Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտակ Գալստյանը գտնվում է տնային կալանքի տակ, նպատակահարմար չենք համարում նրա լիազորությունները դադարեցնել»․ ավագանու որոշումը

Հունիս 24,2025 10:37

Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգից հանվեց «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը։ Այս նախագծի հեղինակը Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն է, նա առաջարկում էր վաղաժամկետ դադարեցնել Արտակ Գալստյանի լիազորությունները՝ հիմնավորելով, որ Գալստյանը չի ներկայացել ավագանու բոլոր՝ հերթական եւ արտահերթ 17 նիստերից 17-ին։ Ավագանու անդամի լիազորությունները ստանձնելուց հետո Գալստյանը բացակայել է հանձնաժողովի բոլոր 11 նիստերից։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է․ «Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից: Համաձայն Երևան քաղաքի ավագանու 26 հոկտեմբերի 2021թ. N 454-Ա որոշման 4-րդ կետի` Երևան քաղաքի ավագանու հերթական նիստից անհարգելի բացակայություն է համարվում, եթե ավագանու անդամը չի մասնակցել նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քվեարկությունների գրանցումների ավելի քան կեսին»։

Նշենք, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը ներկայում տնային կալանքի տակ է։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Արտակ Գալստյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի շորթում, խարդախություն եւ փողերի լվացում կատարելու համար։

«Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանն ավագանու նիստի մեկնարկին առաջարկեց հարցն ընդհանրապես հանել օրակարգից, քանի որ իրավական հարցերի հանձնաժողովում նախագիծը ստացել է բացասական եզրակացություն։

ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց, որ հարցի էության հետ կապված դեռեւս 2024 թվականի փետրվարին դիրքորոշում հնչեցրել են։ «Քանի որ տվյալ անձը գտնվում է անազատության մեջ՝ տնային կալանքի տակ, այդ պայմաններում մենք այս պահին նպատակահարմար չենք համարում լիազորությունները դադարեցնել։ Հետեւաբար, մենք կողմ կքվեարկենք հարցը հանելու առաջարկին»,- ասաց Գալջյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ավագանին 38 կողմ ձայնով որոշեց նախագիծը հանել օրակարգից։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30