Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

«Ասում են՝ այո, խախտել ենք, շնորհակալություն, տուգանքը վճարեցինք։ Երբ տուգանքի ծավալը մեծացնենք, չեն խախտի»․ Գևորգ Պապոյանը՝ ծխախոտ արտադրողների մասին

Մայիս 05,2025 19:03 Share

«2024-ին մի շարք տեղական արտադրողներ ցավոք, իրենց արտադրանքն այդպես էլ չհամապատասխանեցրին սահմանվող պահանջներին և շարունակում էին արտադրել ու շրջանառության մեջ դնել հին տեքստերով ծխախոտի տուփեր առանց գրաֆիկական նախազգուշացումների»,-ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Նշենք, որ 2024-ի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» դրույթներով սահմանված պահանջները: Ըստ այդմ՝ ծխախոտային արտադրանքի սպառողական տուփերի վրա պետք է տեղադրվեն գրաֆիկական նախազգուշացումներով պատկերներ, որոնք կիրազեկեն սպառողներին, թե ինչպիսի հետեւանք կունենա ծխելն իրենց առողջության վրա:

Գևորգ Պապոյանն ասաց՝ շատ ծխախոտ արտադրողներ ժամանակ են խնդրում, որպեսզի արդեն արտադրված խմբաքանակը սպառվի, սակայն այդպես էլ փոփոխությունները չեն կատարում․ «Իրականում գործում է առաջին հերթին անարդար մրցակցության գործոնը։ Մենք ունենք բազմաթիվ արտադրողներ, որոնք պահպանում են այդ պահանջները, բայց կան նրանք, որոնք չեն կատարում պահանջները, ինչն անարդար մոտեցում է սպառողների, մրցակիցների նկատմամբ, ինչպես նաև հասարակության նկատմամբ անարդար վերաբերմունք։

Այն տնտեսվարողները, որոնք պահպանում են պահանջները, ստիպված են լինում ավելացնել ծախսերը, բարձրացնել արտադրանքի գինը, ինչը նման իրավիճակներում անարդար մրցակցային պայմաններ է ստեղծում։ Հին տեսքով արտադրանքը հերիք չէ էժան է, նաև տեսքն էլ է շատ ավելի գեղեցիկ։ Նոր պահանջները հենց նրա համար են ստեղծվել, որ գեղեցիկ տեսք չունենա ծխախոտի տուփը և մարդու մոտ առաջացնի չծխելու ներքին իմպուլսներ։ Գործող տուգանքը ծանր բեռ չէ, 400 հազար դրամ տուգանք է։ Ծխախոտի արտադրությամբ զբաղվող շատ ընկերությունների համար այդ տուգանքը որևէ ազդեցություն չի ունենա՝ հաշվի առնելով շահութաբերության մակարդակը։ Տնտեսվարողներն ընդունում են, որ խախտում են և պարտաճանաչ ու մեծ հաճույքով վճարում են 400 հազար դրամները։ Ասում են՝ այո, խախտել ենք, շնորհակալություն, տուգանքը վճարեցինք։ Երբ տուգանքի ծավալը մեծացնենք, չեն խախտի կամ այնքան կվճարեն, որ հասարակությանը և մրցակիցներին տված վնասն էական չափով կփոխհատուցվի»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031