Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինծառայողների ծնողներ. «Սուտ խոսելով պատերազմը տանուլ տվեցին ու մինչեւ հիմա էլ նույն բանը շարունակում են անել»

Ապրիլ 09,2024 18:25

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանի ներկայիս իրավիճակի եւ թշնամուն Տավուշի գյուղեր հանձնելու՝ իշխանության մտադրության մասին համոզմունք հայտնեցին, որ երկիրն այս վիճակին միանշանակ հասցրել են իշխանությունները: «Մեղավորը մենք ենք ու մեր ընտրած իշխանությունը:

Այսօր մեր հարավային սահմանները վատ վիճակում են: Մենք ունենք երկու ճանապարհ: Մեկն արդեն մերը չի: Եվ եթե Տավուշն էլ էլ հանձնում ենք թուրքին, մնում ենք առանց ճանապարհ: Կուզեն՝ կթողնեն երկրից դուրս գանք, կուզեն՝ չեն թողնի: Բայց կթողնեն այնպես, ինչպես արցախցիներին՝ մի ուղղությամբ ու ձեռքերը թափ տալով, որպես գաղթի ճանապարհ: Արցախցիները գոնե գալու համար Հայաստան ունեին: Հիմա եթե մենք մեր երկիրը կորցնում ենք, հայը կորցնում է իր ամբողջ հայրենիքը»,-ասացին նրանք:

Անդրադառնալով սահմանների լավ կահավորված լինելու մասին իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, ծնողները նրան խորհուրդ տվեցին գնալ ու որոշ հատվածներում խրամատների 50 սմ խորությունը տեսնել: «Սուտ խոսելով պատերազմը տանուլ տվեցին ու մինչեւ հիմա էլ նույն բանը շարունակում են անել»,-վստահ են ծնողները:

Գևորգ Ադրիխանյանի հայրը՝ Բորիկ Կոյտիկովը, որի որդին 44-օրյա պատերազմում զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիում, հիշեց այն խոսքերը, թե կարելի էր կանգնեցնել պատերազմը, բայց կլիներ նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի: «Այն օրվանից հաշված մինչեւ նոյեմբերի 9-ը մոտ 2200 զոհ է եղել: Եթե հոկտեմբերի 19-ին կանգնեցներ պատերազմը, իմ տղան այսօր մեզ հետ կլիներ: Բայց դառը բան կատարվեց ոչ միայն մեր, այլեւ շատերի ընտանիքի հետ ու մենք տեսանք այս ողբը:

Այս կառավարության սխալները բավականին շատ են: Նրանց ստերը, բանակցությունների ժամանակ պայմանավորվածությունները ժողովրդին հայտնի չեն եղել: Կոչ չեմ անում, բայց եկանք, հասանք օրհասական մի պահի, որ ժողովուրդն այս ամենը պետք է շատ լավ ընկալի՝ տեսնելով, թե իր շուրջն ինչ է կատարվում: Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ է հայրենիքը, հողը, տունը: Եվ Հայաստանում ապրող ամեն մի հայ պետք է այնպես անի, որ հանկարծ չհասնի այն աստիճանի, որ տնից տեղից զրկվենք: Ու դրա համար պետք է անենք առավելագույնը:

Կուզեի ժողովուրդը մի բան լավ հասկանար. այս կառավարությանը քննադատելու տեղ արդեն չկա: Ժողովուրդը պիտի ինքն իր մասին մտածի, տեսնի, թե ինքը որտեղ է խաբվել: Պիտի աչքերը բաց անի»,- ասաց զոհված զինծառայողի հայրը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930