Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Թալալյան. «Ես հասկանում եմ սարսափը մի մարդու, որը հասուն տարիքում բացահայտեց, որ նույն նկարը թանգարանում տարիներով կախված է, ու ոչ ոք դրա վրա «բեղեր» չի նկարում, ջուր չի ցանում, որ լղոզվի»

Օգոստոս 08,2024 17:53 Share

Թավջութակահար Արամ Թալալյանը «Հայելի» ակումբում խոսեց կրթության ու մշակույթի ոլորտում իշխանության վարած քաղաքականության մասին, ինչն իրականացվում է հանրությանը, իբր «մենք ձեզանից մեկն ենք» կեղծ թեզով:

«Ուզում եմ, որ մեր հանրությունը շատ ուշադիր հետեւի այն ամենին, ինչ տեղի է ունենում: Ես շատ մարդկանց գիտեմ, նույնիսկ իմ շրջապատում, որ ասում են՝ ես դրան չեմ նայում, ես զզվում եմ, ես հոգնել եմ: Այս մոտեցումը բերում է նրան, որ սարսափելի բաներ են տեղի ունենում ու հետո, որ մարդկանց տեղյակ ես պահում, ասում են՝ ես չգիտեի ոչինչ: Սա պատասխանատվությունից խուսափելու ընդհանուր տենդենց է:

Հիմա ասում եմ չիմացողների ու չհասկացողների համար: Ես անձամբ իմ աչքով եմ տեսել, իմ ականջով եմ լսել երեք միլիոն վարչապետներից ամենահայտնիին: Եթե չեմ սխալվում, ելույթ էր ունեցել Գյումրիում եւ այնտեղ հայտարարել, որ Երեւանում ոչ մի բուհ չպետք է լինի: Եվ երկրորդ շատ կարեւոր ելույթը, որ գնացել էր 17 –րդ թաղամասի տափաստան եւ, իր երեւակայությանը բուռն զարկ տալով, տափաստանի տարբեր հատվածներ էր ցույց տալիս ու ասում էր, թե այստեղ կլինի մարզադաշտ, այնտեղ՝ համալսարան: Եվ մատը պարզեց մի քարքարոտ տարածքի ուղղությամբ ու ասաց, թե այստեղ կլինի օպերան:

Օպերայում աշխատող իմ սիրելի կոլեգանե՛ր, որ ձեր ղեկավարությունը հրաժարվեց կոնսերվատորիային պաշտպանելու նամակը ստորագրել, հիմա ուշադիր լսեք ինչ եմ ասում: Որ նա ցույց տվեց օպերայի տեղը, դա կատակ չէր: Եթե ամբողջ պետական համալսարանը, որը եթե չեմ սխալվում, տասնյակ շենքեր ունի Երեւանում ու քաղաք է քաղաքի մեջ, եթե դա են տեղափոխելու, օպերան կամ ֆիլհարմոնիան տեղափոխելը ի՞նչ խնդիր է: Հասկանո՞ւմ եք: Մի հատ մոդուլային բան կսարքեն ու կասեն՝ գնացեք ձեր օպերան: Երգում եք, ինչ եք անում, ձեր թառերը, քյամանչաները հավաքեք ու գնացեք այնտեղ:

Հասկանո՞ւմ եք, դա վերաբերելու է բոլորին: Կոնսերվատորիային չպաշտպանեց նաեւ ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը: Ախր, ձեր գործունեության սնունդը գալիս է Երեւանի պետական կոնսերվատորիայից: Այսինքն, բոլորն այնտեղի շրջանավարտներ են: Եվ եթե կոնսերվատորիան ոչնչացնեն, դժվար թե կառավարությունը հատուկ գումարներ տրամադրի, որ Հայաստան գան լեգեոներներ, ինչպես ֆուտբոլի թիմեր են գալիս: Եվրոպացիները դժվար թե այդ աշխատավարձով ուզենան գալ, այստեղ աշխատել»,-ասաց արվեստաբանը:

Արամ Թալալյանը խոսեց նաեւ մեր բոլոր տեսակի «դժգույն թանգարանների» մասին:

«Ես հասկանում եմ սարսափը մի մարդու, որը հասուն տարիքում իր համար բացահայտեց, որ նույն նկարը այնտեղ տարիներով կախված է ու չի փոխվում, որ ոչ ոք այդ նկարի վրա «բեղեր» չի նկարում, ջուր չի ցանում նկարի վրա, որ լղոզվի: Վեց տարի շուտ որ հասկանար, ինձ թվում է, հիմա ընդհանրապես չէինք ունենա այդ թանգարանները: Սա նույն բացահայտումն է, որ վեց տարի առաջ պետք է ասեր, որ Արցախ չի լինելու: Սա նույնպես մի վրիպում, մի վրիպակ էր ու անիմաստ է թանգարանները պահել: Բա Մատենադարա՞նը: Եթե թանգարաններում նկարների մասին ասում է 3, 5, 10 տարի, ուրեմն, Մատենադարանը լրիվ «խայտառակություն է», որովհետեւ այնտեղ ոչ թե տարիների, այլ դարերի ձեռագրերն են, գրքերն են: Ու նրա ասելով՝ մարդիկ հոգնում են, նոր բաներ են պետք:

Ես վստահ եմ, որ սրանք շատ ուրախացան, երբ Գառնիի տաճարում ինչ-որ սատանիստական, հիմար, կիսախելագար շոու էր կազմակերպվել: Եվ քանի որ Գառնին պետական պաշտպանության վայր է, համոզված եմ, որ այդ միջոցառումը պետական ֆինանսավորում ուներ, չէր կարող չունենալ»,-ասաց նա:

Արամ Թալալյանը նաեւ նկատեց, որ վերջին շրջանում խելագարված փառատոների եւ անհասկանալի միջոցառումների շարան է տեղի ունենում: «Դա կապում են երեխաների, ուտելիքի, փուչիկների, հետո թատրոնների, երաժշտության եւ այլնի հետ: Ինչի՞ համար եմ ես դեմ, մանավանդ, երբ դա վերաբերում է երաժշտությանը: Ուզում եմ հարցնել՝ եթե մեր քաղաքապետարանը այդքան հսկայական գումարներ ունի տալու ինչ-որ երաժշտական միջացառումների, կներեք, բայց տարիներով չի բարձրացնում երաժշտության ուսուցիչների աշխատավարձը, որոնք պարտաճանաչ գնում են երեխաներին կրթելու: Եթե այսպիսի հիմար շոուներ կազմակերպելու գումար ունեք, ավելի լավ չի՞ լինի մի փոքր էլ այդ մարդկանց ուշադրության արժանացնեք»,-հարցրեց վաստակաշատ արվեստագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031