Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի գործողությունները հետապնդում են երկարաժամկետ նպատակներ՝ ուղղված առհասարակ Իսլամական հանրապետության դիրքերի թուլացմանը, վերականգնման հնարավորությունների սահմանափակմանը և ընդհուպ մինչև գոյությանը․ «Իրանն այսօր»

Հունիս 14,2025 20:54

«Իրանն այսօր» տելեգրամյան ալիքն ամփոփում է տվյալ պահի իրավիճակը․

Իրանի դեմ Իսրայելի գործողությունները հունիսի 13-ով չեն սկսվում։ Նախքան Իրանի դեմ ուղիղ գործելը, Իսրայելը լրջորեն սահմանափակեց տարածաշրջանում Իրանի գլխավոր պրոքսի ուժին՝ Հեզբոլլահին։ Սիրիայում Ասադի տապալմամբ՝ Իրանը կորցրեց նաև ամենակարևոր դաշնակիցներից մեկին։ Այսօր տարածաշրջանում Իրանին աջակցող հիմնական ուժ են մնացել Եմենի հութիները, որոնց դեմ ևս պարբերաբար հարձակումներ են լինում։

Իրան-Իսրայել հակամարտությունը վերածվեց անմիջական առճակատման 2024 թ․ ապրիլից սկսած՝ Դամասկոսում Իրանի դեսպանատան թիրախավորումից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր Իսրայելն Իրանի դեմ երեք, Իրանը՝ պատասխան երկու գործողություն են ձեռնարկել։ 2024 հոկտեմբերի վերջի գործողությանն Իրանն այդպես էլ չէր պատասխանել։

Իրանի դեպքում դրանք սեփական տարածքից Իսրայելի դեմ երբևէ իրականացրած առաջին գործողություններն էին։ Իսրայելը նախկինում Իրանի դեմ տարատեսակ դիվերսիաներ, ինչպես նաև միջուկային գիտնականների սպանություններ էր կազմակերպել։

Նոր գործողությունը

Հունիսի 13-ին Իրանի դեմ մեկնարկած հարձակումն ամենալայնածավալն է։ Երեկվա դրությամբ Իսրայելի գործողություններում կարելի էր նախանշել թիրախային հետևյալ հիմնական ուղղությունները՝

  • ՀՕՊ միջոցներ,
  • հրթիռային օբյեկտներ, այդ թվում՝ արձակման կայաններ,
  • ավիաբազաներ,
  • միջուկային օբյեկտներ,
  • բարձրաստիճան զինվորականության,
  • միջուկային գիտնականների սպանություններ։
  • Այսօր արդեն թիրախավորվել են նաև նավթագազային օբյեկտներ։

Ընդ որում՝ Իսրայելի հարձակումներն իրագործվում են ոչ միայն կործանիչներից, այլև նախօրոք Իրանի ներսում տեղակայված համակարգերից, ԱԹՍ-ներից։

Իսրայելի նպատակները

Այս ուղղությունները ցույց են տալիս, որ Իսրայելի վերջնանպատակը միայն Իրանի միջուկային պոտենցիալը սահմանափակել/ չեզոքացնելը չէ, քանի որ միայն հարվածներով ու առանցքային գիտնականների սպանություններով դա վերջնական հնարավոր չէ։

Իսրայելը փորձում է միաժամանակ սահմանափակել/ չեզոքացնել Իրանի հարձակողական, պաշտպանական հնարավորությունները, այդ պատճառով են թիրախավորվում ավիաբազաները, հրթիռային օբյեկտները։

Իսրայելի գործողությունների մյուս կարևոր բաղադրիչը քարոզչական տիրույթում է՝ ուղղված Իրանի հանրությանը։ Իրանի հասարակությանն արդեն ընդվզելու մի քանի կոչ է արվել։ Նման կոչով է հանդես եկել նաև Իրանի վերջին շահի որդին՝ ամերիկաբնակ Ռեզա Փահլավին։ Փաստացի, փորձ է կատարվում իրավիճակն օգտագործել Իրանի վարչակարգի դեմ ընդվզումներ առաջացնելու համար։

Հենց վարչակարգի փոփոխությունը կամ Իրանում քաոսի առաջացումը կարող է լինել Իսրայելի համար ամենալավ արդյունքը։ Բայց այս պահի դրությամբ ընդվզման ցուցիչներ չկան։ Հակառակը՝ իշխանությունները մոբիլիզացրել են իրենց զանգվածին՝ ցույց տալու, որ աջակցութուն են վայելում։

Բայց սա նաև չի նշանակում, որ առաջիկայում դրանք չեն կարող լինել։ Դրանք կարող են լինել հատկապես այն ժամանակ, երբ պատժամիջոցների պայմաններում իրանցին ավելի շատ կզգա Իսրայելի գործողությունների տնտեսական հետևանքները։

Նույն նավթագազային օբյեկտների թիրախավորումը տնտեսական առումով վտանագավոր է ոչ միայն արտահանումների նվազեցման տեսանկյունից (իսկ հատկապես նավթի արտահանումն Իրանի համար եկամուտի կարևոր աղբյուր էր ու առանց այդ էլ հեշտ չէր իրագործվում), այլև հենց երկրի ներսում պահանջարկի բավարարման առումով (այս հարցում էլ Իրանն արդեն իսկ լուրջ ճգնաժամի առջև էր)։

Եզրակացություն

Երկու կողմից էլ քարոզչական բովանդակությունը շատ է ու այդ պայմաններում դժվար է գնահատել կողմերին հասցված վնասի չափը (ես ինքս կխուսափեմ գնահատականներ տալ)։ Առաջնային դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ Իսրայելն ավելի շատ օբյեկտներ է թիրախավորել և խոցել Իրանում, քան հակառակը։ Բայց հարցն այստեղ պարզապես թիրախավորված օբյետների քանակը չեն։ Իրանին հասցված վնասը բազմաշերտ է, ենթակառուցվածքները՝ ռազմավարական ու վերականգնելու երկար ժամանակ է պահանջվելու։

Եվ կախված նրանից, թե Իսրայելի գործողությունները դեռ որքան կշարունակվեն ու էլի ինչ թիրախներ կընդգրկեն (օրինակ՝ ավելի շատ քաոսի համար տնտեսական ենթակառուցվածքներ), Իրանին կարող է սպասվել ճգնաժամ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պետական համակարգի ներսում ու ինստիտուտների փոխհարաբերություններում։ Ըստ այդմ՝ առայժմ կարելի է արձանագրել, որ Իսրայելի գործողությունները հետապնդում են երկարաժամկետ նպատակներ՝ ուղղված առհասարակ Իսլամական հանրապետության դիրքերի թուլացմանը, վերականգնման հնարավորությունների սահմանափակմանը և ընդհուպ մինչև գոյությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30