Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում օտարերկրացիների կողմից խմբի կազմում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպք է բացահայտվել. Ուկրաինայի երկու քաղաքացի կալանավորվել է

Ապրիլ 03,2024 15:13

2024 թվականի մարտի 29-ին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի մոտակայքում նշված վայրում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են երկու անձանց, որոնցից մեկը, նկատելով, իրավապահներին, ձեռքից ինչ-որ իր է նետել և ավտոմեքենայով հեռացել: Ավտոմեքենան կանգնեցվել է և նշված անձինք, իրենց կողմից շահագործվող մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Ոստիկանության Էրեբունու բաժին: Պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ անձինք հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կապույտ գույնի կպչուն ժապավենով  փաթեթավորված, թմրամիջոցի նմանվող զանգվածով 8 փաթեթ: Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ արդեն իսկ հաստատվել է, որ նշված փաթեթներից երկուսի պարունակությունը «Մեթադոն» տեսակի թմրամիջոց է:

Օտարերկրացիների կողմից շահագործվող ավտոմեքենայի խուզարկությամբ, որը, ինչպես պարզվել է, ձերբակալվածներից մեկի կողմից վարձակալվել է, հայտնաբերվել է ևս 10 հատ դեղին, 10 հատ կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթաթված և 10 հատ ստվարաթղթե փաթեթներ: Վերջիններիս պարունակությունը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։

Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան վարձակալած անձը նախնական համաձայնության է եկել վերոհիշյալ իր ծանոթի հետ՝ խմբի կազմում, շահադիտական դրդումներով, յուրաքանչյուր փաթեթի տարածման դիմաց գումար ստանալու պայմանով, թմրամիջոցներ իրացնելու հարցի շուրջ։ Ապա քննությամբ դեռևս չպարզված անձից, իրացման նպատակով, նրանք ապօրինի ձեռք են բերել թմրամիջոցների 38 փաթեթ, որոնք 2024 թվականի մարտի 29-ին տեղափոխել են Երևան քաղաքի Արին Բերդ փողոց: Սակայն նկատելով ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցներին՝ իրենց մոտ գտնվող թմրամիջոցների 8 փաթեթը՝ «Մեթադոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, նետել են՝ փորձելով խույս տալ պարեկներից, ինչը կանխվել է վերջիններիս կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930