Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյան․ «Ձեզ թվում էր, որ մենք պետք է ձեռքներս ծալենք, ասենք՝ վայ, տապալեք բոլոր նախագծերը, բոյկոտեք, վայ, մեր ընդդիմությունը հանկարծ չնեղանա»

Փետրվար 07,2024 14:52

«Քաղաքական անհաջող մունետիկ Հայկ Մարությանը, որ մեկ-մեկ կարողանար որպես քաղաքապետ գար աշխատանքի, գուցե որպես ավագանի այս օրին չլիներ, մենք էլ, որպես քաղաքային իշխանություն, ստիպված չլինեինք իր չարածներն անելու»,- Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի լիազորությունը վաղաժամ դադարեցնելու մասին նախագիծը ներկայացնելուց հետո ասաց «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը։

Ապա նա անդրադառնալով «Մայր Հայաստան»-ից Մանուկ Սուքիասյանին՝ ասաց․ «Երեւանն ու Արգիշտի 1 հասցեն ձեր նման քաղաքական մուրացկաններ դեռ չեն տեսել՝ նույնիսկ Արգիշտիի ժամանակից սկսած։ Ձեզ մոտ փառահեղ ստացվում է ծամածռվելը։ Կարող եք Հայկ Մարությանի «Սուպեր մամա» 3-4 կինոներում դեր ուզել ու գնալ ծամածռվել»։

Մանրամասն՝  տեսանյութում

«Ազգային առաջընթաց» խմբակցությունից Գրիգոր Երիցյանն էլ արձագանքեց՝ «Անի ջան, քեզ հարց չունեմ, քանի որ շատ հստակ է, թե ինչու ես դու ներկայացնում այս նախագիծը, անձնական նաեւ որոշակի խնդիրներից ելնելով տիկին Աղեկյանի նկատմամբ»։

Նա հարց ուղղեց «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանին՝ որպես նախկին իրավապաշտպանի․ «Ի՞նչ եք կարծում, եթե դատարանի միջոցով վիճարկվի այս հարցը, քանի որ Երեւանի մասին օրենքով, ՏԻՄ օրենքով, Երեւանի ավագանու կանոնակարգով անհարգելիության ռեեստր չի վարվում եւ ավագանու որոշումը բարձր չէ օրենքից, դատարանն այս որոշումը կչեղարկի՞, կվերականգնվե՞ն արդյոք ավագանու անդամների լիազորությունները»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ հարցերը պետք է տալ զեկուցողին․ «Պարոն Երիցյան, դուք առաջին նիստից անընդհատ կանոնակարգից եք խոսում, հիմա էլ կանոնակարգից դուրս ցուցումներ եք տալիս»։

«Ձեզնից սովորել եմ խախտել»,- տեղից արձագանքեց Երիցյանը։

Երեւանի ավագանին 34 ձայնով կողմ քվեարկությամբ որոշեց Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել։

Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ մենք չենք զրկում որեւէ մեկին մանդատից, որովհետեւ նրան չենք սիրում, չենք զրկում մանդատից, որովհետեւ նա քաղաքային իշխանություններին շատ է քննադատում․ «Մենք զրկում ենք մանդատից այն անդամներին, որոնք ամենաշատը չեն մասնակցել քվեարկություններին։ Անկեղծ լինեմ, Սոնա Աղեկյանի մասով ես էլ որոշակի ափսոսանք ունեմ։ Օրենքն ասում է՝ բոյկոտեք այնքան, մինչեւ 50% քվեարկություններին մասնակցել եք։ Բայց էդ բոյկոտելը անձրեւանոցի տակ անգործություն մի դարձրեք։ Ձեզ իրապես թվո՞ւմ էր, որ մենք պետք է ձեռքներս ծալենք, ասենք՝ վայ, ամեն ինչ արեք, տապալեք բոլոր նախագծերը, բոյկոտեք, ու մենք էլ ձեռքներս ծալենք, ասենք՝ վայ, մեր ընդդիմությունը հանկարծ չնեղանա։ Եթե ավագանու անդամն իր պարտականությունները չի կատարում, ինչո՞ւ չպիտի հանենք»։

Մանրամաները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829