Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքն ազատվում է Ֆիրդուսի թաղամասի հիշողությունից

Ապրիլ 04,2024 13:00

«Էլիտար հեռանկարով» ջնջվում է «պատմական միջավայրի» հետքը

Մարտի 22-ին հերթական վտարումը եղավ Ֆիրդուսի թաղամասում: Այս անգամ՝ 13 հասցեում: Սարգսյանների ընտանիքը հրաժարվում էր դուրս գալ իրենց տնից, ուր այցելել էին «Էլիտ գրուպ» ընկերության ներկայացուցիչները, այն էլ ոստիկանների ուղեկցությամբ, որոնք պահանջում էին դուրս գալ տնից, որպեսզի տունը քանդեն: Սարգսյաններն այդ տանն էին բնակվում 40 եւ ավելի տարիներ, երեխաներ են ունեցել, ընտանիքն էլ 9 անձից էր բաղկացած, բարեխղճորեն կատարել են վճարումները:

Սարգսյանների գործը դատարանում է, ասել է թե՝ դատական գործընթացը դեռ չի ավարտվել, մարդիկ չեն ստացել փոխհատուցում (փոխհատուցման չափն էլ առաջարկում են ընկերությունները, այլ ոչ թե իրական սեփականատերերը-Ռ.Մ.), նախապես ծանուցված չեն եղել տունն ազատելու մասին, եւ այն աստիճան հանկարծակի էին եկել, որ առանց գումարի, առանց տանիք- ծածկ գտնելու, հայտնվեցին իրենց սեփական տան դարպասների դիմաց…

Երեկ շրջեցի այլեւս հողին հավասարեցված թաղամասում:

2018 թվականի մարտին Կառավարության որոշմամբ «Ֆիրդուսի 33» թաղամասի՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքները բաժանվեցին տասնութ լոտի եւ հանձնվեցին տարբեր ընկերությունների: Մասնավորապես, «Զեյթուն քոնսթրաքշն» եւ «Բաբերդ քոնսթրաքշն» ընկերություններին իրավունք տրվեց կառուցապատել 6500 քմ տարածք (Խանջյան փողոցի հետնամաս):

Հանրապետության հրապարակի հարեւանությամբ՝ Տիգրան Մեծի պողոտայի եւ Հանրապետության, Փ. Բուզանդի ու Խանջյան փողոցների միջակայքում նոր շենքեր են կառուցվում՝ «էլիտար» հեռանկարով ջնջելով պատմական միջավայրի հետքերը:

Ընկերությունները դիմեցին դատարաններ՝ մայրաքաղաքի ամենահին թաղամասի բնակիչների սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ ընկերությունների սեփականության իրավունքի ճանաչման եւ անշարժ գույքն իրենց հանձնելու պահանջով: Ուշագրավ է, որ դատարաններն անընդհատ փոխվում են, այսինքն, մարդիկ անգամ չեն հասցնում գնալ իրենց գործով դատարաններ, երբ ծանուցվում են նոր դատարանի՝ նոր դատավորի մասին…

Այստեղ դեռ ապրում են մարդիկ, որոնց վտարման հայցերը դատարանում են, առավոտ գնում են աշխատանքի, երեկոյան ահը սրտերում վերադառնում տուն:

Նրանք վախենում են, թե մի օր աշխատանքից վերադառնալով, չսպասելով դատական գործընթացի ավարտին, դեռ չստացած իրենց փոխհատուցման գումարները, «hանրության գերակա շահերի ապահովման» պատճառաբանությամբ կտեսնեն «Առավոտի» լուսանկարներում պատկերված իրենց հարեւան տների նման ավեր տունը: Այս պահին տասից ավել ընտանիքներ դեռ կան: Խնդիրն այն է, որ մինչեւ վերջնական նրանցից ազատումը, պետք չէր քանդել այս տները, որոնք դարձել են տարատեսակ կենդանիների, աղբի, ահասարսուռ տարածքներ, հատկապես գիշերային ժամերին:

Նախկին կառուցապատողները խոստանում էին, թե հնաբնակներին տներ կտան նորակառույց տներում, սակայն այդպես էլ հրաժարվեցին կատարել իրենց խոստումները (հիշենք, Գսպոյան եղբայրների պատմությունը, երբ նրանց խոստացան տուն տալ, հետո, սակայն, շենքը վաճառվեց մեկ այլ անձի-Ռ.Մ.): Ավելորդ է ասել, որ այստեղ կային տներ, որոնք պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված շենքեր էին, իսկ քանդված շենքերի մեջ կային անգամ 19-րդ դարի…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.– Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ երեկ փորձ էր արվում վտարել նույն թաղամասի գրեթե 100-ամյա բնակիչ Հասմիկ Շահինյանի ընտանիքին Ֆիրդուսի 15 հասցեից՝ առանց անշարժ գույքի դիմաց փոխհատուցման:

«Առավոտ» օրաթերթ
03.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930