Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի, որ կենաց-մահու կռիվ պետք է տանք, ոչ թե լսենք՝ կռիվ է, ինքնաթիռի տոմսը 2000 դոլարով առնենք ու փախնենք»․ Գագիկ Մելքոնյան

Փետրվար 13,2024 12:37

 «Առավոտի» հարցերին պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

-Պարոն Մելքոնյան, Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ վիրավոր: Այս գործընթացները ցույց են տալիս, որ թշնամին խաղաղության չի գնում։ Իշխանությունը պլան «բ» ունի՞, բացի խաղաղության մասին հայտարարություններ ու շարունակական զիջումներ անելուց։

-Թշնամին երբեք չի ցանկանա խաղաղություն, մինչեւ չհասնի իր վերջնական նպատակին։ Վերջնական նպատակն էլ այն է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է վերցնի։ Բայց այդտեղ հարցեր կան։ «Զանգեզուրի միջանցքը» ո՞ւմ է ավելի շատ պետք՝ Ադրբեջանին եւ Ռուսաստանին։ Այնպես որ, Ռուսաստանն ու Ադրբեջանն ինչ անում են, իրար հետ համագործակցված են անում։

-Դա պարզ է, ես հարցնում եմ, թե մենք՝ որպես պետություն, ո՞նց ենք դիմագրավելու այս մարտահրավերներին, պետությունը պատրաստվո՞ւմ է համարժեք դիմադրության։

-Մենք՝ որպես երկիր, պատրաստվում ենք, զենքեր ենք ձեռք բերում, սպառազինություն ենք ձեռք բերում, ամեն տեսակի տեխնիկա ենք ուզում ունենալ, շատ երկրների հետ արդեն պայմանագրեր ունենք։ Պատրաստվում ենք, այնպես չէ, որ մենք նստած սպասում ենք, թե ինչ կլինի։ Մենք էլ մեր կողմից պետք է պատրաստ լինենք եւ մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի ամեն ինչի։ Մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի նրան, որ մենք կենաց-մահու կռիվ պետք է տանք մեր երկրի համար, ոչ թե լսենք՝ կռիվ է, սկսենք ինքնաթիռի տոմսը 2000 դոլարով առնել ու փախնել այստեղից։

– ՊՆ-ն երեկ հաղորդագրություն տարածեց, որ «ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին, հետաքննվում է: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»: Ի՞նչ տեղեկություն ունեք այս հայտարարության մասին։

-Ես պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել, որովհետեւ այդ քննությունը չի ավարտվել։ Բայց որ քննություն է ընթանում, դա միանշանակ է։

-Ի՞նչ է նշանակում ՊՆ այս ձեւակերպումը՝ «հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»: Այսինքն՝ զորքին արգելվա՞ծ է կրակել, սրանով ի՞նչ խնդիր է լուծվում, դիմադրությո՞ւնն է չեզոքացվում։

-Մոռացեք այդ բառերը՝ հրաման կա կրակելու, հրաման չկա կրակելու։ Եթե թշնամին քայլ է անում դեպի քեզ, դու պարտավոր ես կրակել։ Պարտավոր ես, դա հրամանով չէ։ Եվ հիմա պարզվում է, տեսնենք այդ ո՞նց է եղել, իրենք դուրս են եկել, մերոնք են խփել, թե՞ մերոնք դուրս են եկել, իրենք են խփել։ Այս քննությունը պետք է ավարտվի, որ հստակ հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունեցել այնտեղ։

– Բաքուն արդեն հայտարարել է, թե փետրվարի 13-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները, «ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի», իրականացրել են «Հատուցում» գործողություն։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ներքին Հանդի բնակավայրի մոտ գտնվող Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքն ամբողջությամբ ոչնչացվել է։ Ի՞նչ տեղեկություն ունեք։

-Իրենք սուտ են խոսում, մենք էլ քիչ պետք է լսենք Բաքվի հայտարարությունները։ Փաստորեն մենք զոհեր ու վիրավոր ունենք։ Իրենց կողմից իրենք չեն ասում՝ ինչ կա, ինչ չկա, բայց մենք ասում ենք, որ մեր կողմից կա 4 զոհ ու վիրավոր։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829