Լրահոս
Օրվա լրահոսը

35-ամյա վիրաբույժին կհաջողվի արդյո՞ք շտկել Կապանի հիվանդանոցի «մեջքը»

Մարտ 11,2024 18:30

Սյունիքի մարզպետի որոշմամբ  «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր եւ կրծքավանդակի վիրաբուժական բաժանմունքի ընդհանուր վիրաբույժ Արսեն Բաբայանը մարտի 11-ից նշանակվել է  Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Տնօրենի նոր պաշտոնակատարը 35 տարեկան է, ծննդով կապանցի է։ Նշենք, որ 2022թ․-ից մինչեւ օրս Կապանի բժշկական կենտրոնը երեք տնօրեն է ունեցել։ Այդ ժամանակ տնօրենի պաշտոնակատար նշանակվեց կենտրոնի վնասվածքաբանական ծառայության պետ Ասատուր Ասատրյանը։ 2023 թվականի հունվարին հաղթելով մրցույթում նա նշանակվեց տնօրեն, իսկ 2023թ-ի սեպտեմբերին ազատվեց աշխատանքից։ Պատճառը՝ աշխատանքը չկազմակերպելն ու պարտքեր կուտակելն էր։

Վիճակը շտկելու համար, Ռոբերտ Ղուկասյանն  այդ ժամանակ Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց  մասնագիտությամբ դեղագործ, Սյունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ 61-ամյա Արմեն Թադեւոսյանին։ Վերջինս ու Ասատուր Ասատրյանը մասնակցեցին այս տարվա հունվարին կայացած տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին, բայց ոչ մեկը չհաղթահարեց մրցույթային հանձնաժողովի պահանջները։

«Որեւէ օբյեկտիվ պատճառ չկա, որ Կապանի ԲԿ-ն չկարողանա լինել զարգացող կենտրոն, եղած գործոնները միայն սուբյեկտիվ են, ճիշտ է՝ դրանք տարիների ընթացքում են կուտակվել։ Կապանի ԲԿ-ն պետք է մեջքը շտկի, դառնա ծաղկող ու զարգացող եւ լինի լավագույններից մեկը»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը՝ բժշկական կենտրոնի աշխատակիցներին  ներկայացնելով տնօրենի նոր պաշտոնակատարին։

Բնականաբար, նա տնօրենի նախկին պաշտոնակատար Արմեն Թադևոսյանին շնորհակալություն հայտնեց, նորանշանակ պաշտոնակատարին էլ հաջողություններ մաղթեց։ Արսեն Բաբայանը շնորհակալություն հայտնեց մարզպետին վստահության համար։

Կապանի ԲԿ տնօրենի պաշտոնակատար Արսեն Բաբայանը

«Ուրախ եմ վերադառնալ հայրենի քաղաք ու հնարավորություն ունենալ ձեռք բերած փորձը կիրառել տեղի առողջապահական ոլորտի զարգացման համար»,-ասաց վիրաբույժ Բաբայանը։

Նշենք, որ  «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ, այն կկայանա 2024թ․ ապրիլի 26-ին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031