Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգալի՛ց խոսիր վարչապետի մասին». ՔՊ-ականների արձագանքը՝ Մհեր Սահակյանին

Փետրվար 28,2024 18:18

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ասաց. «Անկեղծ ասած, չեմ կողմնորոշվում հարցս ում պետք է ուղղեմ՝ ՏԿԵՆ նախարարին, ՊՆ նախարարին, թե՞ իրենց նշանակողին»: ՔՊ-ականները միանգամից վրա տվեցին, թե՝ հարգալից խոսիր վարչապետի մասին, Սահակյանն արդարացավ. «Հարգանքով: Ինձ թվում է՝ խախտում չարեցի, կառավարության ղեկավարն է նշանակում նախարարներին»: ՔՊ-ականները սխալների ուղղում արեցին. «Դե ասեիր՝ հարցս ուղղում եմ կառավարության ղեկավարին»:

Սահակյանի հարցը վերաբերում էր Երեւանի փողոցների փոսերին. «Երեւան քաղաքի փողոցներում առկա փոսերը պաշտպանական, ինժեներական կառույցնե՞ր են, խրամատնե՞ր, թե՞ հերթական անգամ քաղաքապետարանի կողմից դրսեւորած անպատասխանատու եւ անբարեխիղճ վարքագիծ»: Ալեն Սիմոնյանը հորդորեց հարցը գրավոր ուղղել, քանի որ ինքն էլ կողմնորոշված չի ում պետք է ուղղել այդ հարցը:

Այս իրավիճակը անհարմար դրության մեջ դրեց ՔՊ-ական Արսեն Թորոսյանին. «Ես մի քիչ անհարմար դրության մեջ եմ հայտնվում, որովհետեւ մոտավորապես էդ տիպի հարց պետք է տամ ու պարոն Սանոսյանին»: Վարչապետ Փաշինյանը տեղից ասաց. «Կարեւորը՝ կողմնորոշվել ես»:

«Կողմնորոշվել ենք, հա, պարոն վարչապետ, արդեն վաղուց»,- արձագանքեց Թորոսյանը ու դահլիճում բարձր տրամադրության ներքո հարց ուղղեց փոսերի վատ վերականգնման մասին. «Ես ինձ ինչ հիշում եմ, գրեթե չեմ տեսել օրիգինալ տեսքի բերված ճանապարհ՝ աշխատանքներից հետո: Եվրոպական երկրներում էլ են քանդում, բայց որ վրայով անցնում ես, չես զգում այդ տարբերությունը մարմնով»:

Ի պատասխան՝ ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանն ասաց. «Կարծում եմ, մի քիչ էլ դուք կողմնորոշվելու կարիք ունեք այն առումով, որ ձեր նման մենք էլ ենք այդ խնդրից բողոքում: Ճանապարհները մեր տիրապետման ներքո են եւ մենք Վիոլայի, ՀԵՑ-ի, Գազպրոմի հետ սկսում ենք խնդիրներ ունենալ»: Նա ասաց, որ սարերում, ձորերում կարողանում են ճանապարհ կառուցել, բայց երկու ասֆալտների միացումը խնդրահարույց է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829