Լրահոս
Օրվա լրահոսը

Եղբոր մահվան պատճառով 6 օր բացակայելուց հետո աշխատանքից դուրս են հրավիրել, քաշքշել․ Ի՞նչ է կատարվում ՀԿԽԸ Շիրակի մարզային մասնաճյուղում

Փետրվար 20,2024 20:22

Հայկական Կարմիր խաչ ընկերությունում սկիզբ առած ինտրիգները, կարծես թե, տեղափոխվում են Շիրակի մարզ։

Այսօր Aravot.am-ին էր դիմել Հայկական Կարմիր խաչ ընկերության (ՀԿԽԸ) Շիրակի մարզային մասնաճյուղի տնային խնամքի ծառայության ավագ բուժքույր, մենեջեր Սվետա Մուսայելյանը՝ պատմելով, որ հարազատ եղբոր մահից հետո այսօր աշխատավայր ոտք դնելուն պես՝ մարզային մասնաճյուղի նախագահ Սամվել Մադոյանն իրեն անօրինական ձևով աշխատանքի չի թողել, քաշքշել է՝ ձեռքից խլելով համակարգիչն ու չթույլատրելով աշխատել։

Սվետա Մուսայելյանի ասելով՝ ինքը պարտաճանաչ աշխատակիցներից է, եղբոր մահվան ժամանակ նույնիսկ պահեստի բանալին է հանձնել Մադոյանին, որ հանկարծ աշխատանքը չտուժի։

6 օրյա բացակայությունից հետո, երբ այսօր ներկայացել է աշխատանքի, Սամվել Մադոյանը բարկացած սկսել է գոռգոռալ, թե անօրինական է բացակայել և պիտի բացատրություն գրի, թե ինչու չի ներկայացել։

Սվետա Մուսայելյանի ներկայացմամբ, ըստ Աշխատանքային օրենսգրքի՝ ինքը տվյալ դեպքում 3 օր իրավունք ունի բացակայելու, ու մինչ մյուս երեք օրվա համար գլխավոր քարտուղարին ուղղված բացատրագիր է գրել, մասնաճյուղի ղեկավարը իրեն զրկել է աշխատելու հնարավորությունից։

Ըստ նրա, Սամվել Մադոյանը, համակարգիչը «զոռով» իր ձեռքից խլելով՝ չի թույլատրել անգամ փակել ֆեյսբուքյան էջն ու լուսանկարները հանել համակարգչից։

Մինչդեռ, աշխատակցուհու ասելով, Սամվել Մադոյանը իրավունք չուներ այդ կերպ վարվելու, քանի որ ինքն աշխատանքից ազատված չէ։

Ըստ նրա, Շիրակի մարզային մասնաճյուղի նախագահը իրեն որոշել է պատժել այն պատճառով, որ մասնակցել է Երևանում տեղի ունեցող համագումարին, որի ժամանակ էլ կատարվել է նոր նախագահի ու նոր նախագահության անդամների ընտրություն։

Հիշեցնենք, որ արտահերթ համագումարում ՀԿԽԸ նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ընտրվել է ընկերության նախագահի պաշտոնում, մինչդեռ Հայկական Կարմիր խաչ ընկերության նախագահության փաստաբան Լևոն Բաղդասարյանը նրան մեղադրում է ինքնագործունեության ծավալելու մեջ։ Փաստաբանն ասուլիս էր հրավիրել՝ «հանցագործության մասին» հաղորդում ներկայացնելով։ Այս կառույցի շուրջ սկանդալ է հասունացել։

Ինչևէ, Aravot.am-ը պարզաբանում խնդրեց նաև Հայկական Կարմիր խաչ ընկերության (ՀԿԽԸ) Շիրակի մարզային մասնաճյուղի նախագահ Սամվել Մադոյանից, որը իր հերթին պնդեց, թե աշխատակցուհին է քաշքշել իրեն, հրել, վայր գցել ՝ չցանկանալով համակարգիչը տալ։

«Նրա եղբայրն էր մահացել, վեց օր չէր եկել աշխատանքի, զանգեց, թե եղբայրս մահացել է։ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս նման դեպքում երեք օրից ավել հարգելի համարել բացակայությունը։ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 176 հոդվածի 4-րդ կետի համաձայն, եթե հարազատ է մահացել, 3 օր անվճար արձակուրդ տալու իրավունք կա։

Ես իմ լիազորությունների շրջանակներում ասել եմ՝ բացակայած մյուս երեք օրվա համար բացատրություն գրել, որպեսզի ուղարկեմ Երևան, թող այնտեղ որոշեն՝ ինչպես են վարվելու։ Դրանից հետո խնդրել եմ պետական համակարգիչը վերադարձնել, քանի որ բազում ծրագրեր կան այնտեղ, նա չտվեց, քաշքշեց, 70 տարեկան մարդ եմ, ինձ վայր գցեց»։

Մեր դիտարկմանը, թե արդյոք աշխատակցուհու հետ նման կերպ վարվելու պատճառը համագումարին մասնակցե՞լը չէ, նա պատասխանեց․ «Ես որևէ մեկին չեմ արգելել համագումարի գնալ, դա ինձ չհետաքրքրող բան է, ես միշտ ասել եմ՝ օրինական դաշտի պահապանն եմ, պիտի աշխատենք՝ ըստ կանոնադրության։

Նա ինչպես կարող է անհարկի բացակայել, երբ մենք ծերերի խնամք են կազմակերպում Արթիկում, Մարալիկում, խոսքը 103-104 շահառուների մասին է, մեկին տակդիր է պետք հագցնել, մյուսին կերակրել, սա պատասխանատու աշխատանք է։

Երբ համակարգիչն ուզեցի, ասաց՝ ինձ իմ ֆեյսբուքն է պետք, ասի՝ քո ֆեյսբուքը ոչ մեկին չի հետաքրքրում, մեր ծրագրերն են մեզ հետաքրքիր, բայց նա ինձ հրեց, գցեց ներքև, ես 70 տարեկան եմ, սուտ չեմ խոսում, սա է ճշմարտությունը։

Ասել եմ՝ առայժմ չես աշխատի, բացատրագիր գրի, ուղարկեմ Երևան, տեսնենք Երևանից ինչ կասեն։ Իրեն ասացի՝ գնա, պատասխանեց, որ ոչ մի տեղ էլ չի գնա ու մնաց»,-պարզաբանեց Սամվել Մադոյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829