Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԿՕՍ» շաբաթաթերթում երեւանյան «Արշակ Բ» օպերայի մասին հոդվածի հեղինակի յուրօրինակ ուխտը

Ապրիլ 03,2024 12:30

«ԱԿՕՍ» շաբաթաթերթում երեւանյան «Արշակ Բ» օպերայի մասին հոդվածի հեղինակի յուրօրինակ ուխտը

Իր ստեղծումից շուրջ 160 տարի անց հայկական միակ՝ Ազգային օպերային թատրոնի կոլեկտիվը, համաշխարհային օպերային արվեստի նշանավոր գործիչների մասնակցությամբ հայ հանդիսատեսին եւ մայրաքաղաքի հյուրերին մարտի 22-ին առաջին անգամ ներկայացրեց Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերան բնագրով՝ իտալերեն, Թովմաս Թերզյանի լիբրետոյով։ Մենք մինչ պրեմիերան եւ պրեմիերայից հետո ներկայացրել էինք ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, չուխաճյանագետ եւ չուխաճյանասեր Աննա Ասատրյանի խոսքը։ Միայն արժե հիշեցնել, որ ըստ մասնագետի՝ «2024թ. մարտի 22-ը պատմական օր է ոչ միայն հայ, այլեւ մերձավորարեւելյան երաժշտական թատրոնի տարեգրության մեջ. այդ օրը Երեւանի օպերային թատրոնում առաջին անգամ բեմ բարձրացավ հայկական առաջին օպերան»։

«Արշակ Բ»-ի պրեմիերայի օրը հանդիպեցինք Ստամբուլի «ԱԿՕՍ» շաբաթաթերթի մեր երիտասարդ գործընկեր Մարի Հովհաննիսյանին։ Պրեմիերայից ընդամենը օրեր անց, ըստ պայմանավորվածության, Մարիից ստացանք «ԱԿՕՍ»-ում տպագրված «Չուխաճեանի «Արշակ Բ» օփերայի վերածնունդը» հոդվածը, որում հեղինակը մանրամասն ներկայացրել է օպերայի ստեղծման, անցած ուղու պատմությունը եւ, իհարկե, պրեմիերայի հաջողությունը։

Պրեմիերայի օրը Մարիի հետ զրույցից տեղեկացանք, որ օրիորդն անսովոր ուխտ է արել. 2019թ. Արարատ լեռան լանջին խոստում է տվել, որ մինչեւ չտեսնի Մեծ Հայքի 15 նահանգները եւ Փոքր Հայքը, չի այցելի աշխարհի եւ ոչ մի երկիր։ «Այսօրվա դրությամբ 14 նահանգում եմ եղել, չեմ եղել միայն Փայտակարանում։ Ոտք եմ դրել 14 նահանգի հողի վրա, տեսել եմ հայկական բոլոր լճերը՝ Կապուտանը, Սեւանը, Վանա լիճը, բոլոր գետերը՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը… Սլացել եմ Հայկական լեռնաշխարհի ամբողջ երկայնքով, տեսել պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքները, բացահայտել եմ հայոց դրախտը՝ Ավետյաց էրգիրը, տեսել եմ այն ուխտավայրը, ուր ժամանակին ուխտի են գնացել Սայաթ-Նովան, Կոմիտասը, խնդրել Սուրբ Կարապետին իրենց տաղանդ շնորհել…»,- ասաց Մարին։

Տեղեկացնենք, որ Մարի Հովհաննիսյանը զբաղվում է գիտական աշխատանքով, ծավալում հասարակական գործունեություն։ Մեզ հայտնի է նրա հեղինակած «Սոս Սարգսյան. կենսամատենագիտություն» գիրքը, կազմել է «Հիշարժան տարեթվեր 2023» եւ «Հիշարժան տարեթվեր 2024» մեթոդ-մատենագիտական ձեռնարկները։ Նրա  հասարակական գործունեության մասին կարող ենք փաստել հետեւյալը. «Արեւմտյան Հայաստանի արդի վիճակը», «Հայկական ճարտարապետական դպրոցները», «Միջնադարյան Հայաստանի հոգեւոր կրթական կառույցները» եւ բազմաթիվ այլ մասնագիտական հոդվածներով հանդես է եկել հայաստանյան եւ միջազգային գիտաժողովներում։ Որոշ միջոցառումների հեղինակ ու համակազմակերպիչ է, այդ թվում՝ «Արագածոտնի պատմամշակութային նկարագիրը» խորագրով գիտաժողովի, նաեւ «Թալինի գանձերը» խորագրով քառալեզու ֆիլմերի ստեղծման ծրագրի հեղինակն ու կազմակերպիչն է։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930