հիմք են տալիս պնդելու, որ ժողովրդի պետականություն ունենալու իրավունքի նյութական կեցությունը անոչնչանալի է եւ կախված չէ Սահմանադրությունից:

Հայաստանի անկախության հռչակագիրը պետականաստեղծ (հիմնադիր) նշանակության ակտ է, ուստի այն պետք է ընկալել որպես պետականության պահպանման անանց (հավերժական) երաշխիք»:

Նոր Սահմանադրություն ընդունելու եւ Անկախության հռչակագրի գոյությունը դադարեցնելու ներկայիս իշխանության վտանգավոր նախաձեռնությունների ֆոնին Գ. Հարությունյանի եւ Ա. Ղամբարյանի այս թեզերը (Գ. Հարությունյան «Հայաստանի անկախության մասին հռչակագրի պետականագիտական դերն ու նշանակությունը նորանկախ Հայաստանի իրավական համակարգի ձեւավորման գործում», «Զեկույց Հայաստանի անկախության մասին հռչակագրի ընդունման 20-ամյակին նվիրված ընդունելության առիթով», 23 օգոստոսի 2010թ., www.concourt.am.) եւ՝ Ա.Ղամբարյան «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը. պետականապահպանության անանց երաշխիք», Բանբեր արդարադատության ակադեմիայի, 2020, N 2 (4), էջեր 30-40) թերեւս պետք է ստանան լայն ճանաչում՝ վերածվելով ազգային օբյեկտիվ իրավունքի բաղկացուցիչ մասի, որի պարագայում որեւէ քաղաքական ուժ, անկախ նրանից, թե ինչ կանեն թղթերի հետ, միեւնույն է, չեն կարող փոխել ազգային իրավունքի բնույթը։

«Առավոտի» իրավական բաժին

«Առավոտ» օրաթերթ
06.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829