Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե ձեզ համար տհաճ լինի, բայց հնարավոր է՝ երեկոյան այս դուռն էլ բացվի». Սարգիս Արզումանյանը՝ Սունդուկյանի տնօրինությանը

Ապրիլ 08,2024 11:22

6-րդ օրն է, ինչ «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը նստացույց է անում թատրոնի մուտքի մոտ: «Պահանջը մեկն է՝ «Գոյ» թատրոնը լինի անկախ: Նաեւ ուզում եմ եւս մեկ բան հիշեցնել. կարծես մեծ ազդեցություն չկա, սոցհարթակում փոքր ինչ պասիվ եք, սիրելի հանդիսատես, մեկ ամիս չպետք է գնալ որեւէ թատրոն, հատկապես Սունդուկյան թատրոն: Սրանով մենք մեր բողոքի ձայնն ենք հայտնում այս իշխանությանը»,-ֆեյսբուքյան էջով ուղիղ միացմամբ ասաց Սարգիս Արզումանյանը:

Նա նաեւ հավելեց. «Այս քանի օրերի ընթացքում լինում են տարբեր իրադարձություններ: Իրավական դաշտում ունենք մի կարեւոր դատական հայց՝ ՀՀ կառավարության 701-Ն որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին եւ ներկայացրել էինք եւս մեկ հայց՝ պետռեգիստրի որոշումը անվավեր ճանաչելու մասին: Բայց դատարանը որոշել էր, որ այնտեղ շտկումների կարիք կա, հետ էր վերադարձրել, ինչը նորմալ է, միտում չենք տեսնում:

Մենք հայցում շտկումները կատարել ենք, պահանջը հստակեցրել ենք եւ տվել ենք դատարան, հայցն ընդունվել է վարույթ: Իսկ երբ հայցը վարույթ է ընդունվում, կասեցվում են բոլոր գործողությունները: Սա շատ ուրախալի փաստ է հատկապես մեր աշխատակիցների համար, որովհետեւ Սունդուկյան թատրոնը որպես կեղծ իրավահաջորդ՝ իրեն իրավունք էր վերապահել «Գոյ» թատրոնի աշխատակցներին ծանուցումներ ուղարկել, ժամկետ էր սահմանել՝ չգալու դեպքում նրանց՝ աշխատանքից ազատելու վերաբերյալ: Այսօր՝ ապրիլի 8-ին ունեինք մի քանի աշխատող, որոնց ապօրինաբար Վարդան Մկրտչյանը պետք է աշխատանքից ազատեր: Բայց ի դժբախտություն իրեն՝ չի կարող, որովհետեւ օրենքի ուժով այդ գործողությունները կասեցվում են»:

Սարգիս Արզումանյանը նաեւ ասաց, որ շատ հնարավոր է՝ «Գոյ» թատրոնի փակված դուռը այսօր բացվի, մինչեւ լինի դատարանի վճիռը: Նա դիմեց Սունդուկյան թատրոնի տնօրինությանը. «Հարգելիներս, հանկարծ չփորձեք այսօր գործից ազատել մեր այն աշխատողներին, որոնց ծանուցումներ էիք ուղարկել: Կամ գուցե ազատեք, ձեր խղճին ենք թողնում, պարզապես նորից այս ամենը գնալու է իրավապահ մարմիններին հասնի… Գուցե ձեզ համար տհաճ լինի, բայց հնարավոր է, որ երեկոյան այս դուռն էլ բացվի»:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930