«Նախատեսվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին տրամադրել պետական աջակցություն աշխատանքային միգրանտների ներգրավման համար, որոնք իրականացնում են մասնագիտական աշխատանք և համարվում են վարձու աշխատողներ։ Պետական աջակցություն կտրամադրվի աշխատանքային միգրանտի աշխատանքի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի հիսուն տոկոսի չափով»,- ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա նշեց՝ նոր աշխատուժի ներգրավման համար աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների գծով հաշվարկային եկամտահարկի գումարի հարյուր տոկոսի չափով է արտոնություն տրվելու այս ոլորտի տնտեսվարողներին, եթե բոլոր վարձու աշխատողների եռամսյակային միջին թիվը չի գերազանցում 30-ը․ սա հիմնականում վերաբերում է ստարտափերին։
Նախատեսվում են նաև հարկային արտոնություններ։ Մխիթար Հայրապետյանը մանրամասնեց․ «Առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում 2,5 անգամ․ 5 տոկոսի փոխարեն 2 տոկոս սահմանել, մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորություն է նախատեսվում, բայց ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը և այլն»։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Մխիթար Հայրապետյանի ներկայացնելուց հետո ասաց․ «Քանի բարձրախոսս չեն անջատել, արագ մի քանի հարց տամ»։
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ արձագանքեց՝ սա ուրիշ սենյակ է։ Թադևոս Ավետիսյանն էլ ասաց՝ սենյակից չէ, ավելի շատ ինձնից է ու շարունակեց․ «Բավականին հավակնոտ ծրագիր է և կարծում եմ՝ բավականաչափ ուշացած։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այս տարվա վերջին ցուցանիշներով էական անկում է արձանագրել, իսկ այն խնդիրները, որ կան, վաղուց գոյություն ունեն։ Այսպիսի նախաձեռնության հիմքում ինչ-որ հետազոտություն կամ խորքային վերլուծություն կա՞, ինչո՞ւ այս ուղղությունները և ինչո՞ւ արտոնությունների այս չափերը։ Պետությունը զիջում է հարկերով, պետական բյուջեից տալիս է աջակցություն, ինչքանո՞վ է դա ծախսարդյունավետ, ակնկալվող արդյունքը ընդհանրական ու բարի ցանկություններ են, բայց կոնկրետացում է պետք»։
Մխիթար Հայրապետյանն արձագանքեց․ «Կառավարությունը տալիս է այնպիսի բարելավված կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալու չկորցնելու ունեցածը, մեծացնելու տեխնոլոգիական ընկերությունների ներկայացվածությունը ՀՀ-ում, մեծացնելու ինժեներական ներգրավվածությունն այս ոլորտում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































