Լրահոս
Օրվա լրահոսը

«Նվիրեմ՝ կարող է գրիչի պատմությունը դառնա, կթողնեմ ԱԺ գրադարանում, պարոն Փաշինյան». Արթուր Խաչատրյանը որոշեց նվեր անել վարչապետին

Ապրիլ 10,2024 13:24

«Դուք նոր պետության մոդել եք ներկայացնում, բայց ոչ ծրագրի կատարողական: Այստեղ ինչ ասում եք՝ նոր բան չկա, անցածի շարունակությունն է: Մի տարվա ընթացքում արդյունքների մասին եմ ուզում խոսեք: Խաղաղությունը այնքան հեռու է մեզանից, ինչքան անցյալ տարի այս օրերին, թուրքերը մեր տարածքում են, ինչպես անցյալ տարի այս օրերին:

Ավելին՝ հրապարակային սկզբից Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւն ասաց, որ պետք է տարածքները զիջեք, հիմա տարածքները զիջելու մասին խոսում եք դուք՝ առանց հայելային անդրադարձի: Գոնե ես Ադրբեջանի պետական մակարդակով որեւէ հայտարարություն չեմ լսել, որ դե մենք էլ Ջողազի ջրամբարի հյուսիսը կզիջենք: Ուզում եմ հասկանամ՝ 366 օրվա ընթացքում որեւէ դրական արդյունք այս ծրագիրը մեր պետությանը տվե՞լ է, թե՞ չէ»,- այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը այսպիսի հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Վարչապետը կատարողականի ժամանակ անդրադառնալով բանակցային գործընթացին, ասել էր․ «Երբ խոսում եք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, ես էլի ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում՝ գնացեք եւ վերցրեք նայեք ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնյան գագաթնաժողովը, որտեղ ասվում է, որ, այո, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, եւ ԼՂ-ն պետք է ստանա ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այս ֆորմուլան է, որ մեր քաղաքական վերնախավը երկար ժամանակ թաքցրել է Հայաստանի ժողովրդից։ Ինչո՞ւ եք ժխտում այս իրողությունը»:

Արթուր Խաչատրյանը ճշգրտեց. «Այն փաստաթուղթը, որը դուք անձամբ եք հրապարակել Կապանում, գրված է՝ կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում ԵԱՀԿ կամ ՄԱԿ հովանու ներքո ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը, այսինքն՝ թուրքերն էլ էին գալու 25%-ով, ընդհանուր քվեարկության միջոցով ԼՂ իրավական կարգավիճակի որոշումը պետք է լինի, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին: Այստեղ Ադրբեջանի կազմում լինելու մասին որեւէ պնդում չկա»:

Փաշինյանը պատասխանեց, որ այդ մեջբերումը դիվանագիտական լեզվով վերարտադրությունն է իր ասածի, որովհետեւ խնդիրն այն է, որ մեր քաղաքական վերնախավը ժողովրդին կարդացել են «էդ գիտահետազոտական բառապաշարով». «Ժողովուրդը սենց աչքերով նայում է, ասում է՝ ի՞նչ է գրած, ասել ենք՝ գրած է, որ ԼՂ-ն չպետք է լինի Ադրբեջանի կազմում, մինչդեռ իրականությունը լրիվ հակառակն է, այդտեղ գրված է, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ողջ բնակչությունը եւ 25%-ը պետք է գա, ո՞վ է ասել 25%-ը: Գրված է՝ կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետում, Ադրբեջանն ասելու է՝ շատ լավ, ինձ հետ պետք է համաձայնեցվի, 100 տարի չի լինի էդ հանրաքվեն, թող հետ գան, իրար հետ ապրեն, կտեսնենք՝ դրա կարիքը կա՞, թե՞ չկա: Իսկ երբ ասում եք միջազգային սկզբունքների եւ կանոնների համաձայն, դա ձեւակերպված է ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում, որն ասում է՝ ինքնորոշում Ադրբեջանի կազմում»:

Ըստ Փաշինյանի, ոչ մի տեղ չի գրած, թե ԼՂ բնակչություն ասելով՝ ինչ նկատի ունեն:

Արթուր Խաչատրյանը կարդաց Կազանյան փաստաթուղթը, որտեղ գրած է՝ ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում է 1988-ի ազգային համամասնություններում ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի համամասնությամբ, ինչ եղել է մինչեւ հակամարտության սկիզբը, գրված է միասնական հանրաքվե, այլ ոչ այնպես, ինչպես եղավ Կիպրոսում. «Ինքնորոշումը, այո, ենթադրում է բոլոր տարբերակները, դրա համար էլ ինքնորոշում է»:

Տեսնելով, որ Փաշինյանին համոզել չի լինի, Արթուր Խաչատրյանն ասաց. «Շատ շուտով բանակցությունների գործընթացի մասին իմ աշխատությունը լույս կտեսնի, նվիրեմ՝ կարող է գրիչի պատմությունը դառնա, կթողնեմ ԱԺ գրադարանում, պարոն Փաշինյան, պիտի խնդրեմ ինչ-որ մեկը նայի, թե չէ կլինի կինոյի նման՝ գիտահետազոտական-միտահետազոտական»:

Նա նշեց, որ ԼՂ ինքնորոշման արդյունքում ժողովուրդը կարող է որոշի Զիմբաբվեի մաս դառնալ, բայց տրվում է լայն ընտրություն ու դա է ինքնորոշումը:

Փաշինյանը արձագանքեց, որ այն փաստաթուղթը, որից մեջբերում է պատգամավորը, չի ընդունվել, ինքը հղում է անում այն փաստաթղթերին, որոնք ընդունվել են. «Կազանի փաստաթղթում այդպես գրած էր՝ դուք իշխանություն էլ էիք էդ ժամանակ, ընդդիմություն էլ էիք, լուծեիք, եղբայր, ո՞վ էր ձեզ արգելել: Դա որ եղել է, ես կամ բանտում եմ եղել, կամ բանտից նոր դուրս եկած եմ եղել: Ո՞վ էր ձեզ խանգարում, լուծեիք: 98 թվից իշխանություն էիք: Էդ որ բերել եք ոսկեղենիկ, թե՝ это будет так, անեիք, եղբա՛յր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930