Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ոսկեպարը Հայաստանի դարպասն է, Արցախը մեր ողնաշարն էր, կոտրվեց, էս պետք չի կոտրվի, պետք է պայքարենք». ոսկեպարցի

Մարտ 23,2024 22:12

«Վարչապետին 7-ից 10 օր ժամանակ է տրվել՝ ոսկեպարցիների առաջարկությունները լսելուց հետո որոշում կայացնելու համար: Վարչապետն ասաց՝ լուծումներ կփնտրենք, կգանք ձեր հետ կխորհրդակցենք, կհասկանանք: Իսկ ինչ վերաբերում է, որ ասում են՝ Ոսկեպարը հանձնում են, ասեմ՝ Ոսկեպարի վրով խոսակցություն չի եղել, խոսքը եղել է էս վերեւի հատվածի մասով՝ Աշաղի Ասկիպարա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեպարի բնակիչ Վահագն Մախսուդյանը:

Ինչպես հայտնի է, վարչապետն օրեր առաջ այցելել է Ոսկեպար, մշակույթի տանը հանդիպել բնակիչների հետ ու ասել, որ եթե Ադրբեջանի ուզած 4 գյուղերը չտանք, պատերազմ կլինի: Իսկ թե որ 4 գյուղերի մասին է խոսքը, վարչապետը ներկայացրել էր նաեւ ԱԺ-ում: Փաշինյանն ասել էր, որ Ոսկեպարի դիմաց գտնվող Աշաղի Ասկիպարա գյուղը, Կիրանցի դիմաց գտնվող Խերեմլին, Բերքաբերի դիմաց գտնվող Կիզիլ Հաջիլին ու Բաղանիս Այրումը միշտ էլ ադրբեջանական են եղել՝ երեկ էլ, 20 տարի առաջ էլ:

Մախսուդյանն ասաց, որ ոսկեպարցիները բարկացել են, չեն ուզում ընդունեն. «Թուրքը գալու է վերեւում նստի, ռազմավարական նշանակություն ունի այդ տարածքները իր համար, թուրքը միամիտ չի դա անում, սաղս էլ հասկանում ենք ինչ քաղաքականություն է տանում: Գալու է էնտեղ նստի, հետո՝ Լոռու մարզ, հաջորդականություն է ունենալու: Իրան հարց ենք տվել՝ դուք երաշխավորո՞ւմ եք, որ թուրքը սահմանագծին նստի, իրենից վտանգ չի ներկայացնի, ասել է՝ ես չեմ երաշխավորում ոչ մի բան: Էդ է եղել մեր խոսակցությունը: Իսկ գյուղում տրամադրված ենք այսպես՝ սա գյուղացու հարցը չի, ամբողջ Հայաստանի հարցն է: Սա Հայաստանի դարպասն է, այստեղից է սկսում ամեն ինչ, Արցախը մեր ողնաշարն էր, կոտրվեց, էս պետք չի կոտրվի, պետք է պայքարենք: Ես չեմ ասում Արցախի համար չեն պայքարել, Արցախի համար շատ ուժեղ մարտեր են գնացել ու էն մարդիկ, որոնք պատերազմական վիճակում եղել են այնտեղ, այդ մարդիկ պարտված չեն»:

Հարցին՝ ԱԺ-ում վարչապետն ասաց, որ Ոսկեպարի դիմացի, Կիրանցի, Բաղանիսի դիմացի տարածքները միշտ էլ ադրբեջանական են եղել, հետեւաբար տալու հարց չկա, ճի՞շտ ենք հասկանում՝ նա պատասխանեց. «Տալու հարցն այն է, որ այնտեղ հայկական գերեզմաններ էլ կան, փաստեր կան, եկեղեցին 5-7-րդ դարի է, իսկ ԱԺ-ում նշեցին 8-րդ դարի, իսկ մենք պատմություն անցել ենք, բոլորս էլ գիտենք, թե ոնց են իրենք վերաբերվել քրիստոնյաներին, եթե այնտեղ թուրք ապրեր, հաստատ կվերացնեին: Բայց մենք չենք նայում վարչապետն ինչ է ասել, մենք քաղաքական դիրքորոշում չունենք, մեր քաղաքական դիրքորոշումը սահմանն է, սահմանը պահելու ենք»:

Ճշտեցինք՝ բա որ իշխանությունը որոշի, որ զորքը հետ պետք է քաշել՝ նա պատասխանեց. «Զորքը հետ չի քաշվի, զինվորը հետ չի գնալու: Հայ սպայի վրա վստահ ենք, որ հետ չի գնա, հուսով ենք, որ քաղաքական իշխանությունն էլ նման քայլի չի գնա: Էս ամբողջ Հայաստանի հարցն է, միայն տավուշեցու, ոսկեպարցու խնդիրը չի: Մենք պատրաստ ենք մինչեւ վերջ կանգնել մեր հողի վրա»: Թե ինչպե՞ս, երբ իշխանականներն ասում են՝ ռեսուրս չունենք, զենք չկա, բայրաքթարների պատերազմ է՝ նա պատասխանեց. «Բերեք չքաղաքականացնենք: Պատերազմ կլինի՝ կպատերազմենք, ի՞նչ ա եղել, մենք պատերազմից վախենո՞ւմ ենք: Չե՛նք վախենում: Յուրաքանչյուր ոսկեպարցի պատերազմում ցույց է տվել քաջություն, էս անգամ էլ է ցույց տալու: Ուղղակի ուզում ենք մարդիկ սկսեն հավատան հայ ազգին ոչ թե պառակտվեն, այլ համախմբվեն, ոտքի հելնեն… Իսկ եթե հարցը վերաբերում է զենքին, որ պատերազմը սկսեց, չի կարա պետությունը զենք չտա: Մարդիկ սկսել են Ոսկեպարի մասին անցյալով խոսել, իսկ Ոսկեպարը կանգուն է, մնալու է, թող վստահ լինեն՝ չի հանձնվելու: Տավուշում անկլավներ չկան եւ չեն էլ եղել, էդ մեր սահմանն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031