Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՞րբ ես հատիկ առ հատիկ հետ բերելու Հայաստանից զավթված հողերը», «էն տիպի պարապ ես, որ օրը 4-5 փո՞ստ ես գցում». գրառումներ Փաշինյանի «գնդակահարության պատից»

Դեկտեմբեր 12,2024 14:16 Share

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում «գնդակահարության պատ» է ստեղծել: Նա ակնկալում է գրառման տակ տեսնել օգտատերերի՝ իրեն ուղղված մեղադրանքները, որոնցից, իր կարծիքով, բովանդակայիններին խոստանում է պատասխանել առանձին գրառումներով:

Օրինակ, մի օգտատեր խնդրում է վերանայել ՓՄՁ-ներին վերաբերող հարկերի բարձրացման օրենքը. «Իմ փողոցի վրա արդեն երկրորդ խանութն է փակվում, որովհետև նոր պայմաններում հնարավոր չէ աշխատելը։ Այն բոլոր ենթադրությունները, որ փոքր բիզնեսները պետք է մեծանան, այս պարագայում անիրատեսական են, որովհետև խոսքը իրենց դեպքում գնում է ամենօրյա հացի վաստակի մասին։ Մի քանի անբարեխիղճ գործատուների պատճառով տուժեցին բարեխիղճ հարկատուները։ Հ․Գ․ անձամբ չունեմ ՓՄՁ, բայց չեմ կարող անտարբեր անցնել խնդրի կողքով» ։

Մեկ այլ օգտատեր գրում է, որ Արցախից բռնի տեղահանվածների համար ծրագրերը հիմնականում կազմվել են հապճեպ՝ առանց խորը վերլուծությունների ու կարիքների ուսումնասիրության. «Թեպետ ներկայացրել եք, որ դրանք խորը ուսումնասիրվել են, այնուամենայնիվ, պրակտիկայում տեսնում ենք, որ հակառակն է։ Կան ծրագրեր, որ պատշաճ կերպով չեն լուծում խնդիրները եւ չեն ապահովել անհրաժեշտ արդյունքներ: Որպես տեղահանված հայրենակիցների երկարաժամկետ խնդիրների լուծման պատասխանատու՝ արդյոք ՀՀ կառավարության կողմից մշակված և իրականացվող ծրագրերը լիովին բավարարո՞ւմ են տեղահանվածների կարիքները և ապահովո՞ւմ են համապարփակ ու կայուն սոցիալականացում»։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հարց է հնչեցնում. «Իսկ կարո՞ղ եք գրել՝ քանի քմ տարածք եք նվիրել ադրբեջանցիներին եւ քանի հազար զոհ ենք ունեցել, դե եթե ազնիվ եք գրեք, եւ քանի տոկոսով են ապահովված մեր երկրի սահմանները, ու քանի տոկոս երաշխավորություն եք ապահովում Հայաստանի քաղաքացուն»:

Մեկը Փաշինյանին առաջարկել է «ակվարիումից դուրս գալ» ու լսել Վարդան Ղուկասյանի եթերները՝ երկրում կատարվածին ծանոթանալու համար: Մեկ այլ քաղաքացի խնդրել է մտնել էջմիածնի ոչ կենտրոնական փողոցներ եւ ուղղակի լսել, թե մարդիկ ինչ են խոսում:

«Մենք ամբողջ ընտանիքով գնալու ենք ու ՔՊ-ի դեմ ենք քվեարկելու: Պատրաստվիր նոր կեղծիքների ու վարչական ռեսուրսի օգտագործմանը, դավաճան, որովհետև ազնիվ ճանապարհով դու երբեք չես հաղթի»,-գրել է քաղաքացիներից մեկը:

