Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պատմականորեն աննախադեպ «խաղաղասիրություն»

Փետրվար 16,2024 10:00

Որքան ուսումնասիրել եմ տարբեր ժողովուրդների պատմությունը, դեռեւս ոչ մեկի մոտ չեմ հանդիպել դրվագի, երբ սպանվում են որեւէ երկրի զինվորները, իսկ այդ երկրի ղեկավարությունը փաստացի ասում է՝ «վայ, կներեք, մենք էինք մեղավոր»: (Ընդ որում, կարեւոր չէ, թե ով որքանով է իրականում մեղավոր): Իսկ երբ երկրի ղեկավարն անձամբ է խոստանում, թե «մեղավորները կպատժվեն», դա, համաձայնեք, արդեն ամբողջությամբ «նորույթ» է թե՛ աշխարհին, եւ թե՛ սեփական երկրին հղված ուղերձի առումով:

Այս իշխանությունն արդեն իսկ ապացուցել է իր «աննախադեպությունը», երբ վարչապետը հայտարարում էր, որ իր պետության ինքնիշխան տարածքի այս կամ այն հատվածի համար պատերազմ չի սկսի: Եթե ինձ հարցնեք, ապա նման հայտարարությունից հետո ոչ մի ղեկավար չպիտի մնա իր պաշտոնին:

Աշխարհն, իբր, պետք է համոզվի, որ մենք չափազանց խաղաղասեր ենք: Սակայն, անկախ նրանից, այդ համոզմունքը կա, թե չկա, ոչ մի իրական օգուտ դա մեզ չի բերում: Առավել եւս թշնամին մեր նվաստացումից «չի փափկում», եւ իր՝ ամեն օր մեծացող հավակնություններից չի հրաժարվում: Հակառակը՝ ավելի լկտի եւ ագրեսիվ է դառնում:

Իսկ Հայաստանի հասարակությունում իշխանության այս կեցվածքի պատճառով թուլանում է դիմադրողականությունը եւ ձեւավորվում է հետեւյալ տրամադրությունը. «Այսօր ապրենք, վայելենք կյանքը: Վաղը ինչ ուզում է, թող լինի»: Բայց այդ «այսօրը» կարող է տեւել օրեր, շաբաթներ, ամիսներ: Թեկուզ տարիներ: Միեւնույն է, պարզ է, որ դա խաղաղության դարաշրջան չէ: Դարձյալ պատմությունը ցույց է տալիս, որ թշնամու առաջ չոքելով խաղաղության հնարավոր չէ հասնել: Խաղաղությանը հնարավոր է հասնել, երբ թշնամին վախենում է քեզ վրա հարձակվել:

«Բա ի՞նչ եք դուք առաջարկում», – սովորաբար այդ հարցն են տալիս ՔՊ-ական քարոզիչները: Ես կարող եմ առաջարկել միայն այն քայլերը, որոնք ակներեւ են, մակերեսի վրա են՝ դադարել թշնամուն նոր ագրեսիվ քայլեր անելու «հրավերներ անելուց»: «Ինչ ուզում եք՝ արեք, մենք չենք պատասխանի, մենք հավատարիմ կմնանք խաղաղության օրակարգին»՝ դա հարձակման հրավեր է:

Իսկ ավելի սկզբունքային լուծումներ առաջարկելու համար պետք է տեղյակ լինել Հայաստան – Ադրբեջան, Հայաստան – ԵՄ (ԱՄՆ), Հայաստան – ՌԴ ոչ պաշտոնական շփումների մանրամասներից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հայլ says:

