Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիսուս Քրիստոս երկրի վրա է քայլել, իսկ իրենք քայլում են մեր վրայով». Հոգեւորականներն արձագանքում են Նիկոլ Փաշինյանին

Ապրիլ 01,2024 15:10

Օրերս Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Կա Հիսուս Քրիստոսի հոգեւոր եւ կրոնական ընկալումը, բայց ինձ համար պակաս կարևոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը, որովհետեւ ինձ համար Հիսուս Քրիստոսը, ոչ միայն Աստծու որդի է, այլեւ առաջնորդի իդեալական կերպար եւ իմ ընկալմամբ, նաև երբեւէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը, որն ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ՝ հաղթելով թվացյալ պարտության միջոցով»:

«Ես երբեմն այս բանաձեւն ասոցացնում եմ մեր քաղաքական գործունեության հետ եւ մեր կուսակցության հետ… Ես չգիտեմ՝ այս մասին հրապարակավ խոսե՞լ եմ, թե՞ ոչ , բայց մեր կուսակցական ֆորմատներում մի քանի անգամ եմ ասել, որ այս վերջին 6 տարվա ընթացքում մեր կուսակցությունը, մեր քաղաքական թիմը , մեր քաղաքական առաքելությունը, հույս ունեմ՝ ասածս կոպիտ չի հնչի, բազմիցս մեռել է եւ բազմիցս հառնել է: Ես սրա մեջ մեծ խորհուրդ եմ տեսնում»,-նաեւ ասել էր նա՝ ծիծաղելով:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Aravot.am-ի խնդրանքին՝ մեկնաբանել Փաշինյանի ասածները, նշեց, որ չի ցանկանում դրանք մեկնաբանելով լեգիտիմացնել: Ապա հեգնանքով պատասխանեց Փաշինյանին. «Քամին մրսեց իր ասածից… Անլուրջ խոսքին պետք է անլուրջ վերաբերմունք ցույց տալ…Իր ասածներից էլ ոչ Հիսուսի առաքելությունն է փոխվում, ոչ էլ նվազում է, ինչ ուզում է, թող ասի…»:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Aravot.am-ի հետ զրույցում հետեւյալը նշեց. «Կարծեմ ինքն ասել էր, թե երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը Հիսուս Քրիստոսն է: Մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի՝ որպես մեծագույն հեղափոխական լինելու հանգամանքը, բնականաբար, իր գյուտը չէ, բազմաթիվ մտածողներ, աստվածաբաններ, քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ այդպես բնութագրել են, եւ նաեւ երկու աստվածաբանական ուղղությունների հիմք է դարձել այդպիսի բնութագրումը:

Դրանցից մեկը Ազատագրության աստվածաբանությունն է (Liberation theology ), որը նաեւ Հարավային Ամերիկայում շատ մեծ ազդեցությունն է ունեցել եւ տեղ է գրավել մտածողության իմաստով: ԱՄՆ-ում տեղի ունեցած՝ սեւական ժողովրդի շարժումների մեջ առանցքային նշանակություն է ունեցել Ազատագրության աստվածաբանությունը, որը նաեւ Հին Կտակարանի վրա է հիմնված, բնականաբար Մովսեսի եգիպտական գերությունից ազատագրումից մինչեւ Հիսուս Քրիստոս՝ որպես մեծագույն Ազատագրողը:

Նաեւ ուրիշ մեկ աստվածաբանական ուղղություն կա, որը կոչվում է Աշխատանքի աստվածաբանություն՝ այդ ասպարեզում հեղափոխություն բերած եւ նաեւ լայն առումով քաղաքակրթական, մշակութային, գաղափարական ու հոգեւոր իմաստներով հեղափոխություն: Բայց իր (Նիկոլ Փաշինյանի-Գ.Հ.) ասածի դեպքում համեմատություն է արված, որ երկրի վրա քայլած առաջին հեղափոխականն է, այսինքն` ցանկացել է համեմատել այն ամենի հետ, ինչ իրենք են արել, եւ ինքն է արել: Սա հետեւանքների ու արդյունքների առումով նույնիսկ որեւէ համադրություն, զուգադրություն չունի, անգամ նույնության նշույլ չունի:

Այն աղետը, ինչ իրենք բերել են քայլելով, եւ այն օրհնությունը, ինչ բերել է մեր տերը այս երկրի վրա ծնված լինելով եւ ապրելով, լրիվ հակադրություններ են, ոչ թե համեմատություններ կամ նույնություններ: Իսկ իրենց (ՔՊ-ականների-Գ.Հ.) մեռնել-հարություն առնելու պահով, չգիտեմ՝ իրենք հարություն առե՞լ են, թե չեն առել: Նշեմ նաեւ, որ Հիսուս Քրիստոս երկրի վրա է քայլել, իսկ այս մարդիկ քայլում են մեր վրայով»:

Եսայի քահանա Արթենյան

Հավելենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանն էլ ֆեյսբուքի իր էջում ի պատասխան Փաշինյանի ասածների՝ գրել էր. «Քրիստոսին խաչեցին հենց նրա համար, որ չցանկացավ հեղափոխական լինել եւ հեղափոխություն անել»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930