«Կներեք ձեր խրախճանքը խանգարելու համար՝ իսկ հատիկ առ հատիկ արդյոք պատրաստվո՞ւմ եք հետ բերել ադրբեջանական բանակի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից զավթված տարածքները»,-հարցրել է մեկ ուրիշը։ Մեկն էլ հեգնել է, թե «Հատիկ առ հատիկ» վերնագրով գիրք է հրատարակելու:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հետաքրքրվել է. «Բա քաղաքապետարանի «մութ» գործերին ե՞րբ եք անդրադառնալու։ Մարդիկ բազմիցս բարձրաձայնել են՝ նամակներ գրել, պարզաբանել: Ոչ մի արդյունք» ։

Մարդկանց մտահոգություններից մեկը վերաբերում է 15 տարի ծառայած մարդուն վարժական հավաքների կանչելուն. «Ինչի՞ եք 15 տարի ծառայած մարդուն վարժական հավաքների կանչում, այնինչ շատ մարդիկ կան, որ դրա 10 տոկոսն էլ չեն ծառայել, նրանց խի չեք տանում»:

Մի քաղաքացի գրել է, որ Նիկոլ Փաշինյանը մտել է ժողովրդի գրպանները. « Քո աշխատակազմով օրենքներ եք հորինել, որ օրենքով թալանեք, Աստված տա, ժողովրդից թալանածը չվայելեք, չտեսներ»:

Թմրամիջոցների թեմայով էլ մեկնաբանություն կա. «Եթե երկրում ծաղկում է նարկոբիզնեսը, ուրեմն որպես ղեկավար փայ ունես էդ բիզնեսից…այլ տարբերակ չկա»։ Անգամ առաջարկ կա փակելու թելեգրամը, որովհետեւ քաղաքացու խոսքով, թելեգրամով են տարածվում թմրամիջոցները:

Օգտատերերից մեկը գրում է. «6 տարում քո կուտակած 6 միլիարդ դոլար պետական պարտքից 12 միլիոն դոլար մինուս ենք անում, մնացինք պարտք 5 միլիարդ 988 միլիոն դոլար»։

Մեկին զարմացրել է Փաշինյանի՝ ազատ ժամանակ ունենալը. «Էն տիպի պարապ ես, որ օրը 4-5 հատ փոստ գցես…Նիկարագուայի նախագահը նույնիսկ էսպիսի բան իրեն թույլ չի տա։ Տո ինչ նախագահ, անգամ նախագահի վարորդը չէր անի էն, ինչ դու ես անում ու հանրայնացնում»։

Բյուջեին էլ անդրադարձ կա. «Դու ամոթ ունե՞ս… երկրի էսքան պարտքի ու խնդիրների մեջ թիմդ բյուջեն վատնում է։ Կոռուպցիան օրինականացրել եք, որ ձեզ չասեն գող… »:

Մի քանի մեկնաբանություններ վերաբերվում են արցախցիներին, դրանցից մեկը հետեւյալն է. «Կոպեկների հետեւից եք գնում, 315 միլիարդ վարկ եք փակել արցախցիների անվան տակ, ինչու չե՞ք բացահայտում՝ ինչպես են արնաքամ լինող Արցախում վերջին շնչում մարդիկ միլիարդներ վերցրել, Հայաստանում եւ արտերկրում բիզնեսներ հիմնել, ինչո՞ւ այդ գումարները չեք բռնագանձում եւ բաժանում արցախցիներին, թե դուք էլ ձեր բաժինը ունեք այդտեղ»:

Չնայած իր գրառման մեջ Փաշինյանն իր աջակիցներին հորդորել էր ակտիվ չլինել, որպեսզի իր համար ավելի հեշտ լինի բովանդակային մեղադրանքները գտնելը, այնուամենայնիվ, նրան բազմաթիվ դիֆերամբներ են ձոնվել, օրհնել են, «դուխով, խելացի, հզոր» անվանել, պահանջել են «պողպատել» ու պատժել քաղաքական հակառակորդներին, նրա վարած քաղաքականությունը քննադատողներին:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031