    Աշխարհին համոզել,որ մենք խաղաղասեր են և միաժամանակ պատրաստվել պատերազմի,դա իրարամերժ չէ։
    Ի միջի այլոց,ես բացարձակ չեմ հանդիսանում ՔՊ ի խոսափողը։Դուք երևի մտածում եք,որ Ալեն Սիմոնյանն է մեկնաբանում Ձեր հոդվածները։Ստիպված եմ հիասթափեցնել։ Ես չեմ հանդիսանում որևէ պաշտոնյա,քարոզիչ,իմ եկամուտները քաղաքականության հետ որևէ կերպ կապված չեն,ես չունեմ ընկեր,ծանոթ,բարեկամ որևէ չինովնիկական օղակում,հեռուստացույց չեմ նայում,որևէ քարոզչության տրամադրության տակ չեմ մնում։
    Իմ աշխարհայացքը ձևավորում է ,առանց մեկնաբանությունների,լուրեր ընթերցելով։

    • Հ.Շ. says:

      Իսկ պատերազմի նախորդ փուլին արդիւնքները նկատի ունենալով, խելացի բա՞ն է, որ յաջորդն ալ ղեկավարէ նոյն գերագոյն հրամանատարը, իր նոյն վարչակարգով:

      Թէ ոչ, հիմա տարբեր է կացութիւնը… այլեւս չկայ *5րդ շարասիւն*…
       
      Ի դէպ, պատերազմին պատրաստուելու համար, անհրաժեշտ է նաեւ դարմանել ու զօրացնել ոչ-ռազմական թիկունքը:

      • Հայ says:

        Ես ինքս շատ եմ քննադատել Նիկոլին,մանավանդ երբ Տավուշի փոքր առճակատման հաջողություններից ոգևորված, իրեն Տիգրան Մեծ էր զգում, հայտարարում էր,որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը մենք ունենք։
        Բոլոր նրա պաշտոնյաները, իրար հերթ չտալով, հայրենիքի նվիրյալներ էին խաղում,Աղդամում նկարվում և ասում էին սա մեր հայրենիքն է,մյուսն էլ ասում էր “նոր պատերազմ նոր տարածքներ” և իհարկե,ամենափառահեղ խոսքը “Արցախը Հայաստան է և վերջ”
        Բոլորն ուրախանում և ծափահարում էին,միայն ես էի ամոթից և սարսափից մտել սեղանի տակ,որ չլսեմ ու չտեսնեմ էս հիմարությունները։
        Ես չգիտեմ,արդյոք հիմարություններ գործած ղեկավարը կարող է ղեկավարել թե ոչ,բայց կարծում եմ,որ ես չեմ որոշում դա։Ես չեմ նշանակել Նիկոլին վարչապետ,որ ես էլ գահընկեց անեմ։
        Եթե Դուք չունեք ՀՀ քաղաքացիություն, կամ ինչ որ այլ պատճառով չեք կարող մասնակցել ընտրություններին,խոստանում եմ Ձեզ,գնալ և Ձեր թեկնածուի օգտին քվեարկել,քանի որ ես իմ փոխարեն չեմ գնում ընտրությունների։

        • Հ.Շ. says:

          Մին՝ հանելով, միւսը (ով որ էլ նա լինի)՝ նրա տեղը դնելով, չի լուծուիր մեր այս խնդիրը:

          Անհրաժեշտ է, բառացիօրէն՝ կենսական է, որ բոլոր քաղաքական գործիչները ձեւ մը գտնեն իրարու հետ լեզու գտնելու: Զիրար թող շարունակեն ատել, սակայն իրենց մէջ ուժը գտնեն՝ ազգային էական շահերը գերադասելու այդ – թէկուզ նոյնիսկ արդարացի – ատելութեան:

          Եւ իրապէս որ այդքան ալ բարդ չէ այս լուծումին գործընթացը, մեխանիքան: Պայմանաւ որ բոլորը ուզեն զայն կիրառել: Նոյնիսկ միայն ժամանակաւոր կերպով: Մինչեւ որ իսկական, երկարատեւ զինադադար մը հաստատուի: Պատերազմի յառաջիկայ բռնկումին որպէս – հանգրուանային – յանգում:

          Հայդուկ Շամլեան

  2. Հ.Շ. says:

