Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի հենց առաջին օրվանից գիտեր՝ հայրենիքի համար օրհասական պահին իր տեղը մարտական դիրքում է». «Ապառաժ»

Դեկտեմբեր 12,2024 14:28 Share

«Ապառաժ». Վահե Ավագյանն Արցախյան 44-օրյա պատերազմի կամավորականներից էր։ Մի երիտասարդ, որ պատերազմի հենց առաջին օրվանից գիտեր՝ Հայրենիքի համար օրհասական պահին իր տեղը մարտական դիրքում է։ Սեպտեմբերի 27-ին նա մեկնեց պատերազմ ու այլևս չվերադաձավ…

Երեք քույրերի մինուճար եղբայր էր Վահեն․ երկար սպասված արու զավակ՝ Ավագյանների ընտանիքում։ Ծնվել է 1989-ի դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտ քաղաքում։

Տաղանդաշատ երեխա էր, փոքրուց աչքի էր ընկնում կավագործության և նկարչության հանդեպ սիրով։ Հաճախակի էր հոր հետ նկարում, կամ կավից հետաքրքիր իրեր պատրաստում։

44-օրյա պատերազմի ժամանակ Վահեն Արցախի Վարանդայի շրջանի «Ջուվառլու» կոչվող տեղամասում էր, որտեղ ծանր ու անհավասար մարտեր էին մղվում։ Վահեն ՑՈՐ-ի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի հրետանավորների հետ էր։ 44-օրյա պատերազմը դաժան էր։ Հարյուրավոր տղաներ էին ընկնում, Արցախը շաղախվում էր նրանց արյամբ։ Օրերն անցնում էին, պատերազմը չէր ավարտվում։

Մոր՝ Սուսաննայի հետ Վահեի վերջին զանգը հոկտեմբերի 12-ին էր, որից հետո հաջորդեցին լռության ծանր ու դաժան օրերը։ Կապը կտրվել էր դիվիզիոնի տղաների հետ։ Օրեր անց հարազատներին էին հասնում գույժերը․ կատարվել է աղետալին․․․Վահեն չէր գտնվում․․․ Միայն 75 օր հետո Վարանդայի շրջանում կատարված որոնողական աշխատանքների արդյունքում գտնվեց Վահեի մարմինը։

Դիվիզիոնի 35 տղաներից ընդամենը 14-ը վերադարձան տուն։ 11 տղաների աճյուններ հողին հանձնվեցին մոտ 1․2 տարի անց։

Քույրը՝ Նարեն, ցավով ու կարոտով է խոսում մինուճար եղբոր մասին։ Դեկտեմբերի 12-ին Վահեի ծննդյան տարեդարձն է, սակայն հարազատները չեն կարողանում այցի գնալ ու ծաղիկ խոնարհել նրա հիշատակին․

-Վահեն չափազանց ազնիվ, բարի, արդարամիտ և սկզբունքային տղա էր։ Նրա տեսակը տարբերվում էր բոլորից․ երբեք չէր չարանում, սրտացավ էր բոլորի հանդեպ։ Սիրում էր կյանքն իր բոլոր երանգներով։ Առատաձեռն էր, մեծահոգի, և այդ էր պատճառը, որ միշտ շրջապատված էր լավ ընկերներով ու բարեկամներով, որոնք անվերապահորեն վստահում էին նրան։ Եղբայրս իր կեցվածքով, մարդկային արժեքներով վառ օրինակ էր բոլորի համար։ Նա օրինակելի որդի էր, սրտացավ եղբայր:

Հայրս, չկարողանալով դիմանալ որդու կորստի ցավին, կյանքից հեռացավ Վահեի զոհվելուց մեկ տարի հետո։ Այսօր հայր ու որդի՝ իրար փարված, հավերժված են Արցախի հողին, որը, ցավոք, այլևս մերը չէ։

Այսօր քո ծննդյան տարելիցն է, դու կդառնայիր 35 տարեկան։ Շնորհավոր երկնային ծնունդդ, Վահե։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031