    Արդարեւ,
    . նախորդ պատերազմը Փամինյանը հրահրեց, իր կռուազան խօսքերով
    . այս մէկն ալ գրգռում է՝ իր խաղաղապաշտական ելոյթներով

    Երկու պարագաներին ալ, անշուշտ իր շրջապատի ֆոնային երգեցողութեան մասնակցութեամբ՝ իր աղէտաբեր համերգին:

    Հայդուկ Շամլեան

    • Հայ says:

      Ադրբեջանը,որպես սպառնալիք, գոյություն չունի։Մեր հիմնական սպառնալիքը Ռուսաստանն ու Թուրքիան են ,նրանք են կանգնած Ադրբեջանի հռետորաբանության թիկունքում,հենց նրանք են առիթ ման գալիս, որ Ադրբեջանին հրահանգ տան հարձակվելու և իրար մեջ անեն Սյունիքը։
      Պուտինը Կարլսոնին հարցազրույց տալու ժամանակ ասաց,որ Լեհաստանը ինքն էր մեղավոր, որ Գերմանիան հարձակվեց,քանի որ Լեհաստանը չուզեց զիջել միջանցք,որը կմիավորեր գերմանական ինչ -որ տարածքներ։Նա արդեն շատ բաց տեքստով է խոսում մեզ հետ։
      Էն ընդդիմադիրները,որոնք քննադատում են Փաշինյանին Ադրբեջանի հանդեպ մեղմ լինելու մեջ, պատրաստ են Ադրբեջանին ռուսական վերահսկողությամբ միջանցք տրամադրել,իսկ անունը կդնեն,որ դա արդեն Փաշինյանն էր ստորագրել։
      Ես հույս ունեմ,որ ոչ թե Փաշինյանը,այլ արևմուտքը կկարողանա Ալիևին հանել ռուսական և թուրքական ազդեցությունից և ստիպել առանց որևէ պահանջի խաղաղության պայմանագիր կնքել։
      Միգուցե չստացվի,չգիտեմ։
      Այլընտրանքը դա ռուսական հարթակն է,որը մեզ որպես պետություն կոչնչացնի։

  3. Ruben says:

    1989 թվականի հունվարից յուրաքանչյուր սահմանամերձ բնակավայր պաշտպանվում է զինված ջոկատների կողմից։ Նրանց անվանում էին ֆիդայիներ։ Զենքերը «տնական» էին: Գործում էին ԱԻՄ բանակը (Նավասարդյան Աշոտ, Մովսես Գորգիսյան, Լեոնիդ Ազգալդյան…), Հայոց ազգային բանակը (Վասիլյան Ռազմիկ, Վարդանյան Վարդան, Արամո…), ՀՀՇ ջոկատը (Գևորգ, Վիտյա…), Արաբո (Մանվել, Եղիազարյան Մանվել), դաշնակներ, Արաբկիր, Կարս, Տիգրան Մեծ և շատ ու շատ ջոկատներ։
    Չմոռանաք, որ ԼՏՊ-ն լուծարեց բոլոր ջոկատները՝ անվանելով անօրինական զինված խմբավորումներ։
    1990 թվականին Սուվորովի դպրոցի բազայի հիման վրա ստեղծվեց Հայաստանի զինված ուժերի հիմքը՝ առաջին օրինական պետական զինված կազմավորումը՝ ՄՀՆՋ, որը իրականացնում էր «Շտապ օգնության» ֆունկցիա սահմանի ողջ երկայնքով և…: Հետո ստեղծվեց Հատուկ գունդը: Մինչև 1992 թվականի վերջը հանրապետությունը չուներ կանոնավոր բանակ։ Անունը կար, բայց գործող բանակը չկար։
    Չկար կանոնավոր բանակ, բայց կռվեցինք և ազատագրեցինք հայկական հողեր…
    1993-ին սկսվեց քաոսը, կողոպուտը, ռեկետը, ավազակապետությունը և տևեցին 30 տարի:
    Հիմնադիրը, անկասկած, գոհ